Դերասաններ Նարինե Գրիգորյանի ու Արմեն Մարգարյանի “Դիալոգները” երեկ` մայիսի 29-ին, առաջին անգամ ցուցադրվեց “Մոսկվա” կինոթատրոնի մեծ էկրանին: BRAVO.am-ը ռեժիսոր Դիանա Կարդումյանի կարճամետրաժ այս ֆիլմին անդրադարձել է ուղիղ մեկ տարի առաջ:
Դիմահարդար Անահիտը, ռեժիսոր Դիանա Կարդումյանը, Արմեն Մարգարյանն ու Նարինե Գրիգորյանը
Մոտ 30 րոպե տեւողությամբ ռոմանտիկ դրաման ներկայացնում է հերոսների` սիրային զույգի մեկ գիշերվա երկխոսությունը. դիալոգներ ոչ միայն կնոջ եւ տղամարդու, այլեւ քաղաքի ու իրենց մարմնավորած կերպարների միջեւ: Հերոսուհին պատրաստվում է մեկնել եւ իր շրջապատող երեւույթներին նայում է վերջին հայացքով:
Դրվագ "Դիալոգներ" ռոմանտիկ դրամայից
Դերասանները նկարահանումից հետո տեսախցիկի առջեւ վերլուծել են իրենց կերպարները, երկխոսության մեջ մտել, ինչն էլ վավերագրական տարրերով ընդգրկվել է ֆիլմում: Ռեժիսորը հատուկ խնամքով է ընտրել երեւանյան նկարահանման վայրերը` Պապլավոկը, Աբովյան, Տերյան, Մաշտոցի փողոցները, դեպի Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը: Նրա խոսքով` գիշերն ավելի ռոմանտիկ ու զգացմունքային մթնոլորտ է ստեղծում եւ օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի օգնությամբ փորձել է նոր ռակուրսներով բացահայտել գիշերային Երեւանը:
Դիանա Կարդումյանը, որը նաեւ սցենարի համահեղինակն ու երաժշտական ձեւավորողն է, իր մտքերը թղթին հանձնելիս մտածել է, որ կին-տղամարդ հարաբերությունների իր դիալոգը կհետաքրքրի նաեւ ուրիշներին եւ որոշել է այն էկրանավորել:
Վիգեն Ստեփանյանը եւ Նարինե Գրիգորյանը
Ռեժիսորը խոստովանում է` կարիք ունենալով դիտել դրամաներ, ինքն էլ նկարահանում է այս տեսակի ֆիլմեր: Գլխավոր դերակատարներից երկար փնտրել է տղամարդ դերասանին. “Փնտրում էի միջին տարիքի մեկին, որը կունենար խելացի հայացք: Հեռուստացույցով սերիալ դիտելիս հասկացա, որ Արմենը կարող է կերտել իմ պատկերացրած կերպարը: Իսկ Նարինե Գրիգորյանին վաղուց եմ ճանաչում, իր մասնակցությամբ ներկայացումները միշտ դիտում եմ. նա դեռ չսպառված մեծ պոտենցիալ ունի: Ինձ համար հետաքրքիր էր իրենց կերպարների մասին տարբեր պատասխաններ լսելը, մի տեսակ աղն ու բիբարը պակասում էր, ես էլ իրենց պատասխանները ներառեցի ֆիլմում”:
Պրեմիերայից մեկ օր առաջ ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած Նարինե Գրիգորյանը, “Դիալոգներ”-ը դիտելով մեծ էկրանին, իրեն հավանել է կադրում եւ ընկալել է այնպիսի մանրուքներ, որ մինչ այդ չէր նկատել.“Ֆիլմը թատրոնի նման չէ, այստեղ շատ բան կախված է ռեժիսորի, մոնտաժողի աշխատանքից: Մենք գիշերային հիանալի նկարահանումներ ունեցանք, սկզբում քնել էինք ուզում, բայց ութ գիշեր արթուն մնալուց հետո անսովոր էր, որ էլ չենք քնելու: Ամեն կերպար խաղալիս, անգամ շատ չար կերպար, միշտ զուգահեռներ եմ տանում իմ ու տվյալ կերպարի միջեւ: Այստեղ էլ նմանություն կա. ես եւ իմ կերպարը ամուսնացած չենք, դեռ ընտանիք չենք կազմել, բայց ընդհանրությունների հետ շատ տարբերություններ էլ կան”:
Դերասան Արմեն Մարգարյանը
Նարինեն կարծում է` այս ֆիլմն ավելի արժեքավոր է Հայաստանի, մասնավորապես` երեւանցիների համար. “Մեծ էկրանին նայելով` ավելի շատ սիրեցի Երեւանը: Ռեժիսորի ու օպերատորի որսած կադրերով ինչքան սիրուն է գիշերային քաղաքը ու ինչքան ափսոս է, որ աղջիկը մեկնում է, եւ քաղաքը դատարկ է մնում առանց իրենց չստացված սիրո”:
Ռոմանտիկ դրամայի գլխավոր դերակատարներն առաջին անգամ են միասին նկարահանվել ու միմյանց բացահայտել են որպես լավ խաղընկերներ.“Նարինե Գրիգորյանի հետ շատ հաճելի է աշխատել ու կողքից դիտել նրա խաղը, հրաշալի խաղընկեր է: Չճանաչելով նկարահանող խմբին` սիրով համաձայնեցի: Առաջինն ինձ գրավեց սցենարը”,-նշել է Արմեն Մարգարյանը` ավելացնելով, որ նկարահանումների ժամանակ իր համար բացահայտել է գիշերային Երեւանն ու գիշերային մարդկանց.“Երբ աշխատում էինք, մի մարդ նստարանին քնած էր, ասացի` “զատո” քնած է:): Փաստորեն, հարազատ քաղաքում հնարավոր է միշտ նորը գտնել ու այլ աչքով նայել”:
Միքայել Պողոսյանը
Դիանա Կարդումյանն ունի նաեւ լիամետրաժ ֆիլմի սցենար, բայց ֆինանսի բացակայության պատճառով դեռ չի էկրանավորել: “Դիալոգներ”-ի դեպքում էլ ֆիլմի պրեմիերան հետաձգվել է նույն խնդրով.“Մոնտաժի, հնչյունավորման ու մյուս ծախսատար պրոցեսների պատճառով աշխատանքը երկարաձգվեց, բայց ուզում էի որակյալ ու մեծ էկրանի համար նախատեսված ֆիլմ նկարել, ամեն կադրը, հնչյունը մտածված անել”: Ռեժիսորը դեռ չգիտի` ֆիլմը մեծ էկրանին կցուցադրվի, թե` ոչ, բայց արդեն միջազգային փառատոններին մասնակցության հայտ է ներկայացրել:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: