×


Նոբելյան մրցանակակիրը տաղանդավոր հայուհուն կրթաթոշակ է հանձնում. «Քիմիայի սահմանները» գիտաժողով

Գիտական աշխարհի ուշադրությունը չորս օր շարունակ Հայաստանի վրա էր կենտրոնացած: Հոկտեմբերի 22-ից 25-ն ավելի քան հարյուր գիտնական Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից մասնակցել են «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային խոշոր գիտաժողովին: Այն նախաձեռնել էր Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանը՝ Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ: Գիտաժողովի ավարտին էլ տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, այդ թվում նաեւ` Ֆիլիպ Մորրիսի օժանդակությամբ «Ամենատաղանդավորը» կրթաթոշակի հանձնում, որին ներկա է եղել BRAVO.am-ը, զրուցել հաղթող մասնակցի ու կազմակերպիչների հետ:

Միջոցառման շրջանակում Հայաստան էր հրավիրվել գիտական աշխարհի քսաներկու առաջատար ներկայացուցիչ, այդ թվում՝ երկու Նոբելյան մրցանակակիր եւ ԵՄ-ի «Հորիզոն 2020» ծրագրի մասնակիցներ: Նրանց ելույթները լսելու, ինչպես նաեւ սեփական աշխատանքները ներկայացնելու էին եկել բազմաթիվ գիտնականներ Հայաստանից ու արտասահմանից: Նշենք, որ սիմպոզիումն անցկացվում է արդեն երկրորդ անգամ (նախորդը կազմակերպվել էր հինգ տարի առաջ՝ 2013թ.-ին) եւ նպատակ ունի հայ գիտնականներին՝ հատկապես երիտասարդ սերնդին, հնարավորություն տալ ծանոթանալ ոլորտի լավագույն փորձին:

«Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովին


Միջոցառմանը հրավիրված հատուկ հյուրը՝ Նոբելյան մրցանակակիր Բեն Ֆերինգան, խոսելով սիմպոզիումի նպատակների մասին, նշեց.«Նպատակ ունեինք զարգացնել քիմիան այս երկրում, հատկապես երիտասարդների շրջանում, քանի որ քիմիան ծայրահեղ կարեւոր է։ Մտածեք մի պահ դեղագործության մասին, էլեկտրական ավտոմեքենաների, համակարգիչների, տարատեսակ նյութերի մասին։ Սիմպոզիումի շրջանակում երիտասարդները քննարկում էին ապագան՝ ամբողջ աշխարհից ժամանած գիտնականների հետ։ Մենք նաեւ ֆինանսավորում ենք իրենց, որ գնան արտասահման, ստանան կրթություն ու լայնացնեն իրենց մտահորիզոնը։ Ապագայի համար դա շատ կարեւոր է»:

Գիտաժողովի ամենասպասված պահերից էր «Ամենատաղանդավորը» կրթաթոշակային ծրագրի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում գիտնականների միջազգային հանձնաժողովը հայ երիտասարդ քիմիկոսներից պիտի ընտրեր ամենապայծառ միտք ունեցողին: Ըստ այդմ` ընտրված երիտասարդն արտերկրի քիմիական հետազոտական լավագույն կենտրոններից մեկում եռամսյա գիտահետազոտական պրակտիկա անցնելու հնարավորություն կստանա: Մրցանակաբաշխության արդյունքներով հաղթող ճանաչվեց Լիանա Հայրյանը, ով կրտսեր գիտաշխատող է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում:

«Ամենատաղանդավորը» կրթաթոշակային ծրագրի մրցանակաբաշխությանը


«Կոնֆերանսի 3-րդ օրը մենք պոստերային տարբերակով ներկայացրինք, թե ինչով ենք զբաղվում, ինչ հաջողությունների ենք հասել մինչ օրս: Իմ ներկայացրած աշխատանքն ասիմետրիկ սինթեզի մասին էր, եւ արդյունքները բավական ոգեշնչող էին: Այդ բնագավառում մինչ օրս նման դեպք չէր գրանցվել. մենք ստացել էինք նիկել- ածխածին կապ, որը փոքր-ինչ նորություն է մեր ոլորտում: Փաստորեն գիտական խումբը հավանել էր աշխատանքը եւ գնահատել այն: Իրականում մրցանակը շատ անսպասելի էր: Այժմ ես հնարավորություն ունեմ երեք ամսով մեկնել որեւէ երկիր, սովորել այնտեղ ու ծանոթանալ դրսի գիտությանը: Ճիշտն ասած՝ դեռ չեմ էլ որոշել, թե որ երկիր եմ մեկնելու եւ որ գիտական խմբին եմ միանալու»,- ասաց Լիանան:

Մարիամ Դավթյանը՝ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Էկոհամակարգի զարգացման նախագծի ղեկավարը, մեր զրույցում նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է ներկա գտնվել նման միջոցառմանը եւ հնարավորություն ընձեռել հայ գիտնականներին մեկնել Եվրոպա, սովորել առաջատար բուհերից մեկում ու վերապատրաստվել որպես քիմիկոս.«Այս մրցանակն ընդամենը մի փոքր մասն է այն ծրագրերի, որը մենք իրականացնում ենք Հայաստանում գիտակրթական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Դրանցից են, օրինակ, մագիստրոսական կրթաթոշակները, ասպիրանտական ֆինանսավորման ծրագրերը եւ նման միջոցառումներին մասնակցելը: Մեր նպատակն այն է, որ երիտասարդները տեսնեն՝ գիտությունը ոչ միայն աշխարհի ապագան է, այլեւ Հայաստանի: Սա գիտություն, կրթություն եւ արդյունաբերություն համագործակցության հրաշալի օրինակ է, եւ հույս ունեմ՝ նման միջոցառումները շատ կլինեն»:

Լիանա Հայրյաը


Միջոցառման գլխավոր կազմակերպիչը՝ Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանի պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ գիտաժողովի նպատակն է նաեւ աշխարհի լավագույն գիտնականներին Հայաստանի մշակույթն ու պատմությունը ներկայացնելը: Այդ նպատակով նրանք հասցրել են լինել Գառնիի հեթանոսական տաճարում եւ Գեղարդի վանքում, Դիլիջանում, Մատենադարանում եւ Ծիծեռնակաբերդում: Այս առիթով Բեն Ֆերինգան խոստովանեց, որ դեռ հինգ տարի առաջ է սիրահարվել Հայաստանի գեղեցիկ բնությանը, պատմությանը, ինչպես նաեւ ընկերասեր ժողովրդին ու երիտասարդությանը:

Հայ եւ արտասահմանցի գիտնականները ծափահարություններով ճանապարհեցին միմյանց՝ խոստանալով հանդիպել հինգ տարի անց՝ երրորդ գիտաժողովի ընթացքում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին