×


Մարկուս Միլերի երեւանյան համերգին

Մարկուս Միլերի երեւանյան ջազ համերգն ու ԱՄՆ դեսպանի կատակը

Երեւանում ջազային շաբաթ է. Մարզահամերգային համալիրում «Yerevan Jazz Fest 2017»-ը երեկ մեկնարկեց «Գրեմի» մրցանակակիր, կոմպոզիտոր, գործիքավորող, մի քանի երաժշտական գործիքների վիրտուոզ կատարող կամ ինչպես նրան հաճախ անվանում են՝ մարդ-նվագախումբ Մարկուս Միլերի համերգով:

Մարկուս Միլերի երեւանյան համերգին


Համերգավարներ Ժակն ու Արման Մարգարյանը ոգեւորությամբ ներկայացրին ջազ փառատոնի ծրագիրն ու նշեցին՝ Հայաստանում իրական ջազաֆիկացում է սպասվում։ Համերգից առաջ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը բեմից ողջունեց ջազի սիրահարներին.«Ես առիթ ունեցա նախապես զրուցել պարոն Միլերի հետ, նա հարցրեց, թե իմ կարծիքով հայ հանդիսատեսն ինչպես կընդունի, ես էլ պատասխանեցի, որ հայերը կվայելեն ձեր ելույթը։ Մեր մեջ ասած, հայերի ու ջազի միջեւ որոշ նմանություններ եմ տեսնում. ջազում խախտվում են կանոնները, նոր բաներ են համադրվում, ամեն մեկն անհատական է մոտենում ու իրենն է ստեղծում, երբ ես մտածում եմ կանոնները խախտելու ու նորարարություն անելու մասին, ես հիշում եմ հայերին:)»,-կատակեց դեսպանը, այնուհետեւ բեմ հրավիրեց Ջազի հայկական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Կամո Մովսիսյանին եւ շնորհակալագիր հանձնեց՝ Հայաստանում ջազի ժառանգությունը վառ պահելու համար.«Բեմ բարձրանալս անսպասելի էր, բայց ասելիք ունեմ։ Այս տարի ջազ ոլորտում կորուստ ունեցանք. ցավոք, մեզ հետ չէ մեր ավագ ընկեր, լավագույն ջազմեններից մեկը՝ Երեւանի պատվավոր քաղաքացի Արմեն Թութունջյանը՝ Չիկոն»՝ Կամո Մովսիսյանի այս խոսքերից հետո ներկաները հոտնկայս ծափահարեցին։

Արտո Թունջբոյաջյանը, Լեւոն Մալխասյանը եւ Մարկուս Միլերը


Ջազ հնչյուններ՝ ջազի հայրենիքից

Մայլս Դեւիսի, Էրիկ Քլեպտոնի հետ ելույթ ունեցած Միլերը նշում է՝ իր վրա մեծ ներգործություն են ունեցել Հերբի Հենքոքը, Մայլս Դեւիսը, Սթիվի Ուանդերը, նաեւ իր հայրը։ Համերգի ընթացքում նա հատուկ հորը նվիրված ստեղծագործութուն նվագեց. «Հայրս 92 տարեկան է, դասական երաժիշտ է, ամեն կիրակի նվագում է եկեղեցում։ Նրանից շատ բան եմ սովորել կյանքում, պատկերացնո՞ւմ եք՝ հիմա նվագելիս ինչ եմ զգում»։

Միլերը երեւանյան բեմին էր իր բենդի երաժիշտների հետ։ Ջազի հայրենիքից ժամանած աֆրոամերիկացիներին հայերը ջերմ ընդունեցին։ Դահլիճը լեփ-լեցուն էր, ջազի սիրահարները ունկնդրում էին աստիճաններին նստած ու կանգնած։ Երաժիշտները նվագում էին ինչպես հայտնի գործեր, այնպես էլ սեփական ստեղծագործությունները, որոնց մեջ աշխարհահռչակ լավագույն ջազմենների երաժշտության ոգին էր թեւածում։

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը եւ Կամո Մովսեսյանը


Նախքան համերգը ջազի աստղն ասուլիսի ընթացքում հանդիպեց հայ ջազմեններին: Ասուլիսի ընթացքում նա նշեց, որ երաժշտի կատարողական վարպետության իր չափանիշն ունի.«Ջազ երաժշտի մեծագույն ձեռքբերումն այն է, երբ 3 նոտա նվագելիս մարդիկ արդեն հասկանում են, թե ով է նվագողը։ Չգիտեմ՝ իմ դեպքում 3 նոտայով կստացվի, թե՝ ոչ, բայց ուրախ կլինեմ, եթե 5 նոտայով ճանաչեն»։

Թե որն է ջազի գաղտնիքը, նա պատասխանում է. «Ջազն այն է, ինչ զգում ես ունկնդիրների կողմից, հենց այդ կապից էլ ծնվում են իմպրովիզները։ Ջազ համերգները շատ յուրահատուկ են դառնում, քանի որ մենք կապ ենք հաստատում մեր լսարանի հետ: Ըստ երաժշտության՝ փոփոխություններ ենք անում նվագելու ընթացքում: Եթե դասական երաժիշտը ոչինչ չի փոխում, չի կարող փոխել, երբ ջազի մեջ ես, զգացողությունների վրա հիմնվելով՝ փոխում ես քո երաժշտությունը՝ համապատասխանելու այդ մթնոլորտին։ Միշտ կապս պահում եմ լսարանի հետ՝ կողմնորոշվելու, թե հաջորդ քայլը որն է լինելու»:

Շուշան Պետրոսյանը՝ որդու հետ


58-ամյա Մարկուս Միլերը ծնվել է Նյու Յորքում, 10-ը տարեկանից արդեն տիրապետել է մի քանի գործիքի՝ դաշնամուր, կլարնետ, բաս-կիթառ, ֆլեյտա: Ասաց, որ իր ամենասիրելի գործիքը բաս-կիթառն է, սակայն ստեղծագործելիս նախընտրում է դաշնամուրը.«Կլարնետ եմ նվագում 10 տարեկանից, բայց եթե ընտրելու լինեմ, կընտրեմ բաս-կիթառը»։

Միլերի խոսքով՝ միջազգային փառատոնները հնարավորություն են ստեղծում երաժշտասերների համար ոչ միայն լավ ջազ երաժշտություն լսել, այլեւ տարբեր երկրների ջազմեններին միմյանց ճանաչել: Նա նշեց, որ դեռ չի լսել հայկական երաժշտություն, ծանոթ չէ հայկական ջազին եւ իր այցը համարում է հնարավորություն՝ Հայաստանից հեռանալ մեծ քանակի ձայնասկավառակներով, որոնցով կծանոթանա մեր երաժշտությանը։ Հենց այդ պահին ջազ երաժիշտ Լեւոն Մալխասյանը նրան հանձնեց հայկական ջազի 10 ձայնասկավառակ՝ ընդգծելով, որ հայկական ջազը 75 տարեկան է։

Մարկուս Միլերի երեւանյան համերգին


Մարկուս Միլերը Հայաստանից կհեռանա հայկական նվերներով ու դրական տպավորություններով՝ երաժիշտների հետ համերգային տուրը շարունակելու Սլովակիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում եւ այլ երկրներում։

Ջազի հայկական ասոցիացիայի եւ «Մեցցո Փրոդաքշն»-ի կազմակերպած «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային ջազ փառատոնը կեզրափակվի նոյեմբերի 3-ին. «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա Գոնսալո Ռուբալկաբան: Այս տարի փառատոնը նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր, մեր հայրենակից Ավետիս Զիլջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը:  

Տեքստը՝ Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW