BRAVO.am-ը սկսել է նոր խորագիր, որի շրջանակում ներկայացնում ենք հայտնի ընկերներին, ընկերուհիներին: Մեր ընթերցողների համար բացահայտում ենք, թե ինչպես են ծանոթացել ու ինչ փուլերով է անցել նրանց մտերմությունը: Երիտասարդ դերասանուհիներ Մարիամ Ալեքսանյանն ու Ռուզաննա Մանուչարյանը համակուրսեցիներ են եղել եւ միմյանց, մեղմ ասած, չեն սիրել: Երկուսի մտքով էլ չի անցել, որ կգա մի օր, երբ մտերիմ ընկերուհիներ կդառնան:
Ներկայացումն ամեն ինչ փոխեց
Մարիամ. Երկրորդ կուրսում էինք, երբ Ռուզաննան ու իր քույրը միացան մեզ: Առաջին միտքը, որ ծագեց՝ «էս ովքե՞ր են…»: Քանի որ բնավորությամբ երկուսս էլ նման ենք, սկզբում վանեցինք իրար: Ես բեմադրում էի ինչ-որ բան, Ռուզաննային չէի ընդգրկում, նույն կերպ էլ ինքն էր վարվում: Մինչեւ չորրորդ կուրսի ավարտը «սառը պատերազմի» մեջ էինք, հիմա հիշում ենք ու ծիծաղում:
Մարիամ Ալեքսանյանը եւ Ռուզաննա Մանուչարյանը
Ռուզաննա. Սկսեցինք շփվել Գոռ Մարգարյանի ներկայացման շնորհիվ, որը մեր ավարտական աշխատանքն էր: Գրեթե մեկ թիմում էինք: Սկզբում ստիպված էինք շփվում, իսկ հետո հասկացանք, որ եկել է այն պահը, երբ շփումը հաճելի է դարձել երկուսիս համար: Ամեն օր միասին էինք: Մեր նշանածներն էլ մտերիմ ընկերներ են: Այդպես մեր շփումը վերածվեց հարազատական կապի:
Շատ մի ատիր, սիրել կա
Մարիամ. Ասում են` շատ մի ատիր, սիրել կա: Մի անգամ Գոռ Մարգարյանն ինձ ասաց, որ ընկերուհիներ շատ ունեմ, բայց մեկն է միայն լինելու իմ մտերիմը եւ նա Ռուզաննան է: Հենց Գոռը դրեց մեր ընկերության հիմքը: Ուսանողական տարիներին ինչ-որ բան խանգարում էր, գուցե մրցակցությունը: Հիմա գրեթե ամեն օր հավաքվում ենք կա՛մ մեր տանը, կա՛մ Ռուզիկենց ու լավ ժամանակ ենք անցկացնում:
Ռուզաննա Մանուչարյանը եւ Մարիամ Ալեքսանյանը
Ռուզաննա. Միմյանց հետ շփումը երրորդ անձի միջոցով էր լինում: Իրար չէինք նկատում: Նույնիսկ կռիվները ճակատ ճակատի չէին լինում, այլ ուրիշների միջոցով: Սկզբում ինձ չընդունեց ամբողջ կուրսը, բայց հետագայում բոլորի հետ էլ ընկերացա: Երբ մենք մտերմացանք, բոլորը շոկի մեջ էին:
Միմյանց ոգեւորելով
Ռուզաննա. Ես փոքրիկ բիզնես ունեմ, ու Մարիամն ինձ շատ է աջակցում, ոգեւորում այդ հարցում: Մարիամն էլ է ուզում բիզնես հիմնել, վախենում է, ես էլ իրեն եմ ոգեւորում, որ կստացվի: Թեկուզ չստացվի, հոգ չէ, միշտ կարելի է նորից փորձել;
Մարիամ. Հետաքրքիր է, որ այդ երեք տարվա ընթացքում, չնայած մեր տարաձայնություններին, երբ նեղված էի լինում, կիսվում էի Ռուզիկի հետ, ու նա ինձ միշտ ճիշտ խորհուրդներ էր տալիս: Ու այդ պահին չեմ մտածել, որ ինչ-ինչ հարցեր կան մեր մեջ: Բոլորս էլ թերություններ ունենք, բայց պետք է կենտրոնանանք լավ, դրական հատկանիշների վրա:
Մարիամ Ալեքսանյանը եւ Ռուզաննա Մանուչարյանը
Հիասթափություններից հետո
Մարիամ. Գնահատում եմ Ռուզիկի անկեղծությունը, ընկերասիրությունը: Երկուսս էլ շատ փորձությունների, նաեւ հիասթափությունների միջով ենք անցել ու հիմա հասկանում ենք, թե ինչ է ընկերությունը: Յուրաքանչյուրիս կյանքում էլ դասեր լինում են:
Ռուզաննա. Ես էլ եմ գնահատում Մարիամի անկեղծությունը: Եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, Մարիամին ասում եմ, նա էլ ընդունում է: Դասեր պետք են բոլորիս, որ հետո հասկանանք՝ ում հետ շփվել:
Ախ, այդ կատակները
Մարիամ. Ապրիլի մեկին Ռուզիկն ինձ ուղարկեց հղիության թեստ՝ երկու գծով: Անհանգստացած ինձ հարցնում էր, թե ինչ է անելու: Ես էլ արդեն բժիշկ էի գտել, որ հաջորդ օրը գնա հետազոտության: Բոլորին խառնել էի: Ու մեկ էլ Ռուզիկն ու Վահանը ուղարկում են սելֆի, որ սա ապրիլմեկյան կատակ է: Ես արդեն տրամադրվել էի, որ մորաքույր եմ դառնալու(ծիծաղում է,-հեղ.):
Մարիամ Ալեքսանյանը եւ Ռուզաննա Մանուչարյանը
Հ.Գ. Մարիամն ատրակցիոններից ֆոբիա ունի ու չի օգտվում: Ինչպես նշել էին դերասանուհինը, միմյանց շատ են ոգեւորում, ու հենց այդպես Ռուզաննան համոզեց Մարիամին նստել այգու ատրակցիոններից մեկը: Ամեն ինչ լավ էր, քանի դեռ ատրակցիոնը չէին միացրել: Հետո Մարիամի ձայնն էր լսվում ամբողջ այգով մեկ:): Մարիամը գոռում էր՝ ինչքան ուժ ուներ, իսկ Ռուզաննան ծիծաղում՝ ինչքան ուժ ուներ:):
Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: