Մեկ ամիս առաջ Նարե Գրիգորյանն ամուսնացել է: Կյանքի կարեւորագույն օրվա մանրամասները երգչուհին պատմել է BRAVO.am-ին եւ, իհարկե, տրամադրել լուսանկարները:
Հարսանիքից 10 օր առաջ
Ի սկզբանե օգոստոսի 9-ը որպես հարսանիքի օր որոշված չի եղել, բայց քանի որ Արամի մայրը եւ քույրը ժամանել էին Միացյալ Նահանգներից, իսկ հայրն էլ այստեղ էր, որոշեցինք առիթն օգտագործել եւ պսակադրության փոքրիկ արարողություն անել, այնուհետեւ ամուսնական ճանապարհորդության մեկնել: Ոչինչ նախապես ծրագրված չէր, եւ մենք որոշեցինք ուղղակի հրավիրել ամենամտերիմներին՝ շուրջ 50-60 հոգի, եւ փոքրիկ հարսանիք անել: Արարողությունից 10 օր առաջ որոշեցինք հստակ օրը եւ սկսեցինք նախապատրաստվել: Քանի որ ե՛ւ նշանադրությունը, ե՛ւ զագսի արարողությունը հապճեպ էին ստացվել, եւ հանգիստ պատրաստվելու ժամանակ չէի ունեցել, հարսանիքի համար 10 օրը, բնականաբար, քիչ էր, բայց այս պարագայում, գոնե 10 օր կար: Ամեն դետալ ես եւ Արամը միասին ենք մտածել, արել, եւ եթե մի օր մեզ ասեն՝ հնարավոր չէ 10 օրում պատրաստվել հարսանիքի, մենք մեր փորձով հակառակը կապացուցենք:
Արամ Շամիլյանի եւ Նարե Գրիգորյանի հարսանիքին
«Հոգսս թեթեւացրին…»
Հարսանեկան օրվա առաջին մի քանի ժամն ինձ համար բավական լարված անցավ, քանի որ մեծ էր պատասխանատվությունը. այդ օրը, ինչպես բոլոր ամուսնացողները, մտածում էի, որ ամեն բան հնարավորինս լավ լինի: Քանի որ նախապատրաստվելու ժամանակը բավականին քիչ էր, մտավախություն կար՝ ինչ-որ բան մոռացել ենք, բայց ընթացքում ամեն բան իր տեղն ընկավ: Հոգսս թեթեւացավ, երբ դիմեցի իրենց գործում վարպետների օգնությանը, ովքեր ջանք չխնայեցին եւ արեցին ամեն ինչ, որպեսզի ամեն ինչ մեր ուզածով լինի:
Վալերի Սահարյանը՝ քավոր
Փորձել էինք պահպանել իսկական հայկական հարսանիքի բոլոր ավանդույթները, բացի այն, որ որոշել էինք հանդիպել միանգամից եկեղեցում: Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Քավորը մեր երկու ընտանիքների լավագույն ընկեր Վալերի Սահարյանն էր: Դեռ տարիներ առաջ` Արամի եւ Վալերիի ծանոթության օրը, ամուսնուս ցանկությունն է եղել, որ նա լինի մեր քավորը:
Նարեն եւ Արամն ամուսնացել են Վալերի Սահարյանի քավորությամբ
Հյուրերի մասին
Հարսանիքին, ինչպես նշեցի, ներկա էին ամենամտերիմ մարդիկ՝ մեր բարեկամները, ընկերներն ու գործընկերները, նաեւ իմ ուսուցիչը, կամ, ինչպես ինքն է սիրում ասել` իմ երկրորդ հայրը` մաեստրո Արթուր Գրիգորիչը, ում ներկայությունը մեծ պատիվ էր մեզ համար:
Արամ Շամիլյանի եւ Նարե Գրիգորյանի հարսանիքին
Ամուսնությունից հետո
Ապրում ենք Հայաստանում, քանի որ, մեր կարծիքով, Հայաստանից լավ տեղ չկա աշխարհում: Շարունակում եմ իմ գործունեությունը եւ շուտով վերջապես կներկայացնեմ իմ նոր երգը, որին երկար եմ սպասել: Հարսանիքի օրը իմ հյուրերի համար անակնկալ ունեի. ներկայացրի երգի ոչ վերջնական տարբերակը, նաեւ մի փոքրիկ հատված տեղադրեցի համացանցում, եւ կայծակնային արագությամբ այն տարածվեց: Եթե անկեղծ, այդքան դրական կարծիքների չէի սպասում: Այն սիրվեց բոլորի կողմից, եւ պատասխանատվությունս էլ ավելի մեծացավ, որ հնարավորինս շուտ պատրաստեմ վերջնական տարբերակը եւ հասանելի դարձնեմ ամբողջությամբ: Երգը կոչվում է «Մնա-մնա», խոսքերի, երաժշտության եւ գործիքավորման հեղինակը իմ շատ սիրելի ընկեր Էդգար Ալեքսանյանն է:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարե Գրիգորյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: