×


Նարինե Գրիգորյան.“Ուզում եմ սիրո հետեւից գնալ”

Նարինե Գրիգորյանն ինչպես տարվա բոլոր եղանակներին, այնպես էլ ամառային հանգստի սեզոնին շարունակում է աշխատել: Դերասանուհին համագործակցում է երեւանյան գրեթե բոլոր թատրոնների հետ` “Համազգային”, “Տիկնիկային”, “Մնջախաղի”, “Գոյ”, “Մալյան”…  Հանդես է գալիս նաեւ “Ագորա” թատերախմբի բեմադրություններում: BRAVO.am-ի հետ զրույցում Նարինեն խոսել է իր սիրած աշխատանքի, ընտանիքի, ուսանողների մասին եւ ոչ միայն: 

Նարինե Գրիգորյանը


Թատրոնը հարստություն է


Աշխատում եմ շատ տարբեր թատրոններում, որոնք թելադրում են իրենց խաղաոճը, ունեմ տարբեր խաղընկերներ, աշխատում եմ տարբեր ռեժիսորների հետ, պիեսներն իրարից էականորեն տարբերվում են: Բացի այդ, ինքս եմ ներկայացումներ բեմադրում: Մեր թատերական աշխարհում գրեթե բոլորին գիտեմ, գրեթե բոլոր բեմադրիչների հետ աշխատել եմ: Արդյունքում` թատրոնն իմ կյանքում շատ է ստացվում: Այն իմ հարստությունն եմ համարում:

Թատրոնում ամեն օր սովորում եմ մարդ լինել: Մասնագիտությանս շնորհիվ ինքնաճանաչողությամբ եմ զբաղվում, ամեն նոր դերով ավելի լավ եմ ճանաչում Նարինեին: Իմ մասնագիտության շնորհիվ սովորել եմ ինձ կողքից տեսնել, հասկացել եմ, որ շատ զգացմունքային մարդ եմ. առաջին պահին ծանր եմ տանում, բայց հաջորդ օրը կարող եմ մոռանալ ու նոր էջից սկսել:). այս հարցում մասնագիտությունս է ինձ օգնել:

Նարինե Գրիգորյանն ու Արմեն Մարգարյանը "Դիալոգներ" ռոմանտիկ դրամայի նկարահանումներին


“Ոչ մի տեղից մեծ գումար չեմ ստանում”

Շատ-շատ եմ սիրում մասնագիտությունս, մի քանի գործ միանգամից համատեղ անում եմ, բայց վերջերս սկսել եմ չհասցնել: Հիմա գիտակցում եմ` որոշ բաներ պետք է մի կողմ դնել, օրինակ` հետո էլ կարող եմ դասավանդել: Լսարան մտնելիս ավելի շատ էներգիա եմ կորցնում, քան մեկ օրում երեք ներկայացման փորձի գնալիս:
Բայց սիրում եմ երեխաների հետ աշխատել, նպատակ ունեմ երիտասարդ սերնդից իմ կազմը հավաքել: Վերջերս Մարկեսի “Ես միայն զանգահարելու եմ եկել” գործը բեմադրելիս աշխատեցի ուժեղ ուսանողների հետ: Թատերական աշխարհի զարկերակում եմ, ուսանողներին ճանաչում եմ, իրենք գուցե չգիտեն էլ, բայց ես տեղյակ եմ իրենցից:):

Գրեթե ողջ օրս դուրսն եմ անցկացնում, թատրոնից թատրոն եմ շտապում, ուշ երեկոյան էլ, երբ տուն եմ մտնում, ուզում եմ հասցնել գիրք կարդալ, մյուս օրվա հագուստս պատրաստել կամ մի քիչ հանգստանալ: Մերոնք հաճախ բողոքում են, որ ընտանիքի անդամի նման չեմ, տանը հյուրի պես եմ լինում: Ասում են` եթե փողի հարցն է, իրենք կլուծեն, բայց իսկապես գումարի համար չեմ աշխատում: Ես ոչ մի տեղից մեծ գումար չեմ ստանում, ուղղակի ապրում եմ իմ գործով: Թեեւ պետք է մի քիչ դադար վերցնեմ, որ Նարինեն էլ ապրի իր կյանքը:

Նարինե Գրիգորյանը


Հավատում է մեծ սիրուն

Ծանոթներս ասում են, որ թեթեւ մարդ եմ, ոչ մի բան չեմ ծանրացնում, կողքից նայում ու գիտակցում եմ, որ ցանկացած խնդրի դեպքում կարելի է լուծում գտնել: Երեւի ընտանիք կազմելու հարցում չգիտեմ` որն է խնդիրը, չեմ հասցնում իմ կյանքով ապրել, թեեւ կարծում եմ` կնոջ առաքելությունը երեխաներ ունենալն է: Ամուսնանալու համար կարեւորը սիրելն է, ես հավատում եմ մեծ սիրուն. Հնարավոր է` ռոմանտիկ է հնչում, բայց ես ուզում եմ սիրո հետեւից գնալ...

“Մաթեմատիկան ինձ համար թիվ մեկ արվեստն է”


Ծնվել եմ Ստեփանակերտում, ծնողներս ղարաբաղցի են, մանկապարտեզ գնացել եմ Հրազդանում, Արցախյան ազատամարտի տարիներին տեղափոխվել ենք Արցախ, ընտանիքով այնտեղ էինք ապրում, հայրիկիս թուրքերը բռնել, հետո բաց են թողել: Ես փոքր տարիքում հայերեն չէի խոսում, տանը ռուսերենով էինք շփվում: Հետո վերադարձանք Հրազդան, որտեղ անցել է պատանեկությունս:

Նարինե Գրիգորյանը


Վաղ մանկությունից սկսած, անգամ թատերական ներկայացում չտեսած` միշտ ասում էի` դերասանուհի եմ դառնալու, բայց մեր գերդաստանում թատրոնի մարդ չկա. մաթեմատիկոսների մեջ եմ մեծացել, ինքս էլ դպրոցում այդ առարկաները լավ էի սովորում: Եթե անկեղծ ասեմ, մաթեմատիկան ինձ համար թիվ մեկ արվեստն է: Դպրոցն ավարտելիս, այդուհանդերձ, ուզում էի թատրոնի հետքերով գնալ, ինչի համար շնորհակալ եմ բանաստեղծ Գեւորգ Կարապետյանին, որ Երեւանից եկել էր Հրազդան, թատերական խմբակ էր բացել ու շատ ոգեւորում էր: Հայրիկիս համոզելու շնորհիվ եկա Երեւան ու սկսեցի թատրոնով ապրել…

“Սերիալը դերասանին փչացնում է, բայց ավելի շատ հանդիսատեսին է փչացնում”

Այնքան ուրախ եմ, որ Թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում եմ սովորել` Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում: Երբ ռեժիսուրա ես սովորում, հասկանում ես ռեժիսորի պատասխանատվության չափը, հետո որպես դերասան միայն քեզ համար չես մտածում, ամբողջի համար քեզ պատասխանատու ես զգում: Բեմադրիչի հետ աշխատելիս միշտ հարգում եմ նրան, իմ տեսակետով չեմ խանգարում: Ռեժիսոր լինելով` գիտեմ, ինչ լավ է, երբ դերասանը կողքիդ է:

Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո երաժշտական հեռուստահաղորդում էի վարում, ֆիլմերում նկարահանվում: Այդ ժամանակահատվածում փողոցում ինձ շատ էին ճանաչում, բայց դա հաճույք չէր պարգեւում: Մինչ օրս ինձ համար անչափ հաճելի է մարդկանց համար բեմից ներկայացում խաղալը: Մարդու տեսակից է, ես չեմ ձգտում սերիալում նկարահանվել, որ ավելի ճանաչված լինեմ: Ընդհանրապես, սերիալը դերասանին փչացնում է, բայց ավելի շատ ցավում եմ, որ հանդիսատեսին է փչացնում: Ինձ համար սերիալում ամենակարեւորը սցենարիստի գործն է, հեռուստադիտողն ամիսներ շարունակ սյուժեին է հետեւում, իսկ այն սցենարները, որոնց ծանոթացել եմ, աբսուրդ ու անտրամաբանական են: Եթե ես հավատամ, ինքս համոզված լինեմ, որ սերիալը լավն է, միայն այդ դեպքում  կխաղամ...

Նարինե Գրիգորյանն ու Արմեն Մարգարյանը "Դիալոգներ" ռոմանտիկ դրամայի նկարահանումներին


Այսօրվա թատրոնն էլ իր բացթողումներն ունի. առաջնային խնդիրներից մեկը ծուլությունն է: Շատ դերասաններ ուզում են մեծ բարձունքի հասնել առանց մատը մատին խփելու…Եթե դերասանը նախընտրում է քեֆի գնալ, փորձի գալու փոխարեն ժամանակն այլ բաների վրա ծախսել, լավ արդյունք չի տեսնում, փոխարենը մյուսներին է նախանձում.. Ցավոք, մեր թատրոնում հստակությունն ու կազմակերպվածությունը պակասում է:

“Լացս գալիս էր…”


Վերջին տարիներին հաճախ եմ մեկնում արտերկիր` հայկական թատրոնը ներկայացնում միջազգային փառատոններին: Հունիսին գործընկերներիս հետ Քիշնեւում մասնակցեցի երիտասարդ թատերական գործիչների միջազգային համաժողովին: Շատ մասշտաբային փառատոն էր, որը հավաքել էր նախկին խորհրդային երկրների թատրոնի մարդկանց, որ տեսանելի դարձներ վերջին 20 տարվա առաջընթացը: Ժյուրի անդամները շատ հեղինակավոր մարդիկ էին, գնահատում էին բեմադրիչների աշխատանքը: “Թռիչք քաղաքի վրայով” ներկայացումը, որտեղ բացի բեմադրելուց, նաեւ խաղում եմ, զբաղեցրեց 3-րդ տեղը: Անկեղծ եմ ասում, բազմիցս լավ ընդունելություն տեսել եմ, բայց այս տեսակ բան չէի զգացել. բոլորը կանգնած “բրավո” էին գոռում, անգամ լացս գալիս էր… Մենք հայերեն էինք խաղում, մտավախություն կար, որ այլազգի հանդիսատեսը չի հասկանա, բայց զարմացել էի, թե ինչպես են ամբողջովին ընկալել: Հաջորդ տարվա համար արդեն կան պլանավորված հյուրախաղեր լատինական Ամերիկայի երկրներում, մասնակցություն միջազգային փառատոնի Վրաստանում ու Բելառուսում:

Նարինե Գրիգորյանը


“Կաղապարի մեջ ենք ապրում”

Մենք մեր մեջ փակված ազգ ենք, մեզ թվում է` ամբողջ աշխարհն է մեզ նման մտածում, ուզում ենք ամեն ինչ կաղապարի մեջ դնել: Եթե մեկ-մեկ կողքից մեզ նայենք, լայն մտածենք, անընդհատ տեղում չենք դոփի, չենք սահմանափակվի հնով ու հայկական “ճշտով”: Դա է պատճառը, որ մեր մտածելակերպն անդրադառնում է կյանքի բոլոր ոլորտների վրա, երբեմն ներկայացումներն էլ հին են մնում ու հանդիսատեսին չեն հետաքրքրում:

Զրուցեց Լիանա Մեյթարջյանը/Bravo.am/
Լուսանկարները` Նարինե Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW