×


Նաիրա Գուրջինյան. «Աղջիկներս հուզեցին ու հիացրին այլազգիներին»

«Only Girls» խումբը, որի գեղարվեստական ղեկավարն արվեստի վաստակավոր գործիչ Նաիրա Գուրջինյանն է, հուլիսի 1-ից 5-ը Լիտվայի Յուոդկրանտե ծովափնյա քաղաքում կայացած «Baltic voice 2017» միջազգային մրցույթից վերադարձել է հաղթանակով:

«Only Girls» խումբը Լիտվայից վերադարձել է հաղթանակով


Նաիրա Գուրջինյանը խմբի հաջողության մասին առաջինը պատմել է BRAVO.am-ին. «Մրցույթի առաջին օրն աղջիկները կատարեցին իմ ու Եգոր Գլումովի հայրիկի հեղինակած երգը, իսկ երկրորդ օրը՝ «Բիթլզ»-ի «Hey Jude» հայտնի երգը՝ նոր գործիքավորմամբ, որը մեզ համար պատրաստել էր Ավստրիայում ապրող երաժիշտ Դավիթ Մարգարյանը։ Մասնակիցներ կային Բելառուսից, Բուլղարիայից, Իսրայելից, Ուկրաինայից, Լատվիայից, Լիտվայից եւ այլն։ Հյուրանոցից լաստանավով տեղաշարժվում էինք չքնաղ փոքրիկ քաղաք Յուոդկրանտե, որտեղ էլ խմբերը ելույթ էին ունենում։ Ուժեղ մրցակիցներ էին, մինչեւ վերջին րոպեն մտածում էինք՝ կհաղթի Լատվիան։ Ժյուրին հաղթանակը տվեց մեզ, տիտղոսը մերն էր, բայց գումարային պարգեւ չենք ստացել։ Ինձ համար ամենից կարեւորն էր, որ Լատվիայի խմբի ղեկավարն ու կազմակերպիչները եւս իրենց հիացմունքը հայտնեցին»։

«Baltic voice 2017» միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցում են երիտասարդ կատարողներ ու պարողներ, երաժշտական խմբերի մրցույթին մասնակցել է շուրջ 18 խումբ. ««Only Girls»-ի կազմում երգում են յոթ աղջիկ, ցավոք, մեկը բացակայում էր, քանի որ սովորում է Ավստրիայում, այդ պատճառով ելույթ ունեցան վեց հոգով։ Աղջիկներս ճանապարհին էլ անընդմեջ ակապելա երգում էին, մյուս մասնակիցներն իմ աղջիկների շուրջն էին հավաքվել։ Նաեւ նավում հայտնի  «Կիլիկիա»-ն երգեցինք հայերենով ու անգլերենով, պարզապես հուզված ու հիացած էին»։

«Only Girls» խումբը Լիտվայից վերադարձել է հաղթանակով


Սա խմբի առաջին միջազգային հաջողությունը չէ. նրանք 2016 թվականին Բաթումի քաղաքում կայացած «Wonderland» մրցույթից վերադարձել են Գրան Պրիով.«Այդ հաղթանակից հետո խմբի հանդեպ հետաքրքրությունը մեծացավ, հրավերներից ընտրում էինք՝ որ երկիր կարելի է մեկնել եւ որ մրցույթին արժե մասնակցել»։

Նաիրա Գուրջինյանի խոսքով՝ արդեն ունեն նոր հրավերներ Գերմանիայից եւ Յուրմալայից: Առաջիկայում խումբը պատրաստվում է նոր նախագծերի եւ համերգների, որոնցից մեկը «Beatles»-ի հայտնի երգերի ներկայացումն է նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ.«Գերմանացի ժյուրին հրավիրեց մասնակցելու նոյեմբերին կայանալիք իր հիմնադրած մրցույթի անմիջապես եզրափակչին։ Երեւանում խումբը հաճախ է ելույթ ունենում, սակայն քչերն են տեղյակ։ Հոլովակներ չունենք, ինչը կապված է ֆինանսի հետ, փոխարենը նախընտրում ենք արտերկրի մրցույթներին մասնակցել»։

Հայուհիներն առաջին փուլից հետո զբոսանքի ընթացքում ծանոթացել են ծագումով լատվիացի-ուկրաինացի մի կնոջ հետ, որի ամուսինը հայ է.«Մեզ հայերենով ջերմ բարեւեց ու հետաքրքրվեց մեր խմբով։ Նա չլինելով հայ՝ այնքան սիրալիր էր մեզ հետ շփվում, ամեն օր հրավիրում էր իր եւ ամուսնու ռեստորան, ցույց տալիս բոլոր տեսարժան վայրերը։ Պատկերացրեք՝ ինչպես էր սիրում ամուսնուն, որ մեզ այդքան ջերմ էր ընդունում։ Հրաշալի տպավորություններով ենք վերադարձել»,-եզրափակել է Նաիրան:

BRAVO.am
Լուսանկարները` «Only Girls» խմբի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW