Օգոստոսի 16-ին Վրաստանում առաջին անգամ կայացավ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի համերգը: Նրա ելույթը նվիրված էր Ախալցխայի բերդի եւ դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթի հանդիսավոր վերաբացմանը:
Շարլ Ազնավուրը
Pik.tv կայքը անդրադարձել է ֆրանսահայ շանսոնյեի ելույթին եւ տոնական միջոցառման բացմանը: Համալիրի վերակառուցման համար Վրաստանի կառավարությունը հատկացրել է մոտ 15 միլիոն դոլար: Համալիրի ամֆիթատրոնում էլ կայացել է Ազնավուրի համերգը:
Համերգին ներկա է եղել 20 հազար հանդիսատես, այդ թվում՝ տարբեր երկրների պաշտոնական ներկայացուցիչներ: Տեղադրված չորս տարբեր բեմերի վրա կայացել են համերգային եւ թատերական տարբեր ներկայացումներ, նաեւ մնջախաղի ցուցադրություն: Համերգի բացմանը մասնակցել են տարբեր ֆոլք համույթներ, դաշնակահարներ եւ օպերային կատարողներ:
Շարլ Ազնավուրի անունով Ախալցխայում աստղ է տեղադրվել
Նախկինում այստեղ ռուսական ռազմական հոսպիտալ էր, այժմ` «Րաբատի» ամֆիթատրոնը, որի բեմում կայացավ միջոցառման կարեւոր հյուրի` 1000-ից ավելի երգերի հեղինակ, կենդանի լեգենդ Շարլ Ազնավուրը ելույթը: Մեկ ու կես ժամերի ընթացքում շանսոնյեն կատարեց իր ամենահայտնի ու լավագույն երգերը:
Ազնավուրը այս քաղաքի հետ կապված շատ հիշողություններ ունի: Երգչի հայրը ծնվել է Ախալցխայում: Հենց այստեղից է Ազնավուրյանների ընտանիքը մեկնել Հունաստան, հետո արդեն Ֆրանսիա, որտեղ էլ ծնվել է երգիչը: Ախալցխայում են թաղված շանսոնյեի տատիկն ու պապիկը:
Ախալցխայում կայացել է Շարլ Ազնավուրի ելույթը
Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության որոշմամբ այստեղ տեղադրվել է Շարլ Ազնավուրի անունով աստղ: Երեկոն ավարտվել է ճոխ հրավառությամբ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Pik.tv
Լուսանկարները՝ Վրաստանի նախագահի անձնական էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: