Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայ հանդիսատեսն օրերս վայելել է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան՝ օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի կատարմամբ, որոնք ելույթ են ունեցել հայազգի անվանի երաժիշտ Ջորջ Փեհլիվանյանի դիրիժորությամբ:
Դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը
Ջութակահար եւ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը ծնվել է Բեյրութում: Երկար ժամանակ բնակվել է ԱՄՆ-ում եւ Փարիզում: 1987 թվականից Փեհլիվանյանը հանդես է եկել որպես դիրիժոր Նյու Յորքի Կարնեգի Հոլում, ղեկավարել է Փարիզի, Մոնտե Կառլոյի, Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի, Չիկագոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը եւ արժանացել հեղինակավոր մի շարք մրցանակների:
Ջորջ Փեհլիվանյանը ղեկավարել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը
1992 թվականներից սկսած` Փեհլիվանյանը մի քանի անգամ հանդես է եկել Երեւանում, սակայն սա նրա առաջին համերգն էր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում.“Մայրս` Արփինե Փեհլիվանյանը, 1960 թվականին այս բեմում երգել է “Անուշ’’ օպերայի բեմադրության ժամանակ: Հուզիչ է, որ տարիներ անց կարողացա այդ նույն բեմում նվագախումբ ղեկավարել’’,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երաժիշտը:
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը
Խոսելով Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասին` Ջորջ Փեհլիվանյանն իր հիացմունքն է հայտնել.“Չգիտեի, որ մեր նվագախումբն այսքան բարձր մակարդակ ունի: Փորձերը շատ լավ են ընթացել, յուրաքանչյուր երաժիշտ լավագույնս դրսեւորեց իրեն: Բեթհովենի 9–րդ սիմֆոնիան էլ խորհրդանշական է. աշխարհին հույս է փոխանցում: Հուսով եմ` այս երաժշտությունը խաղաղություն տարածեց նաեւ մեր երկրում’’,-ասել է երաժիշտն ու նշել, որ հենց ազատ ժամանակ ունենա, կրկին կայցելի հայրենիք:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: