×


Ելենա եւ Միլենա Վարդանյանները

Միլենա Վարդանյան.«Անհամբեր սպասում ենք մեր ընտանիքի նոր անդամին»

Միլենա Վարդանյանն օրեր առաջ է վերադարձել Իրանից, որտեղ գլխավոր կերպար է մարմնավորել «Բռնագրավում» գեղարվեստական ֆիլմում: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ նկարահանումները տեղի են ունեցել ոչ միայն Թեհրանում, այլեւ Երեւանում, Գյումրիում եւ Իջեւանում: Տրագիկոմեդիայի գլխավոր հերոսուհին Լատինական Ամերիկայից ժամանում է Իրան, որտեղից էլ ծավալվում են գործողությունները:

Միլենայի փոխանցմամբ՝ ի սկզբանե գլխավոր դերի համար ընտրվել էր քույրը՝ Ելենա Վարդանյանը, սակայն հղիության պատճառով հրաժարվել է ու առաջակել Միլենայի թեկնածությունը, ֆիլմի կազմն էլ ընտրել է սեւահեր դերասանուհուն.«Քասթինգին մասնակցել են այլ դերասանուհիներ եւս, մեկ շաբաթ հետո ինձ հաստատեցին այդ կերպարում»:

Միլենա Վարդանյանը


Պրեմիերան նախատեսված է փետրվարին. ֆիլմը կներկայացվի իրանական հայտնի «Ֆաջր» միջազգային փառատոնին: Ֆիլմի ռեժիսորն է իրանցի դերասան Մեհրան Ահմադին: Նույն նկարահանման խումբը «Վաճառական» ֆիլմի համար այս տարի ստացել է «Օսկար» մրցանակը՝ որպես օտարալեզու լավագույն ֆիլմ: Էպիզոդիկ դերերով նոր ֆիլմում նկարահանվել են նաեւ հայ այլ դերասաններ, մասնավորպես, Միլենայի մայրիկի դերում գյումրեցի դերասանուհի Լուսինե Կիրակոսյանն է.«Միակ գլխավոր կանացի կերպարն եմ մարմնավորում տարբեր տարիքներում, արտաքին փոփոխություններ գրեթե չեն եղել: Ֆիլմում խոսում եմ անգլերեն ու պարսկերեն: Սիրում եմ նոր լեզուներ ուսումնասիրել ու սովորել, ֆարսին շատ բարդ է. մասնագետների հետ երկար աշխատել եմ առոգանության վրա, եւ ռեժիսորը, կարծես, գոհ էր իմ խոսքից: Կարող եմ նաեւ բացահայտել, որ ֆիլմում երգել եմ»:

Մահմեդական երկրում իր անցկացրած աշխատանքային օրերը նա կարոտով է հիշում.«Իրանի վերաբերյալ շատ կարծրատիպեր կան, որ այնտեղ վտանգավոր է ու տարօրինակ, բայց բարյացակամ ժողովուրդ են, դաստիարակված են ու բարեհամբույր են զբոսաշրջիկների հանդեպ: Պարզապես պետք է հետեւել մահմեդական օրենքներին եւ բաց գլխով դուրս չգալ փողոց: Ես 11 օրվա ընթացքում արդեն սովորել էի նրանց մշակույթին»:

Միլենա Վարդանյանը նկարահանվել է իրանական ֆիլմում


Քույրերի համար սպասված է Ելենայի առաջնեկի ծնունդը.«Անհամբեր սպասում ենք փոքրիկ հրաշքին՝ մեր ընտանիքի նոր անդամին: Անչափ երջանիկ ենք»,-ասել է Միլենան: BRAVO.am-ի հարցին, թե արդյոք ինքն էլ ցանկանում է մայրանալ, պատասխանել է.«Դեռ ոչ, ապագայում երբ ամուսնանամ, կկենտրոնանամ մայրանալու վրա: Հիմա առաջին տեղում կարիերան է, բայց կյանքն անկանխատեսելի է, եթե լինի այն մարդը, որին սիրեմ եւ ամուսնանամ, կցանկանամ բալիկ ունենալ, ինչպես բոլոր կանայք: Առայժմ չեմ պատրաստվում ամուսնանալ»:

Վարդանյան քույրերը միասին են պատրաստվում Ամանորին.«Հրաշքներին հավատալու եւ սպասելու շրջան է, ես սիրում եմ այս տոնը, տոնածառն ենք զարդարում ու մտերիմների համար նվերներ գնում: Խոհանոցային հարցերին շատ չեմ խառնվում, կարող եմ պատրաստել, սակայն սիրահար չեմ: Երբեմն լազանյա եմ պատրաստում, քանի որ Իտալիայում ապրելիս սովորել եմ ճիշտ պատրաստման եղանակը»:

Միլենա Վարդանյանը


Միլենեն որոշ ժամանակ նկարահանվել է «Անուղղելիները» սերիալում. «Իրանական ֆիլմի հետ չէի կարող համատեղել, բացի այդ սցենարով իմ կերպարը ժամանակավոր պիտի հեռանար, թե հետագայում կվերադառնամ, դեռեւս պարզ չէ: Հայկական այլ սիթքոմներից էլ առաջարկներ ունեցել եմ, բայց հանուն ֆիլմի հրաժարվեցի ու բաց թողեցի: Հիմա սպասում եմ նոր առաջարկների»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Միլենա Վարդանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին