×


Մահացել է դիրիժոր Արամ Ղարաբեկյանը

Այսօր` հունվարի 11-ին, 58 տարեկանում Միացյալ Նահանգներում մահացել է անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է Շուշան Պետրոսյանը` ցավով նշելով, որ այդ  մասին իրեն հայտնել են ԱՄՆ-ից:

Դիրիժոր Արամ Ղարաբեկյանը


BRAVO.am-ը ցավակցում է Արամ Ղարաբեկյանի հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:

Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. հուլիսի 7-ին, Բոստոնում: Սովորել է Բոստոնի «New England» կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում: Դիրիժորական արվեստ է սովորել Ֆրանկո Ֆերարայի մոտ: 1979թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Ս. Չելիբիդակեի աշակերտը: Սովորել է նաեւ Ջ. Դրուգմանի եւ Լ. Բերնշտայնի մոտ: Եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: 1983թ. հիմնել է Բոստոնի «Սիմֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991 թվականը: Աշխատել է Կիեւի ռադիո եւ հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ միասին թողարկել է «Ռոմեո եւ Ջուլիետ» սկավառակը, որից հետո Ուկրաինայի մշակույթի նախարարը դիրիժորին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Ղեկավարել է նաև Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը եւ Օպերայի եւ բալետի թատրոնը: Աշխատել է նաեւ Զագրեբի սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես հրավիրված դիրիժոր: Հետագայում ղեկավարել է մի շարք նվագախմբեր: 1999թ. ամանորի նախաշեմին 6 տարբեր երկրներից կազմված նվագախմբով հանդես է եկել նոր հազարամյակին նվիրված համերգային ծրագրով, Չինաստանի Խանչջոու քաղաքում, որտեղ ներկայացրել է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: 1988թ. արժանացել է ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների եւ խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989թ.`  Լյուսիեն Վուլսինի մրցանակին: Արժանացել է նաեւ Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին, 2007թ.`  ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:

BRAVO.am
Կենսագրական տվյալները` avproduction.am-ից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW