Դալին 20-րդ դարի այն պաշտամունքային, էքսցենտրիկ, հանճարեղ կերպարներից է, ում մասին խոսվել ու գրվել է տասնամյակներ շարունակ: Նորություն չեմ ասի, եթե պնդեմ, որ սեքսը, էրոտիկան, սեքսուալության տարբեր արտասովոր դրսեւորումները հորդում են նրա կտավներից: Դալիին համարում եմ ամենաբաց հոգեկանով, ամենաճշմարիտ ու հզոր սուբլիմացիայով մեծություններից, ում սեքսուալ (եւ ոչ միայն) խոհանոցում արժե քիթ խոթել՝ է՛լ ավելի լավ ընկալելու համար նրա` մեկը մյուսից ազդեցիկ գործերը: Եվ այսպես, 7 հետաքրքիր փաստ Դալիի մասին:
"Վիլհելմ Թելի առեղծվածը", Սալվադոր Դալի, 1933թ.
1.Կախվածություն օնանիզմից
Դեռահասության տարիքում Սալվադոր Դալին սիրում էր «չափվել» առնանդամներով համադասարանցիների հետ, ընդ որում, իրենն անվանում էր «փոքրիկ, խեղճ ու փափլիկ»: Մի անգամ նրա ձեռքն ընկավ պոռնոգրաֆիկ վիպակ եւ նրան շշմեցրեց գլխավոր հերոսի այս նախադասությունը. «Ես կարող եմ ստիպել կնոջը ճռճռալ ինչպես ձմերուկ»: Նա դատափետում էր ինքն իրեն, որ նույնը չի կարող անել: Հետագայում նկարիչը խոստովանել է, որ երկար ժամանակ իրեն իմպոտենտ է համարել: Հավանական է, որ անհանգստության այս զգացումից ազատվելու համար էլ մշտապես օնանիզմով է զբաղվել: Ողջ կյանքի ընթացքում Դալիի համար ձեռնաշարժությունը մնաց սեռական բավարարման հիմնական ու հաճախ միակ տարբերակը: Այն ժամանակ համարում էին, որ մաստուրբացիան կարող է մարդուն խելագարության, հոմոսեքսուալության կամ իմպոտենցիայի հասցնել, այնպես որ նկարիչը մշտական ահ ու սարսափի մեջ էր՝ այդպես էլ չկարողանալով հրաժարվել այդ զբաղմունքից:
«Մեծն մաստուրբատորը», Սալվադոր Դալի, 1929թ.
2. Սեքսն ու փտումը
Հանճարի բարդույթներից մեկն առաջացավ նրա հոր մեղքով: Նա մի անգամ (միտումնավոր կամ ոչ) դաշնամուրի վրա գիրք էր թողել, որը լի էր գանգրենայից ու այլ հիվանդություններից այլանդակված սեռական օրգանների գունեղ լուսանկարներով: Դրանք հիացրին ու միաժամանակ սարսափեցրին Դալիին, նա երկար ժամանակ կորցրեց հետաքրքրությունը հակառակ սեռի նկատմամբ, իսկ սեքսը սկսեց ասոցացնել փտելու, քայքայվելու ու նեխելու հետ: Այս ամենն անխուսափելիորեն արտացոլված է Դալիի գործերում: Օրինակ` «Մեծն մաստուրբատորը» կտավում պատկերված է ներքեւ նայող մարդկային դեմք, որից կին է «աճում»: Դեմքին մորեխ է նստած (Դալին սարսափում էր այս միջատից)՝ քայքայման խորհրդանիշը: Կնոջ դեմքը սեղմված է մեկ այլ տղամարդու ցայլքին՝ խորհրդանշելով օրալ սեքսը, եւ ընդ որում, տղամարդու ոտքերին վերքեր են արնահոսում՝ վկայելով նկարչի մանկական վախը կրտումից:
Ֆեդերիկո Գարսիա Լորկան եւ Սալվադոր Դալին
3. Սե՞ր, թե՞ ընկերություն:
Երիտասարդության տարիներին Դալիի ամենամոտ ընկերն իսպանացի պոետ Ֆեդերիկո Գարսիա Լորկան էր: Լուրեր էին պտտվում, որ Լորկան փորձում էր գայթակղել նկարչին, բայց վերջինս ժխտում էր դա: Տաղանդավոր իսպանացիների ժամանակակիցները փաստում էին, որ Լորկայի համար նկարչի ու Գալայի միությունը տհաճ անակնկալ էր. նա համոզված էր, որ սյուրռեալիստ հանճարը երջանիկ կարող էր լինել միայն իր հետ:
Դալիի կյանքը հետազոտողները կարծում են, որ մինչեւ Գալայի հետ հանդիպումը Դալին կույս էր: Չնայած` Գալայի սիրեկանների հավաքածուին, 10 տարի մեծ եւ ամուսնացած լինելուն, Դալին գայթակղվեց ու տարվեց նրանով: Նրանց առաջին հանդիպումներից մեկի ժամանակ Դալին հարցրել է Գալային. «Ի՞նչ եք ուզում ինձնից», իսկ Գալան պատասխանել է.«Ուզում եմ, որ սպանեք ինձ»: Այս պատասխանից հետո Դալին սիրեց նրան վերջնականապես ու անդառնալիորեն:
«Վուայերիստը», Սալվադոր Դալի, 1921թ.
4.Վուայերիզմ
Սալվադոր Դալին սեքսուալ հաճույք էր ստանում՝ հետեւելով, թե ինչպես են այլք սեքսով կամ մաստուրբացիայով զբաղվում: Նա հետեւում էր նույնիսկ սեփական կնոջ լոգանք ընդունելուն: Նա խոստովանում էր, որ վուայեսրիստ է, նույնիսկ կտավ ունի «Վուայերիստը» անվանումով: Դալիի ժամանակակիցները շշնջում էին, որ նրա տանն ամեն շաբաթ օրգիաներ էին կազմակերպվում, որտեղ իսպանացին դիտողի դերում էր: Նկարչի «չարաճճիությունները» շոկի էին ենթարկում նույնիսկ այլասերված բոհեմի անդամներին: Արվեստաբան Բրայան Սյուելը Դալիի հետ իր ծանոթությունը նկարագրելիս նշել է, որ նա խնդրել է հանել տաբատը եւ օնանիզմով զբաղվել՝ էմբրիոնի դիրքով պառկած, իր այգում գտնվող Հիսուս Քրիստոսի արձանի տակ: Երգչուհի Շերը հիշում է` երբ մի անգամ ամուսնու հետ այցելեցին նկարչի տուն, նա այնպիսի տեսք ուներ, կարծես հենց նոր էր օրգիայից դուրս եկել: «Իսկ երբ ես ձեռքս մի գեղեցիկ գունավոր ձող վերցրի, նա հանդիսավոր ասաց, որ դա վիբրատոր է»,-պատմել է երգչուհին:
Սալվադոր Դալիի կտավներից
5. Բռնություն և սեր
1980 թվականը բեկումնային էր Դալիի համար. նրան ջախջախեց կաթվածը: Չկարողանալով վրձին բռնել՝ նա դադարեց նկարելը: Սա տանջանք էր հանճարի համար, իսկ նրա կատաղության ու անհավասարակշիռ պահվածքի զոհը դարձավ կինը: Գալան էլ հրեշտակ չէր. Դալիի կտավների վաճառքից ստացած գումարները ծախսում էր երիտասարդ սիրեկանների վրա, աջուձախ նվիրում էր գլուխգործոցները եւ օրերով տնից կորչում: Մի անգամ նկարիչը ծեծելով կոտրեց կնոջ երկու կողը: Ամուսնուն խաղաղեցնելու համար Գալան նրան վալիում եւ սեդատիվ (հանգստացնող) այլ դեղորայք էր տալիս, իսկ մի անգամ էլ շատ մեծ չափաբաժնով խթանիչ տալով՝ անդառնալի հոգեկան վնաս հասցրեց նրան: Նկարչի ընկերները «Փրկության կոմիտե» ստեղծեցին եւ հոսպիտալացրին նրան, բայց մեծ արվեստագետն արդեն խղճուկ արարածի էր վերածվել. նիհար, դողդղացող ծերուկն անընդհատ վախենում էր, որ Գալան իրեն կլքի հանուն ուրիշի:
Գալան (Սալվադոր Դալիի կտավներից)
6.Խելակորույս ողբ
1982 թվականին մահացավ 87-ամյա Գալան: Դալին նրա դին սեփական մեքենայով բերեց Կատալոնիայում գտնվող իր Պուբոլ դղյակը, որտեղ Գալային բալզամապատեցին, հագցրին “Դիոր” բրենդի նրա սիրելի զգեստն ու թաղեցին դղյակի նկուղում: Անմխիթար ամուսինը մի քանի գիշեր ողբալով ու ծնկաչոք անցկացրեց կնոջ գերեզմանի մոտ: Նա փաստացիորեն մինչեւ կյանքի վերջն ապրեց այդ դղյակում՝ ժամերով լաց լինելով ու պատմելով, որ տարբեր կենդանիներ է տեսնում. նրա մոտ հալուցինացիաներ էին սկսվել:
Սալվադոր Դալին
7.Դժոխային հաշմանդամը
Կնոջ մահից մոտ 2 տարի անց Դալին ընկավ երկրորդ փորձանքի մեջ. 80-ամյա նկարչի մահճակալը հրդեհվեց, երբ նա քնած էր: Նկարչի դայակը գտավ նրան կիսաուշաթափ, անշարժացած վիճակում ու սկսեց արհեստական շնչառություն տալ՝ չնայած վերջինս դիմադրում էր ու վանկարկում՝ «տակա՜նք, մարդասպա՜ն»: Հանճարը փրկվեց, բայց վերածվեց «դժոխային հաշմանդամի», ինչպես «Vanity Fair» ամսագրում անվանեցին նրան: Նա առաջվանից էլ ավելի անտանելի էր. միտումնավոր կեղտոտում էր սպիտակեղենը, ճանկռոտում էր բուժքույրերի երեսները, հրաժարվում էր ուտելիքից ու դեղորայքից: Ապաքինվելուց հետո Սալվադոր Դալին տեղափոխվեց հարեւան Ֆիգարես քաղաքը՝ սեփական թատրոն-թանգարանում ապրելու, որտեղ եւ մահացավ 1989 թվականին: Մեծ նկարիչն ասում էր, թե վերակենդանանալու հույս ունի, ուստի ուզում է, որ իր մարմինը սառեցնեն, բայց դրա փոխարեն, ըստ կտակի, նրա բալզամապատ ու մոմապատ դին մինչ օրս պահվում է թատրոն-թանգարանի սենյակներից մեկի հատակի տակ:
Աուրա Ֆ.
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: