×


Մահացել է Ջիվան Գասպարյանի կինը

Կյանքից հեռացել է պարուհի Աստղիկ Զարգարյանը` հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կինը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Աստղիկ Զարգարյանը եւ Ջիվան Գասպարյանը


Աստղիկ Արտաշի Զարգարյանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 21-ին` Երեւանում: Սովորել է Երեւանի պարարվեստի եւ պլաստիկայի խորեոգրաֆիկ դպրոցի դասական պարի բաժնում: Կրթությունը շարունակել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բաժնում: Այնուհանդերձ, նրա իրական կոչումը եղել է պարը:

Աստղիկ Զարգարյանը ընդունվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ մասնակցություն է ունեցել մի շարք  ներկայացումներին: Մի քանի տարի անց` 1948 թվականին, նա ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ, որտեղ պարել է ավելի քան քսան տարի եւ որտեղ էլ կայացել է նրա ճակատագրական հանդիպումը մեծ վարպետի հետ:

Աստղիկ Զարգարյանը


Աստղիկ Զարգարյանը հանդիսատեսին ներկայացել է ինչպես հայկական, այնպես էլ այլ ժողովուրդների պարերով` ռուսական, ուկրաինական, վրացական: Առանձնապես հիշարժան են նրա «Մախմուր աղջիկ», «Սարերի հովին մեռնեմ» եւ այլ մենապարերը: Նա հայկական պարարվեստը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրներում, արժանացել բազում մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի:

Աստղիկ Զարգարյանի հոգեհանգստյան արարողությունը կկայանա օգոստոսի 23-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը հաջորդ օրը` օգոստոսի 24-ին:

Ցավակցում ենք Ջիվան Գասպարյանի ընտանիքին:


Ինֆորմացիան եւ լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW