×


«Քարֆուր» խանութը

Նոր, ընդարձակ ու հարմարավետ. Երեւանի կենտրոնում բացվել է երկրորդ «Քարֆուր» խանութը

Երբ «Քարֆուր» խանութների ցանցն իր առաջին մասնաճյուղը բացեց Հայաստանում, հնարավորություն ստեղծվեց մատչելի գներով բարձր որակի ապրանքներ գնել: Իսկ հաճախորդների թիվն ու պահանջարկի մեծացումը ցույց տվեցին, որ կարիք կա եւս մեկ խանութ բացել Երեւանի կենտրոնում`գնումներն առավել հասանելի եւ հարմարավետ դարձնելու համար: Եվ ահա, երեկ իր դռները բացեց երկրորդ «Քարֆուր» խանութը՝ «Ռոսսիա Մոլ» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ: Այսպիսով «Քարֆուրն» ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում եւ վերահաստատում դիրքերը տեղական շուկայում: Նոր խանութ-սրահի բացմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, ծանոթացել տեսականուն եւ զրուցել ներդրողների հետ:

Հատկանշական է, որ բացման միջոցառմանը դեռ կես ժամ կար, բայց մուտքի մոտ արդեն հավաքվել էին հրավիրված հյուրերը: Նրանց շարքերում քիչ չէին նաեւ առանց հրավիրատոմսերի եկած քաղաքացիները, ովքեր ցանկանում էին դառնալ խանութի առաջին գնորդներից մեկը: Իհարկե, շուտով բոլորն էլ հնարավորություն ունեցան ծանոթանալ «Քարֆուր»-ի ընդարձակ ու հարմարավետ սրահին, ապրանքների լայն տեսականուն ու գնային քաղաքականությանը: Աշխատանքի ավարտին գնումներ կատարեցինք նաեւ մենք՝ լրագրողներս:):

«Քարֆուր» խանութը


Նշենք, որ այստեղ առաջարկվում է 14000 պարենային ու ոչ պարենային ապրանք՝ ներառյալ «Քարֆուր» ապրանքանիշի ավելի քան 2800 տեսակի եզակի մթերք: Դրանց թվում կարելի է գտնել օրգանական, բիո եւ գլյուտեն չպարունակող տարատեսակներ, թարմ ձուկ՝ ներկրված Ֆրանսիայից ու Եվրոպական միության այլ երկրներից: «Քարֆուր»-ն առաջարկում է նաեւ տեղական արտադրանքի լայն տեսականի, «տնական» ուտեստներ, ինչպես նաեւ ֆրանսիական թարմ հացաբուլկեղեն, որը թխվում է տեղում: Տարբեր բաժիններով շրջելիս աչքի են ընկնում նաեւ պատերին փակցված «Գիտե՞ք արդյոք» գրությամբ պաստառները, որտեղ ներկայացված են որոշ մթերքների օգտակար հատկությունները կամ ճիշտ օգտագործման եղանակները:

Այստեղ կարելի է առանձնացնել նաեւ բաժինների հարմարավետ դասավորությունն ու կահավորումը, ինչը թույլ է տալիս ինքնուրույն եւ ավելի արագ կողմնորոշվել խանութի տարածքում: Նախ`յուրաքանչյուր ապրանքի կողքին կգտնեք դրոշներ, որոնք հուշում են, թե որ երկրի արտադրանք է այն: Այստեղ ավելի հաճախ կարելի է հանդիպել նաեւ «Քարֆուր ապրանքներ» մակնշմամբ տեսականու, ինչն էլ իր հերթին հուշում է, որ դրանք արտադրված են հատուկ Քարֆուրի համար եւ ներկայացված են աշխարհի տարբեր երկրներում գործող բոլոր «Քարֆուր» խանութ-սրահներում: Ալկոհոլային խմիչքների սիրահարներին էլ կուրախացնի «Գինու մառան» ընդարձակ սրահը, որտեղ ներկայացված է տարատեսակ խմիչքների լայն տեսականի:

«Քարֆուր» խանութը


Խանութ-սրահի պաշտոնական բացմանը ներկա էին Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը եւ Քարֆուր Հայաստանի, Վրաստանի ու Պակիստանի գլխավոր գործադիր տնօրեն Մարք Քորբիոն:

«Շատ ուրախ ենք Երեւանում երկրորդ «Քարֆուր» խանութի բացման առթիվ: Այն վերահաստատում է մեր դիրքերը տեղական շուկայում: Նորաբաց խանութի շնորհիվ մենք կկարողանանք հաճախորդների ավելի լայն շրջանակի սպասարկել եւ նրանց հաճելի գնումների առիթներ պարգեւել՝ առաջարկելով բարձրորակ միջազգային եւ տեղական ապրանքներ` մրցակցային գներով: Մեր գործունեության ընդլայնումն ապացուցում է մեր նվիրումն ու պատրաստակամությունը՝ նպաստելու տեղական ցանցային շուկայի զարգացմանը` միեւնույն ժամանակ հաճելի պահեր պարգեւելով մեր հաճախորդներին ամեն օր»,- լրագրողների հետ զրույցում նշեց Քարֆուր Հայաստանի, Վրաստանի ու Պակիստանի գլխավոր գործադիր տնօրեն Մարք Քորբիոն, ով նույնպես ներկա էր խանութի բացմանը:

«Քարֆուր» խանութը


Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրեն Վաչե Արսենն էլ BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ նորաբաց խանութում ներկայացված է 14 000 անուն ապրանք, որոնցից մոտ 3000-ը Քարֆուր ապրանքներն են.«Խանութի առանձնահատկությունն այն է, որ գործում է եվրոպական չափանիշներին համապատասխան, բարձր որակով ու մատչելի գնային քաղաքականությամբ: Քարֆուրը միջազգային խոշոր կազմակերպություն է, որի ցանցին են պատկանում տարբեր հիպերմարկետներ ու սուպերմարկետներ աշխարհի բազմաթիվ երկրներում: Ներկայում Քարֆուրն առաջարկում է պարենային ու ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ տնտեսական ապրանքների լայն տեսականի»:

Հիշեցնենք, որ Քարֆուրի առաջին հայաստանյան մասնաճյուղը բացվել է 2015թ.-ի մարտին: Ընկերության ղեկավարներն ասում են, որ նպատակ ունեն նոր խանութներ բացել Հայաստանում՝ այդպիսով նպաստելով երկրի տնտեսության եւ ցանցային բիզնեսի զարգացմանը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW