×


Յուրի Իգիթխանյան.«Երկու որդի ունենք, երկու դուստր էլ պարտադիր պետք է ունենանք»

Երեւանյան զբոսայգիներում հաճախ կարելի է հանդիպել Յուրի Իգիթխանյանին իր գեղեցիկ ընտանիքի հետ զբոսնելիս: Դերասան-ամուսիններ Յուրին եւ Անուշը երջանիկ են իրենց որդիներով եւ երազում են բազմազավակ ընտանիքի մասին: Օրերս BRAVO.am-ը լուսանկարել է նրանց եւ զրուցել հոգատար հայրիկի հետ:

Յուրի Իգիթխանյանի ընտանիքը


«Մտածում ենք այդ խնդիրն առաջիկայում անպայման լուծել»

Պարտադիր օրս կազմակերպում եմ այնպես, որ երեխաների հետ առաջին զբոսանքին մասնակցեմ: Քանի որ կեսօրից հետո հիմնականում զբաղված եմ լինում, Անուշն էլ է աշխատանքի լինում, երեխաների խնամքով զբաղվում է մայրիկս: Նրանց երեկոյան զբոսանքին հիմնականում չեմ մասնակցում, բայց Անուշը ֆիքսում է յուրաքանչյուր հետաքրքիր պահ ու արագ ուղարկում ինձ: Ուզում եմ նրանց հետ կապված ոչինչ բաց չթողնել: Ես եւ կինս երազում ենք բազմազավակ ընտանիքի մասին: Այսօր ունենալով երկու բնակարան՝ ունենք խնդիր, որովհետեւ երկուսն էլ փոքր են: Մտածում ենք այդ խնդիրն առաջիկայում անպայման լուծել. երկու որդի ունենք, երկու դուստր էլ պարտադիր պետք է ունենանք: Հետո էլ Աստված ինչպես կամենա:

Մենք չենք վախենում անքուն գիշերներից: Ինչ անում ենք, երեխաների համար ենք անում. նրանք են մեր ապագան: Երբ աշխատանքից շատ հոգնած գալիս եմ տուն, իսկ փոքրիկս իր հինգ ատամիկով ժպտում է ինձ, մոռանում եմ հոգնածությունս ու ուզում խաղալ նրա հետ անվերջ, բայց մայրիկը չի թողնում՝ պատճառաբանելով, որ տղայիս քունը կփախնի(ժպտում է-հեղ.):

Յուրի Իգիթխանյանի ընտանիքը


«Այս փուլում չեմ էլ մտածում վերադառնալու մասին»

Վարում եմ զանազան կորպորատիվ միջոցառումներ, նկարահանվում եմ տարբեր սերիալներում եւ սիթքոմերում: Վերջերս էլ կնոջս՝ Անուշի հետ ընտանեկան բիզնես ենք հիմել: Արդեն 4-րդ թատերական շրջանն է, ինչ  չեմ աշխատում թատրոնում: Անկեղծ, այս փուլում չեմ էլ մտածում վերադառնալու մասին. ինձ չի հետաքրքրում ռեպերտուարային թատրոն հասկացությունը: Բազմիցս ասել եմ՝ թատրոնն ինձ համար ամեն ինչ է, իմ կարիերայի սկիզբը, բայց եթե պետական այրերի վերաբերմունքը թատրոնի նկատմամբ չփոխվի, ապա մենք նման խնդիրներ կշարունակենք ունենալ: Առաջին հերթին ես տղամարդ եմ եւ, գալով տուն, չեմ կարող ասել տղայիս, ով ինձնից պաղպաղակ էր խնդրել, թե ես այսօր խաղացել եմ այս ներկայացումը, եւ դահլիճն ինձ այնպե՜ս է ծափահարել: Ամսվա վերջում կստանամ իմ 86000 դր. աշխատավարձը, եւ միայն այդ ժամանակ կարող եմ գնել կես պաղպաղակ, որովհետեւ մնացած գումարով պիտի գազ, լույս ու այլ բաներ մուծեմ: Բայց կինս՝ Անուշը, շարունակում է աշխատել թատրոնում. ընդգրկված է տարբեր ներկայացումներում: 

«Նոր նախագիծը կնոջինս է»

Վաղուց մտադրություն ունեինք ընտանեկան բիզնես հիմնել: Լինելով երկու երեխայի ծնողներ՝ հասկացանք, որ Հայաստանում որակյալ մանկական շոու-ծրագրերի կազմակերպման խնդիր կա: Այս տարի փորձեցինք իրագործել նախագիծը, որն, ի դեպ, կնոջինս է եւ նա է հիմնականում զբաղվում:

Յուրի Իգիթխանյանը՝ որդու հետ


Ամառային հանգիստը՝ ձմռանը

Մեր ամառը կգա ձմռանը, քանի որ այսօր ազատ ժամանակ գրեթե չունեմ: Հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին ամբողջովին զբաղված եմ: Ի դեպ, շատ ավելի լավ է, քանի որ ձմռանը կրտսեր որդիս ավելի մեծ կլինի, եւ մենք կկարողանանք չորսով մի տաք երկիր մեկնել եւ կտրվել երեւանյան մռայլ ու ցուրտ ձմեռային օրերից:

«Այդ հարցում ես ու կինս համակարծիք ենք»

Մենք ունեինք հնարավորություն ապրել Միացյալ Նահանգներում, բայց միշտ ասում եմ՝ գնամ Ամերիկա, ի՞նչ անեմ, հա՞ց բաժանեմ: Սա իմ քաղաքն է, ես իմ տանն եմ: Ես գիտեմ, որ կինս էլ համակարծիք է ինձ հետ: Մի բան ասեմ՝ աշխատող մարդը կաշխատի ամեն տեղ: Ի՞նչ անենք, լույսերն անջատենք այս երկրի, թողնենք, գնա՞նք: Մինչեւ վերջին կաթիլն իմ ուժերի ես կլինեմ Հայաստանում, կփորձեմ ամեն ինչ անել: Ես այստեղ ինձ լավ եմ զգում. թքել, գնալը միշտ էլ կա: Մեր մասնագիտության տեր մարդկանց դժվար է բեմից իջնել: Նույնիսկ հարսանքիներ վարելիս մենք բեմում ենք: Ես  հասկանում եմ, որ ոչ բոլոր դերասաններն են կարողանում զբաղվել նրանով, ինչով ես եմ զբաղում, որը եկամտաբեր է: Բայց էլի եմ ասում, ես սիրում եմ իմ երկիրը ու չեմ պատրաստվում լքել այն:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին