×


Ջուլիա Սաղաթելյանի կյանքն ավտովթարից ամիսներ անց

2015-ի հոկտեմբերին Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին ավտովթարի ենթարկված Ջուլիա Սաղաթելյանն այժմ ապաքինման փուլում է: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին հայտնել է, որ անհրաժեշտ գումարը հավաքվելուց հետո կատարվել է ողնաշարի վիրահատությունը, իսկ ոտքի վիրահատության կարիք, բարեբախտաբար, չունի.«Բժիշկներս ասացին, որ վիճակս բավարար է, մերսումներով ու այլ միջոցներով կկարողանամ ոտքի կանգնել: Ուրախ եմ, որ նորից վիրահատության չեմ ենթարկվի։ Վերականգնվելու համար մոտ վեց ամիս է պետք, հուսով եմ` ավելի լավ կզգամ, քան հիմա»։

Ջուլիա Սաղաթելյան


Նա փորձում է օրվա ընթացքում մի քանի րոպե հենակների օգնությամբ տեղաշարժվել.«Այնքան պետք է փորձեմ, մինչեւ զգամ` ձեռնափայտերը պետք չեն։ Քանի որ տանն եմ, զբաղվում եմ իմ նախասիրությամբ`  հագուստ եմ գործում մտերիմներիս համար։ Միշտ սիրել եմ գործել, բայց աշխատանքս շատ էր, չէի հասցնում, իսկ հիմա այնքան ազատ ժամանակ ունեմ, որ ինքս ինձ զբաղեցնում եմ»։

Ավտովթարից հետո դերասանուհու կյանքը փոխվել է.«Շատ բաների ավելի թեթեւ եմ նայում, քիչ եմ նեղվում կամ նեղանում։ Բարեկամներս ու ընկերներս հաճախ այցելում են, բայց երբ անցնեմ բնականոն կյանքի, կհասկանամ՝ որքանով եմ փոխվել։ Միշտ հանգիստ եմ տարել մենակությունը. ինձ միայնակ չեմ զգում, դեպրեսիայի մեջ չեմ, հատկապես երբ շատ մարդիկ ոգեւորում են, անգամ մայրիկիս դրսում տեսնելիս հետաքրքրվում են իմ առողջությամբ, շուտ վերականգնվելու համար խորհուրդներ են տալիս»։

Ջուլիա Սաղաթելյան


BRAVO.am-ի հարցին, թե ինքնուրույն քայլել կարողանալուց հետո որտեղ է առաջինը ցանկանում գնալ, Ջուլիան պատասխանել է.«Նկարահանման հրապարակ եմ ուզում վերադառնալ, շատ եմ կարոտել, միշտ դրա մեջ եմ եղել, հաճույքով եմ աշխատել։ Հիմա էլ եմ ուզում սերիալների քասթինգների մասնակցել, բայց հասկանում եմ, որ դեռ առողջ չեմ։ Ամեն ինչ անցողիկ է, սա էլ կանցնի, ուղղակի պետք է մի քիչ դիմանալ, կարեւորը` ապրում եմ: Կյանքը շարունակվում է:)»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Ջուլիա Սաղաթելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW