«Օրուգիշեր աշխատել ոչ միայն շքեղ ապրելու, այլ նաեւ աշխարհը տեսնելու եւ ճանաչելու համար: Մեքենաներ, բնակարան ունենալն, իհարկե, լավ է, բայց երբեւէ չի համեմատվի ճամփորդելու հետ: Այն մարդու նոր տեսակ, աշխարհայացք է ձեւավորում»՝ հենց այսպիսի մոտեցում ունեն ամուսիններ Մայա Պողոսյանն ու Ավետիս Խախամյանը:
Զույգն օրերս է վերադարձել Դուբայից, ուր հաճախ են մեկնում ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակով: Մայայի խոսքով՝ հատկապես ձմռանն այս քաղաքն ամենից հարմարն է ընտանեկան հանգստի համար: Համեմատաբար կարճատեւ թռիչք, արեւ եւ ընկերներ, որոնց կարոտում են:
Մայա Պողոսյանի ընտանիքը
«Մեր ընտանեկան հանգիստը միշտ շատ լավ է անցնում: Անցած տարի Ամանորը դիմավորել ենք հենց անապատի ճանապարհին. բոլորովին կապ չունի վայրը, եթե միասին ենք, ուրեմն ամեն ինչ հրաշալի է: Բալի, Իսպանիա, Թաիլանդ եւ այսպես շարունակ: Յուրաքանչյուրն իր հետաքրքրությունն ունի: Տպավորությունները տարբեր են: Թանկ են ապրումները, որոնք հագեցնում են քո կյանքը: Հետո արդեն մեծ տարիքում հենց այդ օրերն ենք հիշելու»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Մայան եւ հավելել, որ փոքրիկ Ալեքսանդրի հետ ճամփորդելիս նախապես ընտրում են վայրն ու պայմանները: Այն պետք համապատասխանի նաեւ որդու նախասիրություններին:
Զբոսանք այգիներում, այցելություն «Ferrari Park», հանդիպում ընկերների հետ. ընտանիքի հանգիստը ստացվել է.«Այս տարի որդիս տարվել է դինոզավրերով: Շատ խաղալիքներ ունի, անգամ տարեդարձի տորթն էր այդ թեմայով: Փնտրեցինք եւ գտանք այգի, որտեղ ատրակցիոններն ու արձանները դինոզավրի պատկերներով էին: Ալեքսանդրն իրեն հիանալի էր զգում: Քանի որ այս տարի համեմատաբար ցուրտ էր, «Ատլանտիս» ջրաշխարհ չգնացինք»,-պատմել է նա:
Մայա Պողոսյանը
Խոսելով նախընտրելի երկրների մասին` Մայան առանձնացրել է Իտալիան: Եվրոպական առաջին երկիրն է, ուր ամուսնու հետ են մեկնել: Դեռեւս չի ստացվել կրկնել այդ ճամփորդությունը: Անմոռանալի է համարում Փարիզը, որտեղ անց են կացրել իրենց մեղրամիսը: Այս տարի`ամուսնության 10-ամյակի առթիվ, որոշել են կրկնել այդ ուղեւորությունը:
Ի դեպ, նրանից հետաքրքրվել ենք միշտ բարեկազմ ու խնամված լինելու գաղտնիքի մասին: Պարզվում է՝ նա օրական քնում է շուրջ երեք ժամ.«Չգիտեմ՝ այդ ռիթմով ինչքան կդիմանամ(ծիծաղում է, -հեղ.)»: Կարծում է` ցանկության դեպքում կինը կարող է համատեղել երեխայի խնամքն ու աշխատանքը` չմոռանալով հետեւել նաեւ իր արտաքինին:
«Ես էլ շատերի նման դիմում եմ դայակի օգնությանը: Խնդիրն ամեն ինչ, ըստ կարեւորության, ժամանակի մեջ դասավորելն է: Բոլոր տեղերից միշտ ուշանում եմ»,-ասել է նա եւ հավելել, որ մարզասրահ այցելում է, երբ ազատ ժամանակ է գտնում: Երբեմն խիստ գրաֆիկով է մարզվում, շատ լուրջ պարապում, հետո մի պահ է գալիս, երբ ձանձրանում է: Իր խոսքով` հիմա այդ պահն է: Իսկ հատուկ սննդակարգերի չի կարողանում հետեւել. գիշերն անպայման խախտում է: Քաշը միշտ մի քանի կգ-ով ավելանում կամ պակասում է: Իրեն ավելի լավ է զգում թեթեւ քաշով:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Մայա Պողոսյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: