×


“Ռեանիմանիա”-ի հյուրերի հայկական պարերն ու կենացները

“ՌեԱնիմանիա 2015” անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի մեկնարկի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է։ Փառատոնի ավանդույթներից մեկը բացման պաշտոնական արարողությունից հետո մասնակիցների ոչ պաշտոնական միջավայրում շփումն է։

Վրեժ Քասունին եւ Ալեքսանդր Հեբոյանը


7-րդ փառատոնի հյուրերն ու ժյուրիի անդամները ֆիլմի ավարտից հետո երեկոն նշել են Վահագնի թաղամասում՝  համտեսելով հայկական ուտեստներ ու խմելով կենացներ հայկական գինով։ Այլազգի եւ սփյուռքահայ հյուրերը նաեւ սովորել են պարել հայկական ազգագրական պարեր։

“Ռեանիմանիա”-ի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին BRAVO.am-ին պատմել է, որ փառատոնային յուրաքանչյուր օրվա ավարտին կազմակերպիչներն ու հյուրերը հավաքվում են սեղանների շուրջ.“Սովորաբար, առաջին ու վերջին օրերի հանդիպումները ավելի մեծ մասշտաբով են լինում, քննարկում ենք մեր կատարած աշխատանքներն ու ավելի լավ ճանաչում իրար։ Ամեն տարի մեկ օր մեր կամավորներն ու հովանավորները կազմակերպում են հայկական երգ ու պարի երեկո, փառատոնն էլ դառնում է առիթ, որ միջազգային մասնագետները մեր մշակույթին ավելի լավ ծանոթանան։ Ցավոք, Հայաստանի տեսարժան վայրեր չենք ուղեկցում, քանի որ հյուրերը զբաղված են վարպետության դասընթացներով, եւ ովքեր հասցնում են, իրենց գլխի ճարը տեսնում են:)։ Վստահ եմ` հյուր ռեժիսորներից որեւէ մեկն իր ֆիլմում կօգտագործի Հայաստանը, ինչպես եղավ 2011-ին, երբ մեկը, “Նիվա” վարձելով, հասավ Արցախ եւ այդ մասին անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ նկարեց”։

"Ռեանիմանիա 2015" փառատոնի բացման երեկույթին


Վրեժ Քասունին տեղեկացրել է, որ արգենտինացի անիմատոր Խուան Պաբլո Զարամելան, ով կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի անդամ է, փառատոնի ընթացքում կպատրաստի Երեւանի մասին անիմացիոն ֆիլմ, որը կցուցադրվի փակման երեկոյին.“Զարամելան այսօր աշխարհի լավագույն երիտասարդ անիմատորներից մեկն է, նրա ֆիլմերը տարածում ու դիտում են տարբեր երկրներում։ Մեր ձեռքբերումներից մեկն է, որ 300-ից ավելի միջազգային մրցանակ ունեցող ռեժիսորը Երեւանի մասին ֆիլմ կնկարի”։

Բացմանը ցուցադրված “Մունեն. Լուսնի պահապանը” անիմացիոն ֆիլմի ֆրանսահայ ռեժիսոր Ալեքսանդր Հեբոյանը եւ համառեժիսոր Բենոի Ֆիլիպոն առաջին անգամ են Հայաստանում։ Արմատներով հայ անիմատորը նշել է, որ զգացված է հայրենակիցների ջերմ վերաբերմունքից. “Ինձ համար շատ լավ հնարավորություն է ծանոթանալ իմ արմատներին ու շփվել հայաստանցիների հետ։ Նաեւ, ինչո՞ւ ոչ, սովորել հայկական պարերը, որոնք ինձ համար հետաքրքիր ու յուրահատուկ են”։

"Ռեանիմանիա 2015" փառատոնի բացման երեկույթին


“Լավագույն ավարտական ֆիլմ” անվանակարգի ժյուրիի անդամ Շամիրամ Խաչատրյանը կարեւորում է ոչ պաշտոնական ձեւաչափով հանդիպումները. “Այսպիսի երեկոները հնարավորություն են տալիս նոր մարդկանց հետ շփվել, աշխատանքային նոր կապեր ձեռք բերել։  Ժյուրիի որոշ անդամների հետ վաղուց ծանոթ ենք, նոր մասնակիցների հետ էլ շփման առաջին փուլում ենք”։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW