Այսօր Հայաստան է ժամանել ամերիկաբնակ երգիչ Հարութ Բալյանը: Մինչ վաղը լրագրողների հետ հանդիպելը, նա առաջինը BRAVO.am-ին պատմել է, թե ինչ նպատակով է հայրենիքում.«Այցս գործնական է, բացի այդ, եկել եմ ընկերներիս հանդիպելու ու կարոտս առնելու: 2010 թվականից հետո չէի տեսել աշնանային Երեւանը»:
Արման Հովհաննիսյանը եւ Հարութ Բալյանը
Այստեղ նա ներկայացնելու է գարնանը Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում տեղի ունեցած իր մենահամերգի DVD տարբերակը.«Ելույթ եմ ունեցել ճոխ ու աշխարհահռչակ համերգասրահում` կատարելով ինչպես արդեն հայտնի երգերս, այնպես էլ նոր գործեր` «Հայաստան», «Քամանչա», եւ զուգերգեր Չիոմայի եւ Կլարա Էլիասի հետ: Համերգն անցել է լուսային նոր ձեւավորմամբ ու նոր շնչով»,-ասել է նա` տեղեկացնելով, որ տեսասկավառակը նախատեսված չէ վաճառքի համար, նաեւ հասանելի է YouTube-ում:
Հարութը մտադիր է հայրենիքում հանդիպել ընկերներին` Արման Հովհաննիսյանին, Արթուր Առաքելյանին, Սուրեն Սահակյանին եւ այլ երգիչների.«Ամեն օր էլ շփվում եմ նրանց հետ. օրը մի քանի անգամ խոսում ենք: Շատ ընկերասեր մարդ եմ, այցիս ընթացքում հաստատ միասին կնստենք որեւէ տեղ, ջան կասենք ու ջան կլսենք»:
Հարութ Բալյանը եւ Չիոման
Երգիչն անձնական նորություններ չունի, նշում է` դրան խանգարող հանգամանք չկա, սակայն Աստված երբ կամենա, այն ժամանակ էլ ընտանիք կկազմի.«Թող մեկ անգամ լինի ու վերջնական: Իսկ եթե չի լինում, ուրեմն ես դեռ անելիքներ ունեմ»:
Հարութից հետաքրքրվել ենք` կնախընտրի հարսանիք անել օվկիանոսից այն կողմ, թե հայրենիքում.«Դա երկրորդական հարց է, կարեւորը երջանկությունն է: Մի բան հաստատ է` հայկական ավանդական հարսանիք կանենք»:
Առաջիկայում նա երկրպագուներին նոր երգեր կներկայացնի, նաեւ պլանավորում է հաջորդ տարի մենահամերգ ունենալ Հայաստանում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Հարութ Բալյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: