Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր կյանքից հեռացել է անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանը: Երեկ նա դարձել էր 81 տարեկան: Լուրը հաստատել են Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնից:
BRAVO.am-ը ցավակցում է Ալբերտ Մկրտչյանի հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:
Ալբերտ եւ Մհեր Մկրտչյանները
Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937թ. փետրվարի 27-ին՝ Գյումրիում: Դերասան Մհեր Մկրտչյանի եղբայրն է: 1960թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական, 1971թ.` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական բաժինները: 1960-66թթ. եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971թ.-ից` «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1995-99թթ.` Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, 2003-15թթ.` Երեւանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1980-2001թթ դասավանդել է Երեւանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (1995թ.-ից` պրոֆեսոր), 2001թ.-ից` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:
Հետեւյալ ֆիլմերի ռեժիսորն է՝ «Հուշարձան» (1971թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979թ., ՀՀ պետական մրցանակ), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1985թ., երկուսն էլ` ՀՀ պետական մրցանակ), «Ուրախ ավտոբուս» (2000թ., ՀՀ Պետական մրցանակ) եւ այլն: Թատրոնում բեմադրել է Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», «Ավերված քաղաքի մեղեդին», Գ. Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» եւ այլ պիեսներ:
2000թ. պարգեւատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2007թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: 2003թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի:
Թոփ լուսանկարը՝ BRAVO.am-ի
Կենսագրական տվյալները՝ avproduction.am-ի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: