×


Մարինա Թագակչյանը՝ Էրիկի հետ հին միջադեպի, ընտանիքի եւ նոր երգի մասին

Մարինա Թագակչյանը մայրանալուց հետո աշխատանքային դադար էր վերցրել, սակայն այժմ ստեղծագործում է ու ներկայացնում նոր երգեր։ BRAVO.am-ի հետ զրույցում երգահան-հաղորդավարուհին պատմել է նոր երգերի, չարաճճի դուստրերի եւ ընտանեկան առօրյայի մասին։

Ինչպես նշել է երգահանը, իր ստեղծագործական 17 տարվա ընթացքում մայրերին նվիրված երգ չի ունեցել եւ միայն վերջերս ամերիկաբնակ երիտասարդ կատարող Հրանտոյի առաջարկով նոր երգ է գրել՝ «Մամա». «Իր մայրիկի հոբելյանի առթիվ առաջարկեց, որ ստեղծեմ երգ, ես էլ ոգեւորվեցի: Կապ չունի, որ պատվեր էր, Հրանտոյի դրդմամբ իմ մուսան եկավ։ Միայն ստեղծագործական առաջին տարիներին էին երգերս ինքնաբուխ ծնվում, հիմա ավելի տեխնիկական աշխատանք է դարձել»։

Մարինա Թագակչյանի դուստրերը


Հոլովակում մայրիկի կերպարում դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է.«Դիտելուց հետո առաջինն ասացի՝ եթե Անահիտի խաղը չլիներ, տեսահոլովակը թերի կլիներ։ Առանց ավելորդ էֆեկտների պարզ հոլովակ է, Անահիտը մայր է, երեւի այդ պատճառով համոզիչ ու հետաքրքիր է մարմնավորել։ Հրանտոն սկսնակ է, ճիշտ է, փայլուն վոկալ չունի, բայց շատ է աշխատում ու կատարելագործվում»։

Նա շատերի համար է երգեր գրել, սակայն այն հարցին, թե ովքեր են իր սիրելի կատարողները, նշել է՝ Լիանան, Ռազմիկ Ամյանը, Աիդա Սարգսյանը, Մհերը։ Մարինայի խոսքով՝ Հրանտոն ցանկանում է, որ նրա պրոդյուսերությամբ զբաղվի, սակայն Էրիկ Կարապետյանի հետ համագործակցությունից հետո որպես պրոդյուսեր աշխատելու նպատակ չունի.«Միակ ու վերջին անգամ աշխատել եմ Էրիկի հետ, երբ նոր էր Թբիլիսիից եկել, դեռ տասը տարեկան էր։ Նրա հարեւանի միջոցով ծանոթացանք, մոտ չորս տարի աշխատեցինք, բնականաբար, առանց պայմանագրի։ Ես այնպես եմ աշխատում, որ դիմացինս լիարժեք ընդունի իմ խորհուրդները, նա ուզում էր մի համերգի մասնակցել, ես էլ դեմ էի, բայց գաղտնի երգել էր։ Անհամաձայնություններ ունեցանք, բայց հիմա լավ հարաբերություններ ունենք։ Էրիկին մինչեւ հիմա էլ իմ փոքր եղբայրն եմ համարում, միգուցե իմ երգերից մեկը հետագայում կատարի»։

Մարինա Թագակչյանն՝ ամուսնու հետ


Մարինան զբաղվում է դուստրերի՝ 3,2 տարեկան Եվայի եւ 1,5 տարեկան Յանայի դաստիարակությամբ, պատմում է, որ փոքրիկները շատ չարաճճի են, նույնիսկ նկարահանումների մասնակցելն իր համար բարդ է.«Երկուսն էլ ակտիվ են, ուզում են գերիշխող լինել, հնարավոր ու անհնարին ամեն բան փորձում են, վնասակար քայլեր են անում, որ ուշադրություն գրավեն։ Երբ հեռուստացույցով ինձ տեսնում են, լաց են լինում, մեծ աղջիկս պահանջում է, որ «չմտնեմ» հեռուստացույցի մեջ, կամ էլ ուզում է ինձ հետ գալ, որ խանգարի։ Մեկ անգամ երեխաների մասին հաղորդմանն ինձ հետ տարա, խայտառակ իրավիճակ ստեղծեց, այլեւս եթեր չի մտնում։ Եվան հաճախում է մանկապարտեզ, այդ ընթացքում փոքրս ինձ «ուտում» է, այնուհետեւ մեծն է միանում «ճաշկերույթին»»։

Մարինայի կարծիքով՝ երեխաները խառնվածքով նման են ե՛ւ իրեն, ե՛ւ ամուսնուն. «Իմ ու ամուսնուս լեզվակռիվները հիմնականում լինում են տան «առաջին ջութակը» լինելու համար։ Երկուսս էլ լիդեր ենք, սիրում ենք մեր տեսակետն առաջ տանել։ Կանացի խորամանկությունս հաղթում է, մի քանի հնարքով իմ ուզածն անում եմ, հետո հասկանում է, բայց արդեն ուշ է լինում:)։ Իսկ երեխաները չեն հարցնում, այնպես են պահանջում, որ չես էլ քննարկում, բայց խիստ մայր եմ։ Երբեմն կողքից ասում են, որ շատ եմ սաստում, բայց խստությունը դաստիարակության ճիշտ տարբերակ է, հետո դա վերածվում է հարգանքի»:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մարինա Թագակչյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին