×


Նարինե Գրիգորյանի «Հաղթանակի գենեզիս»-ի պրեմիերան Համազգայինում

Մեծ ու նշանակալի հաղթանակները միշտ էլ ծնվում են փոքր ու աննշան թվացող հաղթանակներից՝ այս մասին է պատմում Համազգային թատրոնի նոր ներկայացումը, որի առաջնախաղը երեկ էր՝ Հայոց բանակի օրվա առթիվ: «Հաղթանակի գենեզիսն» առաջին ներկայացումն է թատրոնի նոր ղեկավար կազմի նշանակումից հետո, գլխավոր դերակատարներն էլ նորանշանակ տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն են: Նարինե Գրիգորյանի եւ Արման Նավասարդյանի հետ խաղում է նաեւ դերասան Վարշամ Գեւորգյանը, որոնց հուշերի հիման վրա էլ բեմադրվել է վավերագրական ներկայացումը: Սոս Սարգսյանի անվան թատրոնում կայացած պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Դահլիճ մտնող հանդիսատեսին դիմավորում են անձամբ ներկայացման հերոսները եւ համոզվելուց հետո, որ բոլորն արդեն իրենց տեղերում են, նրանք բարձրանում են բեմ ու սկսում իրենց զրույցը ներկաների հետ: Բեմում կախված իրերը` հին գրքեր, խաղալիքներ, թեյնիկ, շաքարաման, լամպ, վառարան, կարտոֆիլ եւ այլն, հուշում են, որ ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին: Դերակատարների ներկայացրած գործողությունները տեղի են ունենում երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, Շամշադինի սահմանամերձ մի գյուղում եւ մութուցուրտ Երեւանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ: Նրանց յուրաքանչյուր պատմություն մի փոքրիկ հաղթանակի արձանագրություն է` հաղթանակ թշնամու, ծանր պայմանների եւ սեփական վախերի հանդեպ:

«Հաղթանակի գենեզիս» ներկայացման պրեմիերային


Նոր ներկայացման սցենարի հեղինակը Սառա Նալբանդյանն է, ով դեռ երկու տարի առաջ է դերասաններին պատմել իր գաղափարի մասին: Սկսել են բեմադրության փորձերը, սակայն որոշ ժամանակ անց աշխատանքները դադարեցվել են ինչ-ինչ պատճառներով: Ներկայացման բեմադրության հեղինակը` Նարինե Գրիգորյանը, ով նաեւ թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարն է, մեզ հետ զրույցում նշեց, որ գործընկերներին առաջարկել է հենց այս ներկայացմամբ էլ սկսել տարին. «Ես ընդհանրապես կիսատ մնացած գործեր չեմ սիրում. երբ հոգումդ մի բան կիսատ է մնում: Դրա համար էլ ասացի՝ եկեք «Հաղթանակի գենեզիս»-ով սկսենք, քանի որ Սոս Սարգսյանը մեզ նախեւառաջ որպես քաղաքացի է դաստիարակում, եւ մեր ասելիքն առաջին հերթին պիտի լինի հենց այդ քաղաքացուն ներկայացնելը»,- ընդգծեց նա:

Իսկ ինչո՞ւ «Հաղթանակի գենեզիս». Նարինե Գրիգորյանն ասում է, քանի որ ցանկանում էին ոչ թե պատերազմի մասին պատմել, այլ նույնիսկ ամենատխուր դրվագները ներկայացնել որպես փոքրիկ հաղթանակներ, որոնց մասին այժմ ծիծաղով են հիշում.«Հայ ժողովուրդը հենց այդպես էլ հաղթահարել է բոլոր դժվարությունները`լացելու փոխարեն ծիծաղելով: Հիմա էլ, եթե նկատեցիք, հանդիսատեսն անմիջապես արձագանքում էր, երբ որեւէ հարազատ միտք էր հնչում, եւ յուրաքանչյուրը հիշում էր սեփական պատմությունը: Այսինքն` կարեւորն այդ երեխայի հավատն է, որը չպիտի կորցնենք մեր մեջ»:

Ստեփան Ղամբարյանը եւ Անի Ամիրյանը՝ «Հաղթանակի գենեզիս» ներկայացման պրեմիերային


Դերասանուհին ընդգծում է` բոլոր այն պատմությունները, որ ներկայացվում են բեմից, շատ անձնական են, ու ոչինչ հորինված չէ.«Անգամ երբ միմյանց ասում էինք` «Կարո՞ղ ես այս նախադասությունը մի փոքր այլ կերպ ասել», անմիջապես հակադարձում էինք` «Բայց այդպես չի եղել»: Այսինքն` որքան էլ կցանկանայինք` խոսքը դրամատուրգիապես ավելի գեղեցիկ լիներ, չստացվեց, որովհետեւ ուզում էինք` ամեն ինչ հնարավորինս իրական ու ճիշտ լիներ: Անգամ այդ տիկնիկն ու հին դասագրքերն իսկապես մեր տանը կային. մայրս ամեն ինչ այդպես պահում էր: Բայց անկեղծ ասած` տանել չեմ կարողանում այդ տիկնիկը, որովհետեւ մաման չի տվել` խաղանք… Ատում եմ այդ տիկնիկը»,- կատակեց Նարինեն:

Արշո Հարությունյանը եւ Լուսինե Երնջակյանը՝ «Հաղթանակի գենեզիս» ներկայացման պրեմիերային


Նա նաեւ նշեց, որ ներկայացումը խաղալու են այնքան ժամանակ, քանի դեռ հանդիսատեսը հետաքրքրված է: Կարծում է՝ հրաշալի կլինի, եթե դպրոցականները նույնպես գան դիտելու, որպեսզի տեսնեն, թե ինչ են խաղացել երեխաները պատերազմի ժամանակ, ուղղակի իմանան իրենց անցյալը, որը պատմվում է 12-թերթանի մի օրագրի հիշողությունների հիման վրա:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին