«Բարի մամա»-ն արդեն երեք տարի է՝ աջակցում է մանկատան երեխաներին եւ հաշմանդամություն ունեցող փոքրիկների ընտանիքներին։ Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս Ամանորին ընդառաջ կազմակերպության անդամներն իրականացնում են «Բարի Ամանոր» բարեգործական նախագիծը։ «Երեւան Մոլ»-ում երեկ բացվել է «Բարի կղզին», որի նպատակն է հավաքել ֆինանսական միջոցներ «Բարի տնակ» ներառական կենտրոնի կառուցման համար, նաեւ նվերներ՝ մանկատան սաներին եւ հաշմանդամություն ունեցող ծնողազուրկ երեխաներին ուրախ Ամանոր պարգեւելու համար։
BRAVO.am-ը ներկա է եղել բարեգործական ակցիայի մեկնարկին, որի ընթացքում փոքրիկները պատրաստում էին ամանորյա խաղալիքներ, իսկ մեծահասակները հանգանակում գումար, նաեւ մեծ արկղում թողնում նվերներ։ «Բարի Ամանոր»-ն ավելի լայն տարածելու համար «Բարի մամա»-ն խնդրել էր հայտնիներին նվերներ բերել մանկատան սաների համար: Իրենց մասնակցությունն ունեցան ՀԿ-ի կամավորները, նաեւ Եգոր Գլումովը, Իրինա Թովմասյանը, Նելլին, Շուշան Պետրոսյանը, Գոշը եւ շատ ուրիշներ:
Եգոր Գլումովը՝ «Բարի մամա»-ի բարեգործական միջոցառմանը
«Բարի մամա»-ի ղեկավար Մարինա Ադուլյանի փոխանցմամբ՝ ակցիայի մեկնարկի օրը պատահական չեն ընտրել. նոյեմբերի 28-ին աշխարհում նշվում է «Առատ երեքշաբթին»՝ օր, երբ բոլորը բարեգործություն են անում:
«Այստեղ մարդիկ են, ովքեր անտարբեր չեն մեր կարիքն ունեցող երեխաների հանդեպ։ Շնորհակալ ենք, որ շատ զբաղված լինելով հանդերձ, չեն անտեսում ու գալիս են բարի գործ անելու։ Հանգանակվող գումարը Բարի տնակի կառուցման համար է, որն ապաստան է դառնալու այն մայրերի համար, ովքեր չեն ցանկանում լքել իրենց փոքրիկներին։ Բարի տնակը կլինի մանկատան սաների թերապիաների կենտրոն եւ տուն մանկատան հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ չափահաս սաների համար: Եվ կարեւոր է գիտակցել, որ յուրաքանչյուրս, ընդամենը 500 դրամ նվիրաբերելով, կարող ենք փոխել երեխաների կյանքը»,- նշել է Մարինան։
Մարինա Ադուլյանը եւ Իրինա Թովմասյանը
Իրինա Թովմասյանն առաջիններից է, ով «Բարի մամա»-ի ստեղծման օրվանից աջակցում է նախաձեռնությանը.«Հիանում եմ այս բարի մայրիկների արածով, որ գնում են մանկատներ, խնամում ու օգնում են երեխաներին։ Նաեւ աջակցում են ընտանիքներին, որ փոքրիկներին չհանձնեն մանկատուն, հազարավոր լավ այլ գործեր են անում։ Նույնիսկ վատ եմ զգում, որ երբեմն ակտիվ չեմ մասնակցում, բայց ինձ երջանիկ եմ զգում, երբ Մարինան զանգում է, ես էլ կարողանում եմ օգնել։ Արդեն հինգերորդ տարին է՝ Ամանորի նախաշեմին պատանի երգիչների, Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ այցելում ենք երեխաներին։ Ուրախ եմ, որ այս նվերների մի մասը հենց այդ բալիկների համար է»։
Երգչուհի, ռեժիսոր Նելլին եւս ընտանիքի հետ միացել է նախաձեռնությանը.«Ուրախ եմ, որ աղջիկներս էլ կարող են մասնակցել։ Մեծ աղջկաս նախապես ասել էի, որ նվեր ենք պատրաստում այն բալիկների համար, որոնց կուրախացնի այն։ Նա սրտանց ուզում էր մասնակցել, ոգեւորված սպասում էր, թե ում պետք է փոխանցի նվերը։ Կարեւոր է, որ մանկապարտեզի տարիքից երեխան ունենա ուրիշներին օգնելու հատկությունը։ Պետք է բոլորս մի լավ քայլ, լավ գործ անենք, որը մեր օրերում պակասում է»։
Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ՝ «Բարի մամա»-ի բարեգործական միջոցառմանը
Հավելենք, որ մեծ արկղը «Երեւան Մոլ»-ում տեղադրված կլինի մինչեւ հունվարի 13-ը։ Կարող եք փոխանցել նվերներ կամ հանգանակել գումար Բարի տնակի կառուցման համար։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տիգրան Անդրյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: