Շառլ Ազնավուրի հրապարակում երեկ` հուլիսի 7-ին, ժամանակը մի պահ կանգ էր առել. “Մոսկվա” կինոթատրոնին հարող տարածքում հավաքված հայտնի ռեժիսորներից, դերասաններից մինչեւ շարքային հանդիսատես իրենց ուշադրությունը սեւեռել էին մեկ անձի վրա` զինված ֆոտոխցիկներով եւ բջջային հեռախոսներով` ֆիքսելու կայանալիք արարողությունը:
Շառլ Ազնավուրը
Մեծանուն հայն իր անունը կրող հրապարակ եկավ պատվիրակության ուղեկցությամբ, որը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: 89-ամյա շանսոնյեն Երեւան է ժամանել որպես 10-րդ “Ոսկե ծիրան”-ի պատվավոր հյուր, եւ հոբելյանական կինոփառատոնը մեկնարկեց նրա աստղի բացմամբ:
“Մեծատառով մարդ, ամենափայլուն տաղանդ, աստղ”. այպես բնութագրեց Շառլ Ազնավուրին Էդվարդ Նալբանդյանը, իսկ լեգենդար շանսոնյեն նշեց հետեւյալը. “Կյանքիս ընթացքում ինձ այնքան մեծարեցին, բայց հասակս նույնը մնաց”:):
Շառ Ազնավուրի աստղն իր իսկ անվան հրապարակում
Շառլ Ազնավուրին ներկայացնելն ու բնութագրելը բավական դժվար է. խոսքերը բավարար չեն: Կենդանի լեգենդ, աշխարհահռչակ շանսոնյե, երաժիշտ, դերասան, հասարակական գործիչ եւ ամենից կարեւորը՝ մեծանուն հայ: 1924 թվականին հայ գաղթականների ընտանիքում ծնված Շահնուր Վաղինակ Ազավուրյանը դեռ մանուկ հասակում սիրահարվեց թատրոնին ու որոշեց իր ճակատագիրը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Շառլ Ազնավուրը
Հինգ տարեկան էի, երբ ֆրանսիացի հայտնի երգիչների եւ դերասանների հետ, որոնց ելույթը ցուցադրում էին հեռուստատեսությամբ, հավասար երգում էի Շառլ Ազնավուրի եւ Ժորժ Կառվարենցի հեղինակած “Pour toi Armenie’’/“Քեզ համար, Հայաստան” երգը` գրված 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: Իհարկե, բառերը չգիտեի, բայց երգում էի ու բոլորն էին երգում` մեծից փոքր: Շառլ Ազնավուրը յուրաքանչյուր հայ ընտանիքի անտեսանելի անդամն է, ում սիրում ու սպասում են եւ, իհարկե, հպարտանում:
Շառլ Ազնավուրը
Երբ որեւէ վայրում հայտնվում է Ազնավուրը, նրա կողքին են լինում խոհեմությունը, համեստությունը, իմաստությունն ու սերը, որոնք տարածվում են ներկաների վրա: Պետք է խոստովանեմ` երբեք չեմ երազել տեսնել նրան, որովհետեւ կարծես արդեն իսկ կայացել էր մեր հանդիպումը. Ազնավուրն ինձ համար անհասանելի, անիրական, հեքիաթային կերպար է: Այսօր ուրախ եմ, որ հանդիպեցի նրան, ում ձայնը հնչել է մեր տանն իմ մանկության տարիներից, ում մասին գիրքը դրված է դարակում, ում անունը լսելիս մշտապես հպարտանում եմ, որ հայ եմ:
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսուհետ եւս մեկ աստղ ունենք, որը լեգենդար շանսոնյեի՝ 2013 թվականի հուլիսին Երեւան կատարած այցի լուռ վկան է եւ մշտապես կշողա ու կջերմացնի հայերին` ոգեշնչելով արվեստի նոր գործեր ստեղծել:):
Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: