×


Մարիաննան, Լիլին, Վարսան, Լիդուշիկը եւ Դալիթան ինչպե՞ս են դիմավորում ուսումնական տարին :)

Գիտելիքի օրը բազմաթիվ աշակերտների, ուսանողների նման դիմավորել են նաեւ հայկական շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ:): BRAVO.am-ի հետ սեպտեմբերմեկյան զրույցում Մարիաննա Հովհաննիսյանը, Վարսան, Լիդուշիկը, Դալիթան եւ Լիլի Էլբակյանը պատմել են իրենց դպրոցական եւ ուսանողական առօրյայի մասին:

Մարիաննա Հովհաննիսյանը


“Ես աննպատակ չեմ ընդունվել համալսարան”. Մարիաննա


Մարիաննա Հովհաննիսյանը Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի է, այս տարի ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրա. “Մտածում էի ուրիշ ֆակուլտետում ուսումս շարունալու մասին, բայց հասկացա` ավելի ճիշտ կլինի որպես անգլերենի մասնագետ շարունակեմ հմտանալ: Միգուցե հետագայում նաեւ այս մասնագիտությամբ կաշխատեմ: Անգլերենից բացի որպես երկրորդ լեզու սովորում եմ իսպաներեն: Ուսմանս ընթացքում կփորձեմ բարելավել իսպաներենի իմացությունս”:

Երգչուհին սեպտեմբերի մեկի շունչը դեռ չի զգացել, քանի որ իր դասերը սկսվելու են ամսի 10-ից. “Ուսանողների, հատկապես աղջիկների համար ուսումնական տարվա սկիզբը հանդիսավոր է, դրա համար հատուկ պատրաստված, նույնիսկ չափից դուրս պատրաստված են ներկայանում դասի, բայց իմ կյանքում այնքան շատ են այսպիսի հանդիսավոր օրերը, որ այն առանձնապես չի տարբերվում իր արտասովորությամբ:): Իմ բեմական զգեստներով չեմ գնում դասի, բայց ներկայանում եմ հավուր պատշաճի”:

“Սովորական ուսանող եմ, որպես երգչուհի առավելություններ չունեմ, ինչքան հնարավոր է` լավ եմ սովորում, զիջումների կարիք չի եղել, միայն եթե երբեմն բացակայում եմ, դասախոսներս էլ հասկանում են, որ հարգելի պատճառով է: Ես աննպատակ, հենց այնպես չեմ ընդունվել, ինչ-որ բան սովորելու համար եմ դասի գնում, հակառակ դեպքում մագիստրատուրա չէի ընդունվի”, - նշել է Մարիաննան:

Վարսան



“Ուսանողական առաջին օրս հագնվել էի Մայքլ Ջեքսոնի նման”. Վարսա


20-ամյա Վարսան սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժնում: Այս տարի նա ընդունվել է նույն բաժնի մագիստրատուրա:
“Առաջին երեք տարին նորմալ հաճախել եմ դասի, իսկ չորրորդ կուրսում` ոչ այնքան: Սոլֆեջիոյի դասերին միշտ գնացել եմ, մեկ էլ` գեղագիտության, որովհետեւ վախենում էինք դասախոսից”, - պատմել է նա` կեսկատակ-կեսլուրջ ասելով, որ ուսանողական տարիների ամենամեծ ձեռքբերումն իր դիպլոմն է:

Վարսան հիշել է, թե ինչպես է առաջին անգամ ներկայացել դասի. “Երբ պետք է գնայի առաջին կուրս, Մոսկվայից նոր էի եկել, ոչ մեկին ծանոթ չէի: Շատ ծիծաղելի էր, մի քիչ տարօրինակ էի հագնվել` Մայքլ Ջեքսոնի նման:): Հետո արդեն մտերմացա, նորմալ սկսեցի գնալ համալսարան: Ամեն մարդ պետք է աշխատի իր վրա, որ ստանա իրեն պետքական գիտելիքները, եթե չաշխատես քեզ վրա, բնականաբար, չեն արդարանա սպասելիքներդ”:

Լիլի Էլբակյանը


“Դպրոց գնալու փոխարեն գնում էի մեր մյուս տուն ու քնում էի”. Լիլի Էլբակյան

Լիլի Էլբակյանն արդեն մի քանի տարի է` լսարան է մտնում որպես դասախոս. դերասանուհին ավարտել է, ապա դասավանդել Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, այս ուսումնական տարվանից “Դերասանի վարպետություն” առարկան կդասավանդի Մանկավարժական համալսարանում:

“Սկզբում հայրիկիս կուրսում ասիստենտ էի, այդպես սկսեցի դասավանդելու փորձ ձեռք բերել: Նոր սերնդի երեխաներն ավելի պարզ են, իսկ իմ տարիքի ուսանողներն ավելի մեծամիտ էին, գալիս էին ընդունվելու մեծ ամբիցիաներով եւ նույնիսկ մեծահասակ դասախոսներին կասկածով էին նայում: Իսկ այն կուրսը, որին դասավանդել եմ, ինձ միանգամից ընդունել է թե՛ որպես ընկեր, թե՛ որպես դասախոս: Թեեւ փորձ չունեի, հայրս էլ այդ ժամանակահատվածում զբաղված էր, ես պետք է ինքնուրույն կոփվեի, բայց կարծում եմ` ստացվեց, որովհետեւ իրենց շատ եմ սիրում եւ իմ ներդրումն էլ կա, որ այժմ մեր ասպարեզում են”:

Հիշելով իր դպրոցական եւ ուսանողական տարիները` Լիլին մեզ հետ զրույցում անկեղծորեն ասել է, որ եղել է պարտաճանաչ ուսանող, բայց վատ աշակերտ. “Դպրոցում վատ էի սովորում. մենք երկու տուն ունեինք, որոնց մեջտեղում դպրոցն էր, մի տնից գնում էի մյուսը եւ քնում:): Բայց ինստիտուտում հակառակը, փորձում էի լրացնել բաց թողածս, որովհետեւ հասարակ բաներ կային, որ ընկերներս գիտեին, իսկ ես` ոչ”:

Լիդուշիկը


“Դաս պատասխանելու վերջում խոնարհվեցի ու սպասում էի, որ ծափահարեն”. Լիդուշիկ


Լիդուշիկը Երեւանի թիվ 131 դպրոցի աշակերտներից է, այս տարի փոխադրվել է 8-րդ դասարան, ասում է` որպես աշակերտ մյուսներից առավելություն չունի: Դպրոցական առարկաներից սիրում է հայոց լեզուն ու գրականությունը, ռուսերենը, անգլերենն ու մաթեմատիկան, չսիրած առարկաների շարքում են ֆիզիկան ու ֆիզկուլտուրան. “Չեմ նկատել, որ ինձ բարձր գնահատեն, իսկ մյուսներին` ոչ: Իհարկե, ուսուցչուհիներս ներողաբար են մոտենում իմ բացակայություններին, բայց որոշ չափով լրացնում եմ բաց թողած դասերս: Հետո ավելի հետաքրքիր է լինում. միանգամից սովորում եմ մի քանի թեմա, իսկ դպրոցում անցնում ենք մաս առ մաս”:

Փոքրիկ երգչուհին, երբ սկսել է դպրոց հաճախել, որոշել է ուսուցչուհի դառնալ ու բոլոր առակաները միասին դասավանդել. “Առաջին դասարանում գիտեի` ինձ պետք է հանձնարարություն տան, ես դպրոցում անեմ, իսկ տանը` խաղամ: Զարմացել էի` ինչու պետք է տանն էլ աշխատեմ: Երբ առաջին անգամ պետք է դաս պատասխանեի, տեղիցս վեր կացա, սկսեցի դասարանով քայլել, ուսուցչուհուս նման երեխաներին նայել ու վերջում էլ խոնարհվեցի ու սպասում էի, որ ծափահարեն:)”:

Դալիթան


Դալիթան հանուն դասերի շուտ է արթնանում քնից


Դալիթան սովորում է “Ալմանախ” կրթահամալիրում, փոխադրվել է 9-րդ դասարան: Աղջկա խոսքերով` դպրոցում իր սիրած առարկաներն են լեզուները, մաթեմատիկան եւ պատմությունը. “Այսօր դաս չկա, ուղղակի ստանում ենք մեր գրքերը, դասացուցակը, որ սեպտեմբերի 3-ից սկսենք դասերը: Երբ բացակայում եմ դասերից, ուսուցիչներս հասկանում են, փորձում ընդառաջել, հետո բաց թողած դասերս լրացնում եմ: Կարելի է ասել` լավ եմ սովորում, միշտ չէ, որ ստանում եմ 9-ը, մեկ-մեկ 8 էլ եմ ստանում”:

Դալիթայի համար առավոտյան շուտ քնից արթնանալն ու դասի գնալը հեշտ գործ չէ. “Հանուն դասերի ստիպված եմ շուտ արթնանալ, որ չուշանամ: Կփորձեմ այս տարվա դասերս լավ սովորել, որ լավ հանձնեմ քննությունները, բայց դեռ չեմ կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն եմ ընտրելու”, - ասել է Դալիթան ու շնորհավորել իր հասակակիցներին. “Թող բոլորը լավ սովորեն”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Մարիաննայի լուսանկարները` Հրանտ Խաչատրյանի եւ BRAVO.am-ի, Վարսայինը` Արտաշես Մարտիրոսյանի, Լիլիինը` Դավիթ Գալստյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW