×


Ռոզի Ավետիսովա.«Առաջին հերթին իմ հաճույքի համար եմ անում»

Խմբագրություն.am` այսպես է կոչվում Հանրայինի նոր սիթքոմը, որի առաջին մանրամասները BRAVO.am-ը ներկայացրել է: Նախագծում նկարահանվում է նաեւ Ռոզի Ավետիսովան, ով իր կերպարի, ոճային փոփոխության եւ այլնի մասին պատմել է մեզ հետ զրույցում:

Դերասանուհին նշել է, որ «Եթե գտնեմ քեզ» սերիալի ավարտից հետո հասցրել է կարճ դադար ունենալ.«Մոտ մեկ ամիս վայելեցի հանգիստս, ինչն էլ բավարար էր: Տեսակով այնպիսին եմ, որ եթե հանգստի իմ չափաբաժինը լրացավ, երկարեց, խելագարվում եմ, ուզում եմ կրկին ընթացքի մեջ լինել»:

Ռոզի Ավետիսովան


Պորոդյուսեր Սերժ Նալբանդյանի հեռախոսազանգն էլ չի ուշացել.«Նա ինձ հրավիրեց քասթինգի, որոշ ժամանակ անց իմացա, որ դերս հաստատվել է, եւ սկսվեց նախապատրաստական ընթացքը: Ի դեպ, ամենավախենալու փուլն է, երբ չգիտես` ինչ կլինի»:

Դերասանուհին նշել է, որ ամեն առաջարկ չի ընդունում, նաեւ պատմել է, թե ինչ մտավախություն է ունեցել մինչ նկարահանվելը.«Գիտեի, որ ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, ում հետ աշխատելու փորձ ունեցել եմ: Վստահում էի թիմին, ինչը շատ կարեւոր է եւ հեշտացնում է աշխատանքդ. դու գիտես, որ այն, ինչ կանես, կամ ինչ կարվի, կլինի ճիշտ, չափի մեջ: Միակ կասկածը, որ ունեի, իմ խաղին էր վերաբերում, քանի որ սիթքոմում սահմաններ գծելը միանգամայն այլ է: Այստեղ կա թատերայնության տարր, ինչը նշանակում է՝ կերպար ստեղծելիս պետք է չափերը չանցնել. բոլորը պետք է լինեն միմյանց համահունչ»:

Խմբագրություն.am սիթքոմի դերասանական կազմը


Ռոզին խոստովանել է, որ սա իր գործունեության բացառիկ դեպքերից է, երբ աշխատանքից լիարժեք հաճույք է ստանում.«Ամեն ինչ ինձ համար նոր է, հետաքրքիր: Նկարահանումները տաղավարային են, փայլուն գործընկերներ ունեմ, շատ լավ անձնակազմ, ինչի շնորհիվ, չնայած հոգնածությանը, ուրախ եւ պոզիտիվ նկարահանումներ ենք ունենում: Փոփոխությունը հետաքրքրացնում է դերասանի աշխատանքը: Գուցե մի փոքր էգոիստաբար հնչի, բայց այն, ինչ անում եմ, առաջին հերթին իմ հաճույքի համար եմ անում, եւ կարծում եմ` ցանկացած մասնագիտություն ունեցող մարդ պետք է առավելապես բավարարված լինի իր աշխատանքից»:

Սիթքոմում Ռոզին հանդես կգա խմբագրության տնօրենի քարտուղարուհու` Անուշի կերպարում.«Ինձ հետ բացարձակ կապ չունեցող կերպար է, ով ունի բամբասչիության նոտա, եւ կերպարիս գործողությունների 90 տոկոսը դրա հետ է կապված: Շատ ակտիվ, արագախոս, երբեմն նաեւ ռեակտիվ կերպար է»:

Ռոզի Ավետիսովան


Ի դեպ, այս շրջանում նա հրաժարվել է երկար վարսերից` հեռուստադիտողներին նոր կերպարով ներկայանալու համար.«Պետք էր կտրուկ փոփոխություն անել, բայց այս անգամ մի փոքր դժվար հրաժարվեցի վարսերիցս, մոտ երկու շաբաթ դեպրեսիա ունեցա, բայց այժմ գոհ եմ:)»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռոզիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին