Մարիամ Մելիքյանը դստեր առաջին լուսանկարահանումը վստահեց BRAVO.am-ին` խոստանալով նաեւ բացառիկ հարցազրույց: Եվ ահա, հեռուստատեսային մի շարք նախագծերից հայտնի դերասանուհին մեզ հետ անկեղծ զրույցում առաջին անգամ խոսել է ամուսնու ազգության, Ստամբուլում ապրելու շարժառիթների եւ իրեն վարկաբեկել ցանկացող տղամարդու մասին:
Մարիամ Մելիքյանը
Վիրավորական վերաբերմունք
Հասարակության կարծիքն ու տարածված լուրերն ինձ համար շատ վիրավորական էին, բայց ես որոշեցի արհամարհել. դա ամենամեծ զենքն է: Չէի ցանկանում ցածրանալ, արդարանալ կամ որեւէ բան մեկնաբանել: Սա իմ կյանքն է, ապրում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ: Ինքս աստվածավախ մարդ եմ:
«Գիտեմ` ով է ցանկացել ինձ վարկաբեկել»
Շատ լավ գիտեմ, թե ով էր ինձ վարկաբեկել ցանկացողն ու այդ հոդվածների հեղինակը: Չեմ բարձրաձայնի նրա անունը, պարզապես կասեմ, որ խղճում եմ նման մարդկանց, ովքեր ուրիշին վարկաբեկելով են ցանկանում ինքնահաստատվել: Կարծում եմ` տղայի կողմից դա շատ ցածր քայլ էր. միայն անառողջ մտածելակերպով մարդը կարող էր նման բան անել: Ի դեպ, նա գտել էր նաեւ փոքրիկիս լուսանկարներն ու փորձել տարածել, բայց ես իմացա եւ կարողացա ճիշտ ժամանակին աղջկաս առաջին լուսանկարները BRAVO.am-ին տրամադրել:
Մարիամ Մելիքյանի ամուսինն ու դուստրը
«Լոնդոնում չապրեցինք»
Հարսանիքից հետո Լոնդոն գնացինք, քանի որ ուզում էինք այնտեղ շարունակել մեր բիզնեսը: Անգլիայի մայրաքաղաքում են բնակվում նաեւ Գոռի քույրն ու ամուսինը: Բայց, ի վերջո, որոշեցինք չթողնել արդեն հիմնած գործերն ու տեղափոխվել այլ երկիր:
«Այս շրջանում կապրենք Ստամբուլում»
Ամուսինս բիզնեսմեն է եւ տարբեր երկրներում խանութներ ունի: Այժմ Ստամբուլում ենք բնակվում, քանի որ այնտեղ բացվեց մեր արդեն երրորդ խանութը:
«Գոռը հայ է»
Գոռը ծնվել է Ադանայում: Հայոց ցեղասպանությունից հետո նրա նախնիները որպես փախստական մնացել են Թուրքիայում: Նա այնտեղի քաղաքացի է, բայց հայ է, քրիստոնյա, հավատում է Աստծուն: Միշտ ասում է` երբ ենք կնքելու մեր Միլային: Ամուսնուս ազգանունը Սամսարյան է` չնայած, որ թուրքական անձնագրով այդպես չի գրվում: Շատ է ուզում նաեւ հայկական անձնագիր ունենալ եւ Հայաստանի քաղաքացի դառնալ. այժմ զբաղվում ենք այդ հարցերով:
Մարիամ Մելիքյանը
«Խանդում է»
Գոռը սիրում է, երբ ժպտում եմ, ուզում է ինձ միշտ գեղեցիկ տեսնել: Ամեն ինչ անում է, որ լավ զգամ: Որպես իսկական հայ տղա, նաեւ խանդում է, թեեւ ինձ շատ է վստահում: Ամուսինս ընտանիքի մարդ է, այն իր համար առաջնային է, իսկ ես եւ Կամիլան` անփոխարինելի: Որպես ամուսին, հայր, նա կատարյալ է: Մեր հարաբերություններում ամեն ինչ շատ պատահական ու արագ եղավ, բայց չեմ փոշմանել:
«Փորձում է սիրտս շահել»
Շատ նեղացկոտ եմ, օրինակ` կարող եմ համաձայնել, որ ընկերների հետ սուրճ խմելու գնա, բայց հետո փոշմանեմ ու նեղանամ:): Իսկ նա միշտ փորձում է առաջին քայլն անել, սիրտս շահել: Երբեք լուրջ վեճեր չենք ունենում, դրանք փոքրիկ տարաձայնություններ են:
Մարիամ Մելիքյանն` ամուսնու հետ
«Վերադառնալու եմ»
Առաջիկայում անպայման վերադառնալու ենք Երեւան, եւ ես շարունակելու եմ աշխատել: Գոռը շատ դրական է վերաբերվում իմ կարիերային, հպարտանում է ինձնով: Այժմ փոքրիկս իմ խնամքի կարիքը շատ ունի, բայց առաջիկայում հաստատ կսկսեմ նկարահանվել:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: