Նաիրա Մովսիսյանը երկրորդ անգամ Միացյալ Նահանգներ ոտք դնելուց հետո մրցանակով է վերադարձել Հայաստան:): Նոյեմբերին տեղի ունեցած “Armenian Golden Star 2012”-ին դերասանուհին մրցանակ է ստացել “Դոն Ժուան ավիա” ներկայացման մեջ կնոջ լավագույն կերպար մարմնավորելու համար:
Նաիրա Մովսիսյանը
Թատերական ոլորտում առաջին մրցանակը ստանալիս Նաիրան բեմ է բարձրացել սպիտակ երկար զգեստով, որը, ըստ նրա, քննարկվել է այն պատճառով, որ փեշին իր անուն-ազգանունն է գրված եղել. “Նախքան բեմ բարձրանալը տեղյակ էի մրցանակի մասին: Անունս լսելիս ու մրցանակը ստանալիս անուշադիր էի, միայն հիմա եմ պատասխանատվություն ու պարտավորվածություն զգում, ուրախ եմ, որ աշխատանքս գնահատվել է”, - BRAVO.am-ին պատմել է նա:
Նաիրա Մովսիսյանը
24-ամյա դերասանուհին մոտ մեկ ամիս հանգստացել է Միացյալ Նահանգներում. իր գործընկերների եւ ընկերների հետ մեկնել է Լաս Վեգաս, Սանտա Մոնիկա, Գլենդեյլ ու այլ վայրեր: Լաս Վեգասում Նաիրան խաղատանը հաղթել է ու գումարով դուրս եկել այնտեղից:). “Հայտնի խոսք կա` Վեգաս առաջին անգամ մտնողը միշտ իր հետ տանում է. ընկերներիս եւ իմ հաջողակության շնորհիվ ես այդ առաջին անգամը հաղթեցի. 20 դոլար դրեցի, 140 դոլար շահեցի:): Բացի գումարից, ընկերներիս նվիրած “Օսկար” արձանիկն էլ եմ բերել Հայաստան, որի իրականը, հուսով եմ` մի քանի տարի հետո կունենամ”:
Նաիրա Մովսիսյանը, Մեգի Գրիգորյանը, Աննա Արմենակյանը եւ Արփինե Բեկջանյանը
Ամերիկաբնակ դիզայներ Միքայել Շարաֆյանի հետ էլ Նաիրան այցելել է Յոգանանդայի սրբավայրն ու շատ տպավորվել այնտեղ տիրող մթնոլորտով. “Էներգիայով լի, դրախտային վայր էր: Շատ հետաքրքիր ու կարեւոր էր ինձ համար այնտեղ լինելը եւ Սուրբ Մարիամ Աստվածածնի կիսանդրիի մոտ աղոթելը”:
Դերասանուհին որքան էլ հավանել է ամերիկյան ապրելակերպը, բայց տեղափոխվելու մտադրություն դեռ չունի. “Հայը չպետք է լքի իր հողը, բայց մյուս կողմից էլ, եթե ուզում եմ որպես դերասան առաջ գնալ, միայն Հայաստանով սահմանափակվելը շատ քիչ է: Չեմ ուզում ոգեւորվածությունս անցնի, դառնա հայկական կենցաղ, այստեղ ամեն ինչ շատ ծանոթ է, առեղծվածի տեղ չկա, իսկ այնտեղ նպատակիդ հասնելու համար անընդհատ աշխատում ես, քեզ փորձում տարբեր քասթինգների ժամանակ եւ ավելիին հասնելու հնարավորություն ես ունենում”:
Զրույցի վերջում Նաիրան նշել է, որ իր ամենասիրելի տոնը` Նոր տարին, անցկացնելու է իր մտերիմների հետ` Երեւանում. “Մեր ամեն օրը նոր սկիզբ է, իսկ Նոր տարին մեր կյանքում նոր շատ բաների սկիզբ է: Ամանորի գիշերը, սովորաբար, չեմ աշխատում, այս տարի էլ դեկտեմբերի 31-ին կհանգստանամ”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` La Fate Studio-ի եւ Նաիրա Մովսիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: