Յուրաքանչյուր նոյեմբեր Avenue des Fleurs-ը ծաղկային սրահից վերածվում է Ամանորի հեքիաթի. այսպես է ընկերության թիմը դիմավորում ձմեռը՝ անցորդներին փոխանցելով տոնական տրամադրություն:
Մենք զրուցել ենք ընկերության գլխավոր ֆլորիստ-դիզայներ Շուշան Աղաջանյանի հետ, ում նվիրումն ու ծաղիկների հանդեպ մեծ սերը շուրջ 13 տարի ձեւավորում են ընկերության յուրօրինակ ձեռագիրը։
- Շուշան, ողջույն։ Avenue des Fleurs-ում եք արդեն 13 տարի, խոսենք Ձեր անցած ուղու մասին:
-Սկսեմ նրանից, որ առաջին մասնագիտությամբ հաշվապահ եմ… (ծիծաղում է,-հեղ.):
- Ա՜յ, քեզ անակնկալ: Իսկ այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ հաշվապահը հայտնվեց ծաղիկների աշխարհում։
- Հաշվապահ աշխատելու տարիներին աստիճանաբար սկսեցի գիտակցել, որ թվերի հետ աշխատանքն ինձ խորթ է: Ես արվեստի մարդ եմ. մանկուց սիրում էի նկարել, ստեղծագործել: Ինձ ստեղծագործելու տարածք եւ ազատություն էր հարկավոր, որը տարիներ անց գտա ծաղիկների աշխարհում։ Այստեղ բոլոր հետաքրքիր գաղափարներն իրականություն ենք դարձնում եւ մարդկանց հաճելի էմոցիաներ պարգեւում:
Շուշան Աղաջանյանը
- Եվ Դուք մի օր եկաք Avenue եւ ասացիք, որ ուզում եք ֆլորիստ աշխատել:
- Կուզեի, իհարկե, որ այդպես լիներ (ծիծաղում է,-հեղ.), սակայն Avenue des Fleurs ընտանիքում հայտնվելու ճանապարհն այդքան էլ հարթ ու դյուրին չէր։ Տարիներ առաջ, երբ հստակ որոշել էի նոր մասնագիտություն ձեռք բերել, աչքովս մի հայտարարություն ընկավ. Երեւանի ամենահին ծաղկի սրահներից մեկում ֆլորիստների դասընթացներ էին անցկացնում։ Տարօրինակ զգացողություն ունեցա. ասես հենց նոր գտա փնտրտուքներիս պատասխանը։ Այն ժամանակ այդ սրահը շուկայի առաջատարն էր, եւ առաջին գիտելիքներս ստացա քաղաքի ամենահին ծաղկի սրահներից մեկում. այսպես սկսվեց ֆլորիստի իմ կարիերան ծաղկարվեստում:
- Եվ Դուք հասկացաք, որ գտել եք Ձեր առաքելությունը։
- Դե՛, իրական գիտակցումը եկավ տարիներ անց։ Ի սկզբանե, ես ուղղակի երջանիկ էի, որ բացահայտել եմ գույնի եւ բույրի անվերջ գեղեցիկ մի աշխարհ, գտել եմ աշխատելու եւ զարգանալու նոր ուղղություն, որը մեկտեղեց իմ՝ թե՛ ազատ ստեղծագործելու, թե՛ նկարելու ձգտումը։
- Իսկ հետո՞։
- Հետո եկավ մի պահ, երբ հասկացա, որ ուզում եմ հասնել ավելիին, ավելի ազատ ստեղծագործել, ավելի նորարար թիմում աշխատել: Որոշեցի փոխել աշխատանքիս վայրը եւ անցա փորձնական շրջան Avenue-ում, որտեղից հրավեր էի ստացել:
Հետաքրքիր ճանապարհ եմ անցել` լի ձգտումներով եւ իրագործված ծրագրերով։ Այս ընթացքում մեր թիմի հետ անթիվ, շատ տարբեր, գեղեցիկ ծաղկեփնջեր ենք ստեղծել, ձեռք ենք բերել հավատարիմ հաճախորդների բանակ, բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել։
Երբ սիրում ես աշխատանքդ, տարիները գեղեցիկ ակնթարթի պես են անցնում։ Ծաղիկների հետ ձանձրանալն անհնար է․ այս բնագավառն այնքան հետաքրքիր ու գունեղ է, ծաղկարվեստը՝ ստեղծագործական լայն ու գեղեցիկ դաշտ։ Յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատելիս, կարծես, նոր պատմվածք ընթերցես:
- Կարծում եմ՝ տարբեր մարդկանց հետ աշխատելիս շատ հետաքրքիր պատմություններ են պատահում։
- Շա՜տ։ Մի անգամ մի տղա ուզում էր շնորհավորել իր սիրելիի 19-ամյակը: Մենք պատրաստեցինք 19 տարբեր փունջ, որոնք 19-ը տարբեր մարդ նվիրեցին այդ աղջկան։ Աղջիկը շա՜տ էր հուզվել, հիշում եմ նույնիսկ արտասվեց ուրախությունից։
Մի անգամ էլ Ամանորի նախօրեին խանութ մտավ երիտասարդ աղջիկների մի խումբ։ Նրանց այցով սրահում հրաշալի տոնական մթնոլորտ տիրեց: Այնքան ուրախ էին ու զվարթ, որ բոլորիս այդ շնչով ու եռանդով վարակեցին. զրուցում էինք, կատակում: Նրանք էլ մեզ պես անհամբերությամբ սպասում էին, որ ձյուն գա:
Աղջիկները սպիտակ վարդեր գնեցին եւ բարձր ծիծաղելով գնացին։ Մեկ րոպե անց մեր աշխատակիցներից մեկը ոգեւորված հայտարարեց` դրսում ձյուն է, եւ մենք բոլորս մոտեցանք պատուհանին: Բայց պարզվեց, որ դա մեր գեղեցկուհի հաճախորդներն էին. նրանք վարդի սպիտակ թերթիկները շաղ էին տալիս իրար վրա եւ երգում Ամանորի երգեր: Որոշել էին «հրաշքներ գործել եւ մեզ համար ձյուն բերել»: Շատ գեղեցիկ պահ էր։ Այսպիսի ջերմ պատմություններ կարող եմ շատ պատմել (կրկին ժպտում է,-հեղ.)։
Շուշան Աղաջանյանը
- Ամանորին բոլորն ամփոփում են անցած տարին. 2019-ին Avenue des Fleurs-ը հանդես եկավ շատ վառ եւ գեղեցիկ նախագծերով՝ «Նվիրի՛ր ծաղիկ առանց առիթ» հեծանվային շքերթը, «Flower Power», Santa’s House»․․․
- Այս տարին մեր ընկերության համար իսկապես շատ հագեցած էր։ Մեր ընթացիկ աշխատանքի եւ նախագծերի հետ զուգահեռ հանդես եկանք մասշտաբային նախագծերով, որոնցից յուրաքանչյուրը մեզնից ստեղծարար մոտեցում եւ մաքսիմալ վարպետություն պահանջեց։
«Նվիրի՛ր ծաղիկ առանց առիթ» հեծանվային շքերթով մենք ցանկանում էինք զարգացնել առանց առիթ ծաղիկներ նվիրելու մշակույթը։ Ստացվեց շատ ուրախ եւ բարի միջոցառում, որի ժամանակ հեծանվորդները մարդկանց բաժանեցին 1000 ծաղկեփունջ, իսկ քաղաքի տաբեր հատվածներում տեղադրված կրպակներից բնակիչներն այդ օրը հնարավորություն ունեցան խորհրդանշական գումարով ծաղիկներ գնել եւ նվիրել՝ առանց առիթի ժպիտ պարգեւելով բոլորին:
Այս շքերթը հիշեցում էր, որ մեր կյանքի բոլոր կարեւոր իրադարձություններն անցնում են ծաղիկների «ուղեկցությամբ»։ Ուրախություն, թե՛ վիշտ, սեր, թե՛ հույս արտահայտելու համար մարդիկ ծաղիկների լեզվով են «խոսում», «փաթեթավորում» իրենց զգացմունքները։ Ծաղիկները խոսքերից ավելի համոզիչ կպատմեն գրեթե ամեն բան։
Մյուս մեծ նախագիծը, որը միավորել էր քաղաքի ամենախարիզմատիկ եւ յուրօրինակ աղջիկներին՝ «FlowerPower» ֆլեշմոբն էր։ Իրականացրել էինք հատուկ ֆոտոշարք Երեւանում ապրող վառ եւ նրբագեղ, ուժեղ եւ ոգեշնչող, տարբեր հետաքրքրություններ, մասնագիտություն եւ ապրելակերպ ունեցող կանանց ու աղջիկների մասնակցությամբ: Ցուցաբերելով ծաղիկների հետ աշխատելու հմտություններ եւ օգտագործելով Avenue des Fleurs-ի հարուստ տեսականու բազմազանությունը՝ մեր թիմը յուրաքանչյուր մասնակցի համար ստեղծել էր եզակի, չկրկնվող ծաղկային կերպար։
«FlowerPower» նախագիծը նվիրված էր կանանց, որոնցից յուրաքանչյուրը վառ անհատականություն է: «FlowerPower»-ի արձագանքները եւս շատ ջերմ էին եւ ոգեւորիչ, կարծում եմ՝ մեր ֆլորիստների թիմին հաջողվեց ծաղկային ստեղծագործություններում արտահայտել մասնակիցների ներքին ուժը, բնույթն ու խառնվածքը։
Շուշան Աղաջանյանը
Այս տարի մեզ համար հետաքրքիր փորձառություն էր նաեւ մեր գործընկերների՝ Հայաստանում աննախադեպ եւ մեգա նախագծում` «Gastro Couture»-ում, մասնակցություն ունենալը: «Երեմյան Փրոջեքթս» ընկերության առաջարկով համեղ նորաձեւության տոնին մեր թիմը ձեւավորեց դահլիճում տեղակայված 50 մետր երկարությամբ առատ սեղանը՝ լի հայկական ավանդական ուտեստներով եւ քաղցրավենիքով, եւ ստեղծեց հայկական արքունական խնջույքի մթնոլորտ: «Gastro Couture»-ը մեզ համար նորովի ներկայանալու, մեր թիմի կրեատիվը ցույց տալու հնարավորություն էր։
Ամանորին ընդառաջ մեր թիմը զբաղվում է նաեւ շենքերի արտաքին ծաղկային եւ լուսային տոնական զարդարանքով։ Ես շատ եմ սիրում ամանորյա ձեւավորման հետ կապված մեր բոլոր նախագծերը․ ամեն մեկը մի մարտահրավեր է` թե՛ նորարար պետք է լինենք, թե՛ գոհացնենք հաճախորդին, թե՛ զարմացնենք հյուրերին, եւ թե՛ պահպանենք Ավենյու դը Ֆլյորի ձեռագիրը։
Եվ քանի որ խոսեցինք ձեւավորումից, անպայման պետք է նշեմ մեր՝ «Santa’s House» նախագիծը, որը սպասված եւ շատ սիրված է թե՛ մեր թիմի, թե՛ մեր մշտական հաճախորդների, թե՛ Երեւանի բնակիչների կողմից։ Ամեն ձմեռ Avenue des Fleurs-ը ներկայացնում է ամենագեղեցիկ եւ հեքիաթային զարդարանքը՝ Սանտայի տնակում, որտեղ մեր հյուրերը վարակվում են տոնական տրամադրությամբ եւ նվերների ու հրաշքների մոգական մթնոլորտով: Այս տարի «Santa’s House»-ը տեղակայված կլինի Բյուզանդ-Մաշտոց խաչմերուկում։
***
Avenue des Fleurs-ը 2006 թվականից պրոֆեսիոնալ եւ ստեղծարար աշխատանքի շնորհիվ Հայաստանի ծաղկային ձեւավորման ոլորտում զբաղեցնում է իր առանձնահատուկ տեղը: Avenue des Fleurs-ի կողմից իրականացվող կոնցեպտուալ ծաղկային ձեւավորումները կյանքի կարեւոր պահերի եւ իրադարձությունների մասն են: Ընկերությունը, հանդես գալով հետաքրքիր նախագծերով, առաքելություն ունի հասարակությունում զարգացնելու ծաղիկ նվիրելու մշակույթը:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: