Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն Հայաստան է գալիս իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում՝ մեր երկիր բերելով երկու ժամանոց ինքնատիպ շոու: Երեւանյան համերգը տեղի կունենա ապրիլի 7-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգը հանդիսատեսը երբեք չի մոռանա: Իսկ մինչ այդ ներկայացնում ենք նրա հետ նոր հարցազրույց, որտեղ պատմում է ոչ միայն սպասվող շոուի հետաքրքիր մանրամասների, այլեւ հայկական խոհանոցին ծանոթ լինելու, Արամ Խաչատրյանի երաժշտությունը սիրելու, ինչպես նաեւ որդու հետ կապված երազանքի մասին:
-Շուտով կայցելեք Հայաստան: Ի՞նչ գիտեք Հայաստանի ու հայերի մասին:
- Շնորհակալ եմ, որ հնարավորություն եք ընձեռել ինձ ծանոթանալու ձեր երկրի հետ: Լինելով ուրուգվայցի՝ ես մանկուց երազել եմ ծանոթանալ Հայաստանին: Այսօր ես բնակվում եմ Արգենտինայում, այստեղ հայկական մեծ համայնք կա: Ուրուգվայն էլ շատ սերտ է կապված հայ համայնքի հետ: Այնտեղ մշտական բնակություն են հաստատել մեծ թվով հայեր: Եվ շատ սովորական է դարձել ոչ միայն ավանդական ուրուգվայական, այլեւ ավանդական հայկական սնունդ ուտելը:
-Ի՞նչ գիտեք հայկական երաժշտության մասին: Լսե՞լ եք հայ կոմպոզիտորների, հեղինակների գործերից:
- Մենք ծանոթ ենք հայերի մշակույթին եւ խոհանոցին: Բացի այդ, ես «Las Oreiro» անունը կրող նորաձեւության տուն ունեմ, որը գտնվում է Հոնդուրաս փողոցում՝ Արմենիա փողոցի հարեւանությամբ: Նորաձեւության տան անկյունում էլ՝ հենց Արմենիա փողոցում, տեղակայված է հայկական համայնքը: Այնտեղ հայկական եկեղեցի կա, ինչպես նաեւ հայկական բազում ռեստորաններ: Շատ մոտ են ինձ:
Եթե խոսենք երաժշտության մասին, ապա մեզ համար շատ արդիական է «System of a Down» խումբը: Կինոյի ու հատկապես Սթենլի Կուբրիկի շնորհիվ ես ծանոթացել եմ դասական երաժշտության ասպարեզում հավանաբար ամենահայտնի կոմպոզիտորի՝ Արամ Խաչատրյանի հետ: Կուբրիկի «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմում հնչում է հենց Խաչատրյանի ստեղծագործությունը:
Փոքր ժամանակ ապրում էի Մալագայում, եւ այդ իսկ պատճառով շատ սիրում եմ նաեւ միրգը՝ նուռը: Այն ինձ շատ է դուր գալիս: Նաեւ շատ եմ սիրում ծիրան. մեզ մոտ այն այլ կերպ է կոչվում:
Ծանոթ եմ նաեւ ձեր ճարտարապետությանը: Գիտեմ, որ սա աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է:
Նատալիա Օրեյրոն
-Պատմեք Ձեր «Անմոռանալի շրջագայության» մասին: Ի՞նչ սպասենք: Արդյո՞ք հայ հանդիսատեսը համերգին նոր երգեր կլսի:
-Այս շրջագայության շրջանակում հանդես կգամ 16 քաղաքում: Կներկայացվի 22 երգ: Կարծում եմ, որ շոուն զարմանալի կլինի: Շատ էկրաններ կլինեն՝ հատուկ այս շոուի համար ստեղծված տեսապատկերներով: Վեց անգամ փոխելու եմ հագուստս: Իմ կերպարը գալակտիկայի թագուհին է, ով կորցնում է իր գալակտիկան եւ փնտրում մեկ այլ գալակտիկա, որտեղ արեւ կա: Այսպես, նա իր տիեզերանավով մոտենում է Երկիր մոլորակին ու սիրահարվում այն գեղեցկությանը, որ տեսնում է այստեղ: Մենք գործեր կներկայացնենք իմ երեք սկավառակներից: Կկատարենք ձեզ մոտ շատ մեծ ժողովրդականություն վայելող Cambio dolor, ինչպես նաեւ Me muero de amor, Rio de la Plata, Tu veneno, Que digan lo que quieran, Gitano Corazón, Estamos todos solos, Valor ստեղծագործությունները: Եվ, իհարկե, ես կներկայացնեմ իմ վերջին երգերից, որոնք հայտնի են դարձել Մոսկվայում անցկացված ֆուտբոլի աշխարհի մրցաշարի շնորհիվ: Օրինակ՝ United by love ստեղծագործությունը: Հավանաբար, շատ անակնկալներ կլինեն: Շոուին մասնակցում են նաեւ երաժիշտներ ու բալետի պարողներ: Կարծում եմ՝ միասին կուրախանանք եւ լավ ժամանակ կանցկացնենք: Մեծ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը: Նրանց նամակները պարբերաբար ստացել եմ այս վերջին տարիներին եւ նրանք գալիս էին Ռուսաստան իմ համերգներին:
- Դուք Ձեզ հաջողակ համարո՞ւմ եք: Եվ եթե այո, ապա ինչո՞ւ:
-Անկասկած ես ինձ հաջողակ մարդ եմ համարում: Կյանքում շատ մեծ հնարավորություններ եմ ունեցել եւ կարծում եմ, որ կարողացել եմ ընտրել ազնիվ, արվեստով լի ճանապարհ: Շատ բան եմ սովորել, շատ ուսուցիչներ եմ ունեցել, նաեւ՝ հանճարեղ գործընկերներ:
Խաղացել եմ կինոյում, ունեցել եմ ֆիլմեր, որոնք հայտնվել են աշխարհի լավագույն կինոփառատոններում: Երաժշտության շնորհիվ հայտնվել եմ այնպիսի վայրերում, որ երբեւէ չեմ մտածել, որ կլինեմ, բայց իմ մասնագիտությունն ինձ տվել է այդ հնարավորությունը: Ահա թե ինչու առանց վարանելու կարող եմ ասել, որ երջանիկ մարդ եմ:
Նատալիա Օրեյրոն
-Ունեցե՞լ եք երազանքներ: Որո՞նք են Ձեր ամենանվիրական երազանքներն ու ի՞նչ եք անում, որ դրանք իրականան:
-Ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ ես, ունեմ երազանքներ: Եթե դրանք չունենայի, կյանքս ձանձրալի ու անիմաստ կլիներ: Այո, ես ունեմ երազանքներ: Ինչ վերաբերում է անձնական կյանքիս, ապա ամենանվիրական երազանքս է տեսնել, թե ինչպես է մեծանում որդիս եւ ուղեկցել նրան:
Շատ եմ սիրում ճարտարապետությունը, դրա համար միշտ մտածում եմ, թե ինչ կառուցել, փոխել տանը (ծիծաղում է): Դա ինձ մոտիվացնում է:
Ինչ վերաբերում է մասնագիտությանս, ապա երազում եմ շարունակել նկարահանվել ֆիլմերում, ձայնագրել նոր երգ, որը կհուզի բոլորին: Իսկ ապագայում կցանկանայի որեւէ ֆիլմի ռեժիսոր դառնալ:
Նատալիա Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում:
Համերգը կազմակերպել են «Գամայուն Պրոդաքշնը» եւ «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն: Տոմսերն արժեն 5000-50 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: