×


Հանրահայտ Cirque du Soleil-ը տեսաակնարկ է պատրաստել թավջութակահարուհի Արփենիկի մասին

Կրկեսային ներկայացումների ոլորտում մեծ համբավ վայելող «Cirque du Soleil» կանադական ընկերությունն ինքնակենսագրական հոլովակ է նկարահանել թավջութակահար, երգչուհի Արփենիկ Հակոբյանի մասին:

BRAVO.am-ի հետ զրույցում Արփենիկը պատմել է «Արեւի կրկես»-ում որպես արտիստ ընդգրկվելու բարդությունների, նոր համագործակցությունների, ինչպես նաեւ հայրենիքում ելույթ ունենալու նպատակի մասին:

Արփենիկ Հակոբյանը


«Cirque du Soleil»-ում Արփենիկն առաջին հայ արտիստն է, ով հնարավորություն է ստացել հոլովակի միջոցով պատմել ոչ միայն իր գործունեության եւ առօրյայի, այլեւ հայկական արմատների մասին.

«Ինձ նվիրված հոլովակը պատմում է, թե ինչ է նշանակում լինել այդ կրկեսի արտիստ՝ իմ առօրյան, հետաքրքրությունները, մարդկային որակներն ու առանձնահատկությունները: Ակնարկի հերոսներին ընտրում են հենց իրենք՝ առանձնացնելով առավել վառ կերպարներին, եւ պետք է նշեմ, որ ես ոչ միայն առաջին հայ արտիստն եմ, ում մասին հոլովակ նկարահանվեց, այլեւ մեր շոուի երաժիշտներից եմ միակը»:



Հաջողությունը վայելելը շատ հաճելի է, բայց դրան հասնելու ճանապարհը, երաժշտի խոսքով, այնքան էլ հեշտ չի եղել.«Արեւի կրկեսում ներկայանալու համար երեք տարի նվագել եմ շատ բարդ ու լուրջ մրցույթներում: Ներկայացել եմ ոչ միայն որպես թավջութակահարուհի, այլեւ՝ որպես ջազ երգչուհի, եւ արդեն «Axel» ներկայացման համար հայտարարված մրցույթում, որում այժմ զբաղված եմ, 26 արտիստներից ընտրվել՝ հաղթահարելով մրցութային բոլոր փուլերը:

«Axel»-ը սառցե շոու է, որի շրջանակում յուրաքանչյուր քաղաքում, որտեղ լինում ենք, մեկ օրում մեզ համար պատրաստվում են բոլոր դեկորներն, ու կատարվում է ձեւավորումը: Աշխատանքային գրաֆիկը շատ հագեցած է, բայց միեւնույն ժամանակ՝ շատ հաճելի:

Արտիստները շուրջ 29 երկրից են, բայց բոլորս ապրում ենք մեկ ընտանիքի պես. եթե որեւէ մեկը հիվանդանում է, բոլորն իրար են խառնվում (ծիծաղում է,-հեղ.)»:

«Cirque du Soleil»-ի բենդը


«Axel» սառցե շոուի ներկայացումները կշարունակվեն մինչ դեկտեմբերի 29-ը, իսկ արդեն 2020-ին երաժիշտը նոր համագործակցություն կունենա «Cirque du Soleil»-ի հետ.

«Հաջորդ տարի «Արեւի կրկեսը» պատրաստվում է ներկայացնել իր ամենամեծ բյուջեով շոուն, որի շրջանակում կլինեն շատ հետաքրքիր համագործակցություններ: Բեմի դիզայներն աշխարհահռչակ Էս Դեւլինն է, ով համագործակցել է Մադոննայի, Բեյոնսեի եւ էլի շատ արտիստների հետ: Սա մեծ շոու-ծրագիր է, որը ցուցադրվելու է աշխարհի խոշորագույն քաղաքներում՝ Տոկիոյում, Բեռլինում եւ այլուր»:

Արփենիկը չի մոռացել նաեւ հայ հանդիսատեսին.«Երբ լինում եմ հայրենիքում, միշտ ներկայանում եմ համերգով: Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Լոս Անջելեսում մենահամերգ ունեցա տեղի հայ հանդիսատեսի համար ու հասկացա, որ ջազ երաժշտության պահանջարկն աստիճանաբար մեծանում է: Խոստանում եմ՝ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին, երբ կկարողանամ գալ Հայաստան, կներկայանամ նաեւ իմ հայ հանդիսատեսին»:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արփենիկ Հակոբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW