Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը «Առաջնորդները» սերիալի ավարտից հետո հեռուստադիտողներին կներկայացնի նոր նախագիծ: Թե ինչու է սերիալը կոչվում «Նռան հատիկ», ովքեր են ընդգրկված դերասանական կազմում, ինչ պատմություն են այս անգամ ներկայացնելու, նա պատմել է BRAVO.am-ին, նաեւ լուսանկարներ տրամադրել նկարահանման հրապարակից:
«Նռան հատիկ» սերիալի նկարահանումներին
«Նուռը կյանք է, կյանքը` սեր, իսկ մենք ներկայացնելու ենք մաքրամաքուր սիրո պատմություն, որը, սակայն, նռան պես արյուն է բերում: Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսը նռան ծառ է նվիրում հերոսուհուն, ինչն էլ հենց մաքրության, սիրո խորհրդանիշ է»,-ասել է Դիանան:
Գլխավոր հերսուհու դերում Ռոզա Ֆիլբերգն է՝ երգիչ Մհերի հարազատ քույրը: «Ռոզայի հետ բավական մտերիմ եմ, եւ երբ ծնվեց նման ֆիլմ ունենալու միտքը, միանգամից նրան պատկերացրի: Գրելիս գրեթե ամեն բան ինքնըստինքյան ստացվում է: «Առաջնորդներ»-ի ավարտից հետո գրեցի 25 մասանոց ֆիլմ, որից անմիջապես հետո ձեռնամուխ եղա այս աշխատանքի իրականացմանը»,-նշել է սցենարիստը եւ հավելել.«Ստեղծագործական գործընթացն այնքան հետաքրքիր է: Ընկնում ես մտորումներով եւ հասկանում, թե ինչ պատմություն ես այս անգամ ուզում հորինել եւ ներկայացնել հեռուստադիտողներին: Առհասարակ, շատերը գրում են որեւէ գործ, նոր միայն ընտրում վերնագիրը, իսկ իմ դեպքում դրանք միաժամանակ են ծնվել: Երբ պատկերացրի, որ առաջին տեսարանում տղան եւ աղջիկը պետք է խոտի դեզի վրա նստած միմյանց սեր խոստովանեն, նաեւ նուռ հյուրասիրեն, որից էլ մեկ հատիկն ընկնում է, որոշեցի` անվանումը պետք է լինի «Նռան հատիկ»: Հետո ընկած նռան հատիկը զուգահեռվեց հերոսի մահվան հետ եւ այլն»:
«Նռան հատիկ» սերիալի նկարահանումներին
Այս նախագծի համար Դիանան նոր դեմքեր է ընտրել: Սերիալում ընդգրկված են Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Արա Դեղտրիկյանը, Լեւոն Հարությունյանը, Ագնեսա Շահնազարյանը, Ռուզան Վիթ-Մեսրոպյանը, Արսեն Լեւոնյանը, Հայկ Չոմոյանը եւ այլք.«Նոր աշխատանքս անմիջապես հաջորդելու էր նախորդին, այդ իսկ պատճառով ճիշտ չէր լինի նույն դերասանների հետ աշխատելը: Հեռուստադիտողին չպետք է հոգնեցնել եւ անընդհատ նույն դեմքերին ներկայացնել: Մարդկանց աչքը թարմություն է ուզում, որպեսզի սկսի նրանցով ապրել: Սակայն, սա չի նշանակում, որ նախորդ սերիալներում ինձ հետ աշխատած դերասանները չեն լինի նորում: Մեր մեծ ընտանիքում պարզապես համալրումներ են լինում: Մինչ հեռուստադիտողը կսկսի նոր դեմքերով եւ նրանց կյանքով ապրել, շատ սիրելի եւ պրոֆեսիոնալ դերասաններ նոր ու հետաքրքիր զարգացումներով մուտք կգործեն նախագիծ»:
Դիանան շեշտել է նաեւ, որ չի մոռանում եւ գնահատում է իր հետ աշխատած պրոֆեսոիանալ դերասաններին.«Իմ Ալբերտը Սաֆարյանը, Աիդա Բաբաջանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ստեփան Ղամբարյանը եւ այլք շատ բազմաշերտ եւ մեծ դիապազոն ունեցող դերասաններ են, ինչի արդյունքում էլ կարողանում եմ իրենց փոխել ու մշտապես նոր կերպարով ներկայանալ: Հուսամ` նոր անձնակազմով մեր երթը նույնպես լավ պտուղներ կտա»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դիանա Գրիգորյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: