2014 թվականը Նառան ընտանիքի հետ դիմավորել է Լիբանանում, որտեղ բնակվում են ամուսնու հարազատները: Նա առաջին անգամ Ամանորը նշել է տատիկի կարգավիճակում. ինչպես տեղեկացրել է BRAVO.am-ը, նախորդ տարվա հոկտեմբերին ծնվել է առաջին թոռնիկը.“Միլայի առաջին ուղեւորությունն էր: Բոլորս հավաքվել էինք ամուսնուս ծնողների տանը, բայց առաջին անգամ չէր, որ Բեյրութում տոնեցինք”:
Նառան Նոր տարին նշել է Լիբանանում
Երգչուհուն դուր է գալիս, թե ինչպես են այս տոնը նշում լիբանանահայերը.“Ի տարբերություն հայաստանցիների, հիմնականում նշում են Նոր տարվա գիշերը. հարազատներով, ընկերներով հավաքվում են մեկի տանը կամ ռեստորանում եւ ուրախանում, իսկ հունվարի 2-ից նորից անցնում աշխատանքի: Մյուս կարեւոր տոնը` Քրիստոսի Սուրբ Ծնունդը, եւս մեծ շուքով են նշում”:
Նառան հայտնել է, որ վերջին տարիներին տարեմուտին չի երգում, տոնն անցկացնում է ընտանիքի հետ, իսկ նախորդ Ամանորը նշել է Սինգապուրում.“Այդ անգամ հետաքրքիր էր այնքանով, որ ռեստորանում տարբեր ազգերի մարդկանց հետ էինք, բայց սեղանների առատությամբ, հրավառությամբ, դիմակներով, խաղերով ու Ձմեռ պապիկով գրեթե նույն տոնն էր, ինչպես մյուս երկրներում”:
Նառան Նոր տարին նշել է Լիբանանում
Նրա խոսքով` տոնական օրերը մարդիկ հաճախ վերածում են հոգսի եւ հաճույք չեն ստանում.“Իսկական տոնը դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին է, բայց Հայաստանում մեկ շաբաթից ավելի իրար տուն են գնում, ինչն արդեն հոգնեցուցիչ է, մանավանդ կանանց համար: Հաճելի է, երբ հյուրեր ես ընդունում, բայց երբ Ամանորին այդ ամենը պարտավորեցնող է դառնում, ուզում ես քաղաքից բացակայել: Ովքեր արտերկիր մեկնելու տարբերակ չունեն, ուզում եմ, որ տոնին որպես պարտականություն չնայեն եւ սեղանի ճոխությամբ ոչ մեկին ոչինչ չապացուցեն”:
2013 թվականի ամենամեծ նվերը երգչուհու համար իր առաջին թոռնիկի լույս աշխարհ գալն է, իսկ այս տարվա համար ցանկանում է սեր եւ առողջություն.“Ամեն ամիս, ամեն օր մենք ավելին ենք ակնկալում. ես կցանկանամ, որ բոլորը ստեղծեն, ձգտեն, պլանավորեն` իրենց նպատակներն իրականացնելու համար”:
Նառան
Նառայի փոխանցմամբ` Ամանորին Միլայի համար գնել է հագուստ եւ խաղալիքներ, թեեւ նվերներ մատուցելու համար իրեն տոներ ու առիթներ հարկավոր չեն, իսկ ամանորյա մյուս նվերները մեկնելուց առաջ նախապես հանձնել է հասցեատերերին.“Նվերներ տալն ու ստանալը հաճելի երեւույթ է. երեխաներս մեծ են, բայց նրանց համար էլ նվերներ պատրաստում եմ, նաեւ չեմ մոռանում ազգականներիս երեխաներին ու իմ հարազատներին: Կարծում եմ` անկախ տարիքից, բոլորս էլ հոգով երեխա ենք ու սպասում ենք նվերների, եւ խնդիրը ոչ թե արժեքն է, այլ ուշադրությունը”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նառայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: