BRAVO.am-ն օրեր առաջ անդրադարձել է աբստրակտ նկարչուհի Լիլիթ Շարբաթյանի անհատական ցուցահանդեսին: Նա մեզ հետ զրույցում հայտնել էր, որ հաջորդ ցուցահանդեսը նվիրելու է “իր կյանքը հեղաշրջած սիրելիին”: Եվ ահա, երեկ` նոյեմբերի 29-ին, հոգեբան-նկարչուհին ամուսնացել է: Նորապսակների կնքահայրը ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանն է:
Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցում զույգին պսակադրել է հոգեւոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը` մաղթելով, որ Աստծո միացրածը մարդիկ չբաժանեն եւ 30 տարի անց սեղան նստելիս միմյանց սեր խոստովանեն ու հավատարիմ լինեն:
Պսակադրությունից հետո եկեղեցու բակում նորահարսը նետել է ծաղկեփունջը, որը բռնել է նրա ընկերուհիներից մեկը, այնուհետեւ հյուրերը եկեղեցու դահլիճում կենացներ են խմել ու շնորհավորանքներ հղել:
Վարուժանն ու Լիլիթը պսակադրությունից մեկ շաբաթ առաջ ընտանեկան միջավայրում նշանադրվել են, երկու օր առաջ էլ Արցախում ստացել են ԶԱԳՍ-ի վկայականը.“Մեզ համար կարեւորը ոչ թե զուռնա-դհոլով հարսին տանից հանելն ու ռեստորանում օտարացած երաժշտության ներքո պարելն է, կամ անիմաստ մեծ ծախսերը, որ արվում են մեկ օրվա համար, եւ մարդիկ ոչ էլ բավականություն են ստանում, այլ մտերիմ մարդկանց ներկայությունն ու Աստծո օրհնություն ստանալը”,-մեզ հետ զրույցում ասել է նորահարսը:
22-ամյա հարսն ու 23-ամյա փեսան միմյանց վաղուց ճանաչել են որպես բլոգերներ, բայց նրանց ծանոթությունն ու սիրո պատմությունը սկիզբ է առել այս տարվա ամռանը` Արցախ այցելության ժամանակ, ինչի առիթով զույգը պատրաստվում է 2014 թվականի ամռանն այնտեղ կազմակերպել ազգային երգուպարով ավանդական երիտասարդական հարսանիք.“Մենք կարող էինք պսակադրությունից հետո ռեստորանում ստանդարտ խնջույք անել, բայց որոշել ենք հենց Արցախում` բացօթյա տարածքում, կազմակերպել յուրօրինակ խնջույք, բացի այդ, մեր ընկերները մի քանի օր կշրջեն տեսարժան վայրերով: Նաեւ շատ էինք ուզում Արցախի Դադիվանքում պսակադրվել, բայց քանի որ ցուրտ եղանակի ու երկար ճանապարհի պատճառով մեր հյուրերը չէին կարող այնտեղ հասնել, որոշեցինք դիմել Տեր Կյուրեղին, որը նախապես մեզ հետ զրուցեց ու համոզվեց, որ միմյանց սիրում ենք ու կարող ենք առաքելական եկեղեցու քրիստոնյային վայել ընտանիք կազմել”:
Ի դեպ, նախքան եկեղեցի հասնելը, փեսան պետք է ԵՊՀ-ում դասախոսություն կարդար, բայց նա ոչ պակաս կարեւոր այլ գործ ուներ:).“Վարուժանը բառացիորեն հարսանիքից մեկ ժամ առաջ է մտել խանութ` գնելու վերնաշապիկը, եւ աշխատակիցներն էլ այն արդուկել են ու զարմացել, որ նա պատրաստվում է միանգամից գնալ իր իսկ հարսանիքին:): Ես էլ առավոտյան իմ ձեռքով եմ ծաղկեփունջս պատրաստել ու ներկել, իսկ զգեստս դերձակից միայն գիշերն եմ հասցրել վերցնել”,-պատմել է Լիլիթը` հավելելով, որ պատրաստ են միասին հաղթահարել ցանկացած դժվարություն.“Վարուժանն իմ պատկերացրած ու երազած տղամարդն է, շնորհակալ եմ Աստծուն, որ ճիշտ ժամանակին միացրեց մեր սրտերը: Հաճախ ասում եմ, որ ինքն իմ հայելին է, իսկապես միմյանց սիրում ենք, դա արդեն հեղաշրջում եմ համարում”:
Սանկտ Պետերբուգի պետական համալսարանի ասպիրանտ Վարուժանն ու Լիլիթն ամուսնությունից հետո պատրաստվում են ուսման նպատակով մեկնել Ռուսաստան, իսկ ամռանն Արցախում իրականացնելու են իրենց ցանկությունը: Թեեւ Վարուժանը բնիկ արցախցի չէ, բայց 13 տարի ապրել է ազատագրված տարածք Բերձորում. “Հետագայում նպատակ ունենք Շուշիում տուն ձեռք բերել, այնտեղ բնակվել ու երիտասարդների համար կրթական ծրագրեր իրականացնել”:
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` մաղթելով արցախյան ոգով ամուր ընտանիք եւ երջանկություն:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: