×


Մաշա Մնջոյան.«Կտեղափոխվեմ, թե՝ ոչ, ապագան ցույց կտա»

Մաշա Մնջոյանն օրեր առաջ վերադարձել է Ավստրալիայից, իսկ թե ինչ առիթով էր այս անգամ մեկնել, պատմել է BRAVO.am-ին։ Մարտի 6-ին Սիդնեյում կայացել է երաժիշտ Արա Գեւորգյանի համերգը, որին մասնակցել են նրա ղեկավարած անսամբլը, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Միացյալ Նահանգներից ժամանած «Գեւորգյան» պարի ակադեմիայի պարողները, նաեւ Արա Գեւորգյանի երեխաները՝ հարվածային գործիքներ նվագող Դավիթն ու ռեժիսորական աշխատանքով զբաղվող Անին։

Մաշա Մնջոյանը


22-ամյա երգչուհին կատարել է Արա Գեւորգյանի «Ադանա» երգը, որի անգլերեն խոսքերի հեղինակը Դենիել Դեքերն է.«Այդ տարբերակն ընտրվեց, որպեսզի այլազգիներն էլ հասկանան: Շատ բախտավոր եմ, որ այդքան լավ երաժիշտների հետ աշխատեցի: Չնայած տարիքային տարբերությանը՝ ճանապարհի լավ ընկերներ էին, ինչն ամենակարեւորն է»։

«Հայաստանի ձայնը 1» նախագծի հաղթողն Ավստրալիայում էր արդեն 4-րդ անգամ: Նրա նախորդ այցերին անդրադարձել ենք.«Քանի որ բարեկամներս այնտեղ են, խմբից տասն օր ավելի մնացի։ Այլ ելույթներ չեմ ունեցել, բայց ծանոթացել եմ հայ  երաժիշտների հետ, ակուստիկ տարբերակով միասին ձայնագրել ենք Քեթի Փերիի «Chained To The Rhythm» նոր երգը, որը շուտով կներկայացնեմ։ Ծանոթությունները նոր գործունեության սկիզբ են, արդյունքներն առաջիկայում կերեւան»։

Մաշա Մնջոյանը եւ Արա Գեւորգյանը՝ դստեր հետ


Երգչուհու խոսքով՝ Սիդնեյում իրեն հարազատի նման են ընդունում, եւ եթե այլ երկրում բնակվելու հնարավորություն ունենա, կընտրի Ավստրալիան.«Ամեն անգամ ուրախանում եմ, որ այնտեղի հայերը, ովքեր «Հայաստանի ձայնը» չեն դիտել ու ինձ ընդհանրապես ծանոթ չէին, հիմա այնպես են ընդունում, ասես ես էլ տեղացի եմ, ոչ՝ Հայաստանից։ Հարազատություն ու ջերմություն կա, բայց կտեղափոխվեմ, թե՝ ոչ, ապագան ցույց կտա։ Այնտեղ հնարավորություններն ու շանսերը մեծ են, եթե նպատակասլաց ես, երգի ասպարեզում կարող ես հաջողության հասնել՝ անկախ նրանից, որ ավստրալացի չես։ Առհասարակ, մարդիկ միմյանց հանդեպ դրական են տրամադրված: 100-ից ավելի ազգություն է ապրում, բայց ազգերի միջեւ բացասական վերաբերմունք չկա, ազատ ու դրական են»։

Մաշա Մնջոյանը


Երեւանի կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողուհին այժմ պատրաստվում է ավարտական քննություններին.«Ամենակարեւորը՝ վերջին պատասխանատու ելույթն է՝ վոկալի քննությունը։ Երկրից ու դասերից հաճախ բացակայելս ինձ այդքան չի խանգարում, բաց թողած դասերս լրացնում եմ։ Դասախոսներն ըմբռնումով եմ մոտենում, որովհետեւ տեսական գիտելիքն ու համերգները համատեղում եմ»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Մաշա Մնջոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW