×


Նաիրա Մովսիսյան.“Ասում են, թե սիրեկանս է նվիրել գեղեցկության սրահը…”

Նաիրա Մովսիսյանն աշնանային օրերից մեկը BRAVO.am-ի հետ անցկացրել է Հաղթանակի զբոսայգում, որտեղ էլ իրականացրել ենք նրա նոր ֆոտոշարքը: Դերասանուհին իր մտահղացմամբ լուսանկարվել է հինգ տարբեր կերպարում:  Ի դեպ, նա բոլոր լուսանկարներում նույն, բայց ձեւափոխված զգեստով է:):

Նաիրա Մովսիսյանը


Այս սեւ կտորն ի սկզբանե ձեռք եմ բերել որպես տաբատ: Դեռ 4-րդ դասարանում նմանատիպ լայն տաբատ ունեի, որը որպես զգեստ կրում էի: Նույն կտորը 10-ից ավելի ձեւով օգտագործում եմ. օրինակ, որպես մեկ ուսով զգեստ կրում եմ “Դոն Ժուան Ավիա” ներկայացման մեջ… Կարելի է ունենալ մեկ հագուստ եւ դրանով ստեղծել ամենատարբեր ձեւվածքի զգեստներ: Այս տարբերակներից ինձ ամենից հոգեհարազատը կապյուշոնովն է, իսկ որպես դերասանուհի` ռետրո կերպարը: Շնորհակալ եմ իմ գեղեցկության սրահի մասնագետներին` դիմահարդար Պայծառ Կարապետյանին եւ վարսահարդար Գայանե Ներսիսյանին, որ կողքիս էին ու օգնում էին կերպարանափոխվել:

Նաիրան եւ դերասանուհի Նաիրա Մովսիսյանն իրարից շատ տարբեր են.
հայելու մեջ նայելիս միշտ ինքս ինձ հետ կռվում եմ. գիտակցում եմ դերասան լինելը որքան մեծ պատասխանատվություն է, որովհետեւ էկրանից ու բեմից հասարակությանը մատուցում ես ճաշակ, խոսելաձեւ, տակտիկա, ինտելեկտ… Հանդիսատեսը շատ պահանջկոտ է:

Վերջին ամիսներին նվիրվել էի բիզնեսին, հասկացա, որ հեռացել եմ իմ սիրելի կենսակերպից, բայց այս օրերին, երբ իրար հաջորդեցին հեռուստատեսային նկարահանումները, ֆոտոսեսիան ու ներկայացումը, կարծես, ինձ վերագտա:

Նաիրա Մովսիսյանը


Դադարից հետո որոշեցի հարազատ “ընտանիք” վերադառնալ ու նորից նկարահանվել “Կյանքի կառուսել” հեռուստանախագծում: Նախընտրեցի իմ սիրելի մարդկանց հետ աշխատել, քան նոր միջավայրում հաստատվել, մանավանդ, որ վարձատրության հարցում տարբերություն չկա:

Երբ բացակայում էի եթերից, կողքիս կային մարդիկ, որ հաճախ ասում էին` “Բա, քեզ պետք է, որ վերադարձար Ամերիկայից, ինչիդ են պետք սերիալները, բա դու այդպիսի բաների ես արժանի”: Հասկացա, որ հակառակ իմ “լավը” ցանկացողների, պետք է շարունակեմ աշխատել ու վերադարձա եթեր:

Թատրոնում միշտ երազել եմ մարմնավորել Մեդեային ու Կամելիազարդ տիկնոջը, իսկ ֆիլմում` ճաղատ կնոջ, որը շրջապատի համար տարօրինակ ու “կտցրած” է, բայց անկեղծ ու մաքուր է... Միշտ փորձում եմ կերպարովս ասելիք փոխանցել, Ժաննա դ'Արկի նման կերպար եմ ուզում խաղալ: Երեւի խենթացել եմ, բայց իմ երազած դերի համար կճաղատանամ:  Նաեւ շատ եմ ուզում մոնոներկայացմամբ հանդես գալ, որը պետք է դասական մոտեցմամբ դրամա կամ տրագիկոմեդիա լինի, ինչպես իմ թատերական ուսուցիչ Վահե Շահվերդյանն է սովորեցրել:

Նաիրա Մովսիսյանը


Թատրոնի բեմը չափազանց պատասխանատու վայր է. նույն Սունդուկյանի անվան թատրոնի բեմը կարող է քեզ կործանել կամ հակառակը` հանճարեղ դարձնել: Երբ խաղում էի “Կովկասի կավճե շրջան” ներկայացման մեջ, սթրես էի ապրում` վախենալով, որ մայր թատրոնի բեմն ինձ չի սիրի: Դերասանի համար հաջողություն է, երբ հանդիսատեսն իրեն չի ճանաչում, այլ կերպարդ է ընկալում, դա նշանակում է` բեմի մարդ ես:

Նկատել եմ, որ ամուսնացած կանայք ինձ չեն սիրում, որովհետեւ հաճախ եմ մարմնավորում սիրուհիների կերպարներ, իսկ նրանք, չտարբերակելով անձս կերպարներից, բացասական կարծիք ունեն իմ մասին: Հաճախ իրականությանը չհամապատասխանող բամբասանքներ եմ լսում, իբրեւ թե ամուսնացել եմ միլիոնատիրոջ հետ կամ հղի եմ, սիրեկանս էլ նվիրել է գեղեցկության սրահը, որ լռեմ ու նրա ընտանիքը չքայքայեմ: Այնքան անհիմն բաներ եմ լսում, բայց դրանից ավելի եմ ուժեղանում:

Նաիրա Մովսիսյանը


Եթե ինձ չսիրեի ու չգնահատեի, հիմա միլիոնատեր կլինեի: Ճակատս բաց կարող եմ ասել, որ իմ ուժերով եմ ճանապարհս հարթում եւ անվանս մասին մտածում եմ: 
Շատերին է հետաքրքրում, թե ինչ միջոցներով ձեռք բերեցի “NarMovis”  գեղեցկության սրահը: Երբ բացում էինք հարսանյաց ծառայություններ մատուցող ընկերություն, մեզ հարկավոր էին վարսահարդարներ, ես էլ դիմեցի վարսավիրանոց ունեցող ընկերոջս, որն ուզում էր փակել այն եւ առաջարկեցի շարունակել իր գործը: Երեք գիշեր չքնելով` ներկել եմ պատերն ու աշխատակիցներիս օգնությամբ ձեւավորել սրահը, իմ գումարն եմ ներդրել, որ գործն առաջ տանեմ:

Գեղեցկությանը սրահը նախատեսում եմ դարձնել նաեւ դիզայներական ստուդիա, որտեղ կաշխատեն երիտասարդ մոդելավորողներ: Շատ եմ սիրում կարել, հաճախ հենց իմ հեղինակած զգեստներն եմ կրում, ընկերուհիներիս համար էլ իմ զգեստապահարանի դռները միշտ բաց են:):

Նաիրա Մովսիսյանը


Ավելի հաճախ գնում եմ կտորեղենի խանութ, քան` հագուստի: Շատ պատասխանատու է իմ կարած զգեստներով ներկայանալը, որովհետեւ հանրությունը նկատում է ամեն թերություն: Ամենաբարդ հագուստը ստեղծել եմ 20 տարեկանում, երբ հրավիրել էին դասական համերգ վարելու եւ երգելու: Շատ լավ հիշում եմ կարմիր կորսետիս ստեղծման պրոցեսը, որը երկրորդ անգամ կրել եմ “Երկու աստղ” նախագծի շրջանակում, ներկայացումներից մեկի ժամանակ դրանով է եղել նաեւ դերասանուհի Շողեր Գրիգորյանը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին