Մերի Այդինյանի առաջին տեսահոլովակը ցուցադրվել է ռուսական երաժշտական հեռուստաալիքներով, իսկ այսօր արդեն իր հայերեն կատարումներով երիտասարդ երգչուհին ներկայանում է նաեւ հայ հանդիսատեսին: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել «Մերի» երգի, բնակության վայրի, մասնագիտությունների, սիրելի արտիստների, հեղինակած գրքերի մասին եւ ոչ միայն։
Մերի Այդինյանը
- Ձեր անունն ավելի տպավորվել է Ձեր վերջին` Ձեր իսկ անվամբ երգով։ Գաղափարը Ձե՞րն էր, թե՞ երգի հեղինակներ Ռիչարդ Մադլենյանն ու Գրիգոր Կյոկչյանն այդպես խորհուրդ տվեցին։
-Միշտ ցանկացել եմ ունենալ երգ իմ անունով։ Այո, իմ միտքն է, վերնագիրը ես եմ ընտրել:
-Կպատմե՞ք երգարվեստում Ձեր անցած ուղու մասին։
- Երգել սկսել եմ 7 տարեկանից։ Ռուսաստանում մասնակցել եմ երաժշտական բազմաթիվ մրցույթների ու համերգների։ Առաջին երգս ռուսերեն է, ձայնագրվել է Մոսկվայում, տեսահոլովակը եւս նկարահանվել է այնտեղ։ Երկար ժամանակ այն ցուցադրվում էր ռուսական «Муз-ТВ» հեռուստաալիքով։ Մյուս երգերս հայերեն են, ձայնագրվել ու նկարահանվել են Երեւանում՝ «Օրը կգա», «Աու», «Մի-մի», «Աչքերիս նայիր», ինչպես նաեւ «Մերի» երգը։
Մերի Այդինյանը
-Կբացահայտե՞ք Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Ինձ միշտ ոգեշնչել է պապիկս` ժողովրդական երգիչ Գրիշա Խառատյանը։ Հայկական երգերի նրա հրաշալի կատարումներն իմ հոգում արթնացրել են սեր դեպի հայկական երաժշտություն։
-Իսկ ո՞վ է Ձեր ամենասիրելի հանրահայտ արտիստը։
-Կառանձնացնեմ Մրայա Քերիին եւ Ուիթնի Հյուսթոնին:
- Քանի՞ տարի եք բնակվում Եկատերինբուրգում։ Արդյո՞ք ցանկություն ունեք վերադառնալ Հայաստան՝ մշտական բնակության։
- Արդեն 20 տարուց ավելի բնակվում եմ Եկատերինբուրգում, իսկ հայրենիք վերադառնալու մտադրություն, իհարկե, ունեմ։ Ժամանակը ցույց կտա:
Մերի Այդինյանը
- Դուք կրթությամբ իրավաբան եք։ Ո՞րն էր մեկ այլ մասնագիտություն ընտրելու շարժառիթը:
- Ինձ միշտ դուր են եկել բազմակողմանի զարգացած, մի քանի մասնագիտություն ունեցող մարդիկ։ Երգին զուգահեռ սիրել եմ իրավաբանի մասնագիտությունը եւ երբեք չեմ ցանկացել սահմանափակվել միայն երգով։ Իրավաբանական ակադեմիային էլ զուգահեռ ընդունվել եմ Թատերական ինստիտուտ։ Իսկ ապագայում միտք ունեմ նաեւ քաղաքականությամբ զբաղվել։
-Ռուսական շոու-բիզնես մուտք գործելու ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։
- Արդեն նշեցի, որ առաջին տեսահոլովակիս երգը ռուսերեն է։ Հիմա ռուսալեզու նոր երգ եմ ձայնագրել ու պատրաստվում եմ դրա հիման վրա տեսահոլովակիս նկարահանմանը։ Երգում եմ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։
- Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ձեր առանձնահատկությունը։
- Միշտ փորձում եմ կյանքի կոչել հետաքրքիր գաղափարներ եւ ներկայացնել յուրօրինակ աշխատանքներ: Փորձում եմ իմ երգերով հոգուս անկեղծ խոսքը հասցնել մարդկանց սրտերին եւ նրանց մեջ արթնացնել ջերմ զգացմունքներ։
Մերի Այդինյանը
- Նաեւ ստեղծագործում եք, նույնիսկ ռուսերեն գիրք եք հրատարակել, որը կոչվում է «Աստղը եւ ես»։ Կպատմե՞ք այդ մասին։
- Առաջին գիրքս դետեկտիվ-երգիծական վեպ է՝ ժամանակակից գրող աղջկա մասին, որն, իր հմայքներն օգտագործելով, կարողանում է մուտք գործել հանրաճանաչ մարդկանց կյանքի գաղտնի ու մութ անկյունները։ Նա գտնում ու գրում է ցնցող նյութերով գրքեր նրանց մասին։
- Ինչի՞ մասին է լինելու հաջորդ ստեղծագործությունը։
- Նոր գործս կոչվում է «Անհավանական արկածներ»: Այն սիրո պատմություն է՝ գեղեցիկ հույզերի ու երազների որոնումներով։
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մերի Այդինյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: