×


Մարգարիտա Պոզոյան.“Տասը տարեկանից դժվար կյանքով եմ ապրել”

BRAVO.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել ռուսական  «Գոլոս» նախագծում փայլուն արդյունքների հասած, նաեւ հայ հանդիսատեսի կողմից սիրված երգչուհի Մարգարիտա Պոզոյանի հետ: Նա անկեղծորեն պատմել է ընտանիքի, մանկության տարիներին ունեցած դժվարությունների եւ երազանքների մասին:

Մարգարիտա Պոզոյանը


- Ովքե՞ր են ծնողներդ, ինչպե՞ս են Ձեզ դաստիարակել:
-Ստացվել է այնպես, որ հայրս ժամանակից շուտ է կյանքից հեռացել, եւ մայրս ինձ, քրոջս եւ եղբորս մենակ է մեծացրել: Մայրս խղճով է դաստիարակել մեզ, սովորեցրել է սիրալիր լինել, մեծերին հարգել, մարդկանց մեջ գնահատել հոգեւորը եւ միայն լավը տեսնել: Քանի որ մեր ընտանիքում մեծը ես եմ, իսկ մայրս օրուգիշեր աշխատում էր, տան փոքրերով նաեւ ես եմ զբաղվել: 10 տարեկան երեխայի համար այդքան էլ հեշտ չէր այդ ամենը: Սկսած 2005 թվականից` ընտանիք պահելու պարտականությունն իմ ուսերին է: Ես հրաշալի ընտանիք ունեմ, որով հպարտանում եմ: Քույրս եւ եղբայրս  կարմիր դիպլոմով են ավարտել համալսարանը եւ հիմա էլ աշխատում են: Նրանք իմ թեւ ու թիկունքն, իմ եւ մորս հպարտությունն են: Մայրս ամեն կերպ օգնում է ինձ, քաջալերում, հուշում, խորհուրդներ տալիս:

-Ինչպե՞ս եւ ինչո՞ւ որոշեցիք երգչուհի դառնալ:

- Ես չէի որոշել երգչուհի լինել, ամեն ինչ ինքնըստինքյան ստացվեց: Մանուկ հասակում մինչ խոսելս կարողանում էի լսածս երաժշտությունը ճշգրտությամբ վերարտադրել: Մանկապարտեզի դաստիարակներիս, իսկ ավելի ուշ ուսուցիչներս կարծում էին, որ հենց այդ ուղղությամբ պիտի գնամ: Դպրոցում ես վերջնականապես հասկացա, որ առանց երաժշտության պարզապես էլ չեմ կարող ապրել:

Մարգարիտա Պոզոյանն ու Լեոնիդ Ագուտինը


-Ի՞նչ Ձեզ տվեց ռուսական «Գոլոս» նախագիծը:
-Այն մի հնարավորություն ընձեռեց, որին երկար եմ սպասել. այս նախագծի շնորհիվ ես լսելի դարձա, ձեռք բերեցի մեծ լսարան, ընկերներ, գործընկերներ: Ընկերություն եմ անում ռուս աստղերի հետ` Դիմա Բիլան, Լեոնիդ Ագուտին, Պելագեյա եւ այլք: Այս ամենը շատ եմ գնահատում: Իսկ գլխավորը` «Գոլոսը» խթան հանդիսացավ, որ երգերս ձայնագրեմ ստուդիայում, մանավանդ որ իմ արվեստը հետաքրքիր դարձավ մեծաթիվ մարդկանց համար Ռուսաստանում եւ Հայաստանում.  միշտ չէ, որ նրանք կկարողանան գալ եւ լսել իմ կենդանի կատարումները:

-Արվեստի ցանկացած ներկայացուցիչ ունենում է իր առավելագույնը: Ի՞նչը կհամարեք առավելագույն հաջողություն:

-Միշտ իմ առջեւ մեծ նպատակներ եմ դրել, այլապես չէի հասնի այն ամենին, ինչ ունեմ: Կարծում եմ` ինչպես կատարելությունը սահմաններ չունի, այնպես էլ առավելագույն հաջողություն ասվածը չկա: Ամեն ինչ հարաբերական է: Դեռ կան բաներ, որոնց վրա աշխատել է պետք, իսկ գլխավորը՝ ես դեռ շատ ասելիք ունեմ ունկնդիրներին:

-Հաջողության հասնելու համար գեղեցիկ ձայն ունենալը բավակա՞ն է:
- Օհ, իհարկե, ո՛չ: Նկատած կլինեք, որ հաճախ այնպես է ստացվում, որ գեղեցիկ ձայնը պարտադիր չի լինում հաջողության հասնելու համար: Թերեւս հաջողության հասնելու հիմնական որակներն են համառությունը, աշխատասիրությունը, ձգտումը նպատակի իրականացմանը եւ կայացրած որոշումներից հետ չկանգնելը: Կարող ես ունենալ հրաշալի ձայն, բայց երբեւէ չհաջողես՝ լինելով պասիվ ու աննպատակ: Դա մոռացության տանող ճանապարհն է:

Մարգարիտա Պոզոյանը


-Ո՞վ է Ձեր սիրելի անձնավորությունը: Եվ  արվեստին շատ ժամանակ տրամադրելուն ինչպե՞ս է վերաբերվում :

- Իմ անձնական կյանքը չեմ հրապարակում` այն թողնելով ետնաբեմում: Միայն կարող եմ ասել, որ նա ինձնով հպարտանում է եւ ամեն կերպ աջակցում: Եվ հետո, ես փորձում եմ նույնքան ուշադրություն դարձնել ե՛ւ արվեստին, ե՛ւ ընտանիքիս:  Այս երկու բաղադրիչներն են իմ երջանկությունը, որոնք անբաժանելի են:

-Նկատելի է, որ սիրում եք զուգերգեր: Ո՞ւմ հետ իսկապես կցանկանայիք զուգերգով հանդես գալ:

- Սիրում եմ, բայց ֆանատիզմի չեմ վերածում: Երաժիշտ եմ եւ սիրում եմ բազմաձայնությունը: Անգամ երկու ձայնն այլ կերպ են հնչում եւ ասես քնքշում են լսողությունդ: Ես պլանավորել եմ զուգերգով հանդես գալ մեկի հետ, ով Գրեմմի, անգամ Օսկարի մրցանակակիր կլինի: Ինձ շատ է դուր գալիս Ջոն Լեջենդը, նրա ձայնի ուժը, տեմբրը, ոճը: Վստահ եմ` մենք միասին կերգենք:  Օ՜հ, չէ որ ես ասացի, որ իմ առջեւ մեծ նպատակներ եմ դրել:

-Հայաստանում հատկապես ի՞նչն եք սիրում:
- Կարող եմ շատ երկար թվել… Սիրում եմ Հայաստանն ու հայոց ազգը, որովհետեւ անիրական երաժշտականությամբ են օժտված: Սիրում եմ, քանի որ հայերը հյուրասեր են, բնությունը՝ գեղեցիկ, հրաշալի պատմական հուշարձաններ ունենք եւ   աներեւակայելի համեղ ուտելիքներ:

Զրուցեց Անի Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները` Մարգարիտա Պոզոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW