Մարիամ Շահինյանը տեւական ժամանակ հեռուստաեթերում եւ թատրոնում հանդես չի գալիս, իսկ պատճառը նրա նոր կարգավիճակն է: 2014-ի դեկտեմբերի 13-ին առաջին անգամ մայրացած դերասանուհին այժմ իր ժամանակի մեծ մասը տրամադրում է 3 ամսական դստերը` Արփիին:
Մարիամ Շահինյանն` ամուսնու հետ
27-ամյա Մարիամը BRAVO.am-ին պատմել է, որ առանց բարդությունների կարողանում է երեխային խնամել. “Բալիկս խելոք է, ինձ համար հավելյալ դժվարություններ չի ստեղծում: Ես ավելի դժվար էի պատկերացնում, բայց հեշտ եմ մեծացնում, իսկ խնամքի հարցում սկեսուրս շատ է օգնում, մանավանդ լողացնելու գործում: Արփին այնքան հանգիստ երեխա է, որ անքուն գիշերներ գրեթե չեմ ունենում. ինձ հետ քնում, ինձ հետ էլ արթնանում է: Շաբաթական չորս-հինգ անգամ տանում ենք զբոսանքի, նույնիսկ իր հետ գնացել ենք ռեստորան, սրճարան ու առեւտրի վայրեր: Նախընտրում եմ ինձ հետ լինի, քանի որ արհեստական սննդով չեմ կերակրում: Մինչեւ ծնվելն էլ կողմնակից եմ եղել կրծքով կերակրելուն, այդ հարցն ինձ համար սկզբունքային է”:
Մարիամ Շահինյանի դուստրը` Արփին
Դերասանուհու խոսքով` բոլորը փոքրիկին իրեն են նմանեցնում, ինքն էլ, երբ նայում է իր մանկության լուսանկարները, հասկանում է, թե որքան նման են: Խոսելով ամուսնու մասին` Մարիամը նշել է, որ հոգատար հայր է, իսկ իր հանդեպ ուշադիր է` անկախ տոներից.“Ես այն երջանիկներից եմ, որ ում համար ոչ թե մեկամսյակ է, այլ ողջ տարին է այդպես: Նրա ուշադրությունը զգում եմ ամեն օր”:
Մարիամ Շահինյանի դուստրը` Արփին
Մարիամն այս շրջանում միայն զբաղվում է կադրից դուրս աշխատանքով` գրելով երգերի տեքստեր.“Դիսնեյյան արտադրության մուլտֆիլմերը պաշտոնապես կցուցադրվեն Առաջին ալիքով: Դրանց ընթացքում հնչող երգերը եւս պետք է հայալեզու լինեն: Իմ աշխատանքը հայերեն տեքստեր գրելն է` պահպանելով բնօրինակի իմաստը: Առաջիկայում մոտ 50 մուլտֆիլմ կցուցադրվի: Նաեւ առաջարկ ստացա մասնակցել կրկնօրինակմանը, բայց դեռ պատրաստ չեմ փոքրիկիս երկար ժամանակով տանը թողնել: Թատրոնը եւս ժամանակատար է, դեռ չեմ կարող ինձ թույլ տալ ժամանակս զոհաբերել հանուն թատրոնի: Մինչեւ ամառ չեմ աշխատի, հետո հետաքրքիր առաջարկների դեպքում հնարավոր է` կրկին նկարահանվեմ”:
BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Շահինյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: