“Jazz Parking”-ը Հայաստանի անկախության օրվա առթիվ հյուրընկալվել էր Երեւանում: Ռուսաստանում ապրող եւ ստեղծագործող հայ արտիստները ելույթ են ունեցել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Թեեւ տեխնիկական պատճառներով համերգը փոքր-ինչ ուշ սկսվեց, երաժիշտներն արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
“Jazz Parking”-ի համերգը Երեւանում
Ելույթ են ունեցել “Ռուսաստանի ձայնը” եւ այլ նախագծերից հայտնի Մարգարիտա Պոզոյանը, Մարիամ Մերաբովան, Արտյոմ Կաչարյանը, Արծվիկը, Լիլիթ Հարությունյանը, Սամվել Վարդանյանը, Ալբերտ Մուսայելյանը, Մյուզիք Հայկը, Էդգար Հակոբյանը, Գայանա Զախարովան, Էդվարդ Խաչարյանը, Սյուզի Մխիթարյանը եւ այլք: Վոկալիստներին նվագակցել են “Jazz Parking” բենդի երաժիշտները՝ Արմեն Մերաբովը, Մանուկ Ղազարյանը, Դավիթ Սողոմոնյանցը:
Համերգավարներն էին Արման Մարգարյանն ու “Ջազ փարքինգ”-ի հիմնադիր եւ երաժշտական պրոդյուսեր Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանը:“Ոմանք առաջին անգամ են հայրենիքում, հուզված ու հպարտ են, որ ելույթ են ունենում հայ հանդիսատեսի առջեւ ու կատարում են հայալեզու երգեր: Հավանաբար, նրանք այսքան չեն հուզվել, խնդրում ենք ներողամիտ լինել համերգի ուշացման համար”, - ասել է Անժելիկան ու հավելել.“Մի քանի մասնակից կյանքում առաջին անգամ են հայերեն երգում, հայերենին չեն տիրապետում, բայց այս ուղեւորությունից հետո որոշել են հայերեն սովորել”:
“Jazz Parking”-ի համերգը Երեւանում
Հայ արտիստները կատարել են համաշխարհային հիթեր, իրենց հեղինակային նոր երգերը, հայկական հայտնի երգեր, նաեւ հնչեցրել են պրեմիերաներ: Մարիամ Մերաբովան ու Արտյոմ Կաչարյանը, Մարգարիտա Պոզոյանն ու Արծվիկը, Մյուզիք Հայկն ու Գայանան, Սամվել Վարդանյանն ու Ալբերտ Մուսայելյանը հանդես են եկել զուգերգերով:
2008 թվականին ստեղծված “Jazz Parking”-ը միավորում է տարբեր ազգերի երաժիշտներին: Արման Մարգարյանը նշել է, որ երաժշտական նախագիծը յուրահատուկ երեւույթ է եւ օգնում է բացահայտել երիտասարդ տաղանդներին.“Երբ Մոսկվայում էի բնակվում, համերգներին հաճախ ներկա էի լինում, երբեմն նաեւ Անժելիկայի հետ վարում: Համոզված եմ, որ նախագիծը երկար կյանք կունենա, եւ սա վերջին համերգը չէ Երեւանում”:
Շուշան Պետրոսյանը եւ Արման Մարգարյանը
Մարիամ Մերաբովան Արտյոմ Կաչարյանի հետ հայտնի “Georgia”-ն կատարելուց հետո Արմեն Մերաբովի նվագակցությամբ ջազ իմպրովիզներով երգել է Արթուր Գրիգորյանի “Մեղեդի”-ն.“Երջանիկ եմ, որ կրկին այս բեմում եմ՝ իմ սիրելի բեմում: Ուրախ եմ, որ մեր նախագծի լավագույն մասնակիցները եկել են Հայաստան: Շնորհակալ եմ ձեր սիրո եւ մեծահոգության համար”:
Մյուզիք Հայկը կատարել է ոչ միայն իր սիրելի Մայքլ Ջեքսոնի երգերից, այլեւ “Քարփի ծերին մորի է” երգը. “Երբ տարիներ առաջ Թիմաթիի հետ համալիրում համերգ ունեցանք, այն ժամանակ էլ հայերեն ակապելա երգեցի: Սիրում եմ հայերին, որոշ ժամանակ երգել եմ հայկական եկեղեցում: Ծնվել եմ Տաշիրում, այն ժամանակ կոչվում էր Կալինինո, բայց, ցավոք, դեռ չեմ այցելել հայրենի հող: Կարծում եմ՝ ամեն ինչ առջեւում է, եթե հրավերներ լինեն, մեծ սիրով այստեղ մենահամերգ կունենամ”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Հայկ Մովսիսյանը:
“Jazz Parking”-ի համերգը Երեւանում
Ջութակահար, կոմպոզիտոր, պրոդյուսեր Էդգար Հակոբյանը Հայաստանում նախընտրում է հայերեն խոսել. “Հայերի համար նվագելն ինձ համար միշտ պատասխանատու է: Հայ հանդիսատեսին իմն եմ համարում, չնայած` Երեւան հաճախ չեմ գալիս, բայց միշտ հաճելի է հայրենիքում ելույթ ունենալը: Չեմ սիրում նախապես պլանավորել, թե ինչ եմ նվագելու. երաժիշտներն իմ ընկերներն են, միասին իմպրովիզ ենք անում: Զբաղվածությունս շատ է, Մոսկվայում ոչ միշտ եմ հասցնում “Ջազ փարքինգ”-ի համերգներին լինել. սա մի նախագիծ է, որտեղ հավաքվում ենք ընկերներով”:
Երեկոյի եզրափակիչ հատվածում ելույթ են ունեցել նաեւ սոպրանո Ալին Գոյանը` “Օպերա Վիվա” նախագծի երգիչների հետ, եւ Շուշան Պետրոսյանը: Հավելենք, որ
համերգը նախաձեռնել էր “Ազդ” ընկերությունը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգից հետո երաժիշտները հավաքվել են երեւանյան ակումբներից մեկում՝ ունկնդրելով Սամվել Վարդանյանի սոլո կատարումները եւ երեկոն ավարտել ջեմ-սեշնով:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: