“32 թատրոն”-ում օրերս հնչում էր ժողովրդական երաժշտություն. բեմում “Շողակն” անսամբլի երաժիշտներն էին: Երեւանյան մենահամերգին անսամբլը ներկայացրել է ինչպես բազմիցս կատարված աշուղական ու ժողովրդական երգեր, այնպես էլ “Սարի լալա”, “Մաճկալ ես”, “Յարը մարդու յարա կուտա” երգերը նորովի մեկնաբանությամբ:
"Շողակն" անսամբլի երեւանյան համերգին
Դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ անսամբլի երաժիշտների ակունքները գալիս են “Ակունք” ազգագրական անսամբլից.“Մենք Մարո Մուրադյանի դպրոցի ներկայացուցիչներն ենք: Ցավոք, չենք կարողանում հաճախ համերգներ ունենալ, այդ պատճառով էլ Հայաստանում մեր մասին շատերը չգիտեն: Երբեմն հանդիպումներ ենք ունենում դպրոցներում, տարբեր տարիքի մարդկանց հետ, բայց պարբերական բնույթ չի կրում, քանի որ ժամանակատար է, իսկ անսամբլի ամեն երաժիշտ մի քանի տեղ է աշխատում”:
1995 թվականին Երեւանում հիմնադրված անսամբլը ներկայացնում է հայկական ժողովրդական երգը եւ նվագարանները` դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն, քամանչա, շվի, բլուլ, ուդ եւ դափ: “Շողակն” անսամբլն իր առաքելությունը համարում է ժողովրդական արվեստում կոմիտասյան ավանդույթների պահպանման եւ սերունդներին փոխանցելու գործը:
"Շողակն" անսամբլի երեւանյան համերգին
Անսամբլի երաժիշտներն են ՀՀ վաստակավոր արտիստներ Գեւորգ Դաբաղյանը /դուդուկ, զուռնա/, Հասմիկ Հարությունյանը /վոկալ, ուդ/, Կարինե Հովհաննիսյանը /քանոն/, Լեւոն Թեւանյանը /շվի, թավ շվի, բլուլ/, Վարդան Բաղդասարյանը /քամանչա/, նաեւ Ալեքսան Հարությունյանը /վոկալ, դափ/, Կամո Խաչատրյանը /դհոլ/ եւ Գրիգոր Թաքուշյանը /դուդուկ դամ/:
Ի դեպ, Գեւորգ Դաբաղյանը հայտնել է, որ օրեր առաջ է վերադարձել Ֆրանսիայից, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շենքում երրորդ անգամ համերգ է ունեցել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին.“Ինձ հետ ելույթ ունեցող երգչախմբում ընդգրկված էին ոչ միայն հայ, այլեւ այլազգի երեխաներ: Նաեւ միացել էր “Միրզոյան” քառյակը եւ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը: Հունիսին կրկին կմեկնեմ եվրոպական մի քանի քաղաք` նվագելու եւ դասախոսությունների: Իմ անհատական օրակարգն էլ հագեցած է, դա էլ է նպաստում, որ անսամբլով չենք կարողանում հաճախ ելույթ ունենալ”:
“Շողակնը” մենահամերգներով հանդես է եկել ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Միացյալ Նահանգներում: Անսամբլի երաժիշտների ինքնատիպ կատարումներն ընդգրկվել են Ատոմ Էգոյանի “Արարատ” ֆիլմում: 2014 թվականին համույթը համերգներ է ունեցել Շվեյցարիայում եւ Պորտուգալիայում, այս տարվա աշնանն էլ նախատեսված է համերգ Լեհաստանում:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: