×


Ռուսական կինոյի շաբաթվա բացման հյուրերը եւ անվճար կինոդիտումները

Սեպտեմբերի 14-ին մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը, եւ այդ առիթով Հայաստան են ժամանել ռուս կինոգործիչներ, որոնք ներկայացնում են իրենց կինոարտադրությունը։ Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած առաջին ցուցադրությանը ներկա էին ռուս հյուրերը, հայկական կինոյի ու հեռուստատեսության ներկայացուցիչներ եւ կինոսերներ։

Հայաստանում ռուսական կինոյի շաբաթվա բացմանը


Ռուս կինեմատոգրաֆիստները հայ հանդիսատեսին կներկայացնեն տարբեր ժանրերի ֆիլմեր, այդ թվում՝ «Համադասարանցիներ», «Ճակատամարտ Սեւաստոպոլի համար»,  «Գումարտակ» ֆիլմերը, մի խումբ ռեժիսորների կողմից Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում նկարահանված «Առանց Սահմանների», Աննա Մելիքյանի «Սիրո մասին» («Կինոտավր» կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» եւ «Ոսկե արծիվ» մրցանակակիր) մելոդրաման, «Նախաճաշ հայրիկի մոտ» կատակերգությունը, «Մաքուր արվեստ» դեդեկտիվ ֆիլմը,  «Ուրվականը», «Ուղղիչ դասարան» սոցիալական դրաման, երեխաների համար նախատեսված «Գայլեր եւ ոչխարներ. խե-ե-ելահեղ կերպարանափոխություն» անիմացիոն ֆիլմը, նաեւ հայտնի «Դուխլես» ֆիլմի շարունակություն «Դուխլես 2»-ը եւ կինոռեժիսոր Արտյոմ Միխալկովի դեբյուտային աշխատանքը՝ «Խաղասեղանին սերն է»՝ Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ:

Ռուսական կինոյի շաբաթը բացվել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդեւի «Անձնակազմ» դրամա-թրիլերով, որի պրեմիերան տեղի է ունեցել  2016-ի ապրիլին: Այս տարվա ռուսական ամենաեկամտաբեր կինոնկարից մեկը երիտասարդ օդաչու Ալեքսեյի մասին է. թե նա ինչպես է իրեն դրսեւորում նոր աշխատավայրում, սիրահարվում երկրորդ օդաչու Ալեքսանդրային, երկրաշարժի ժամանակ իր գործընկերների հետ երկու ինքնաթիռով կյանքի ու մահվան կռիվ տալիս։

Կարեն Ղազարյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Ֆիլմի դերակատարներից Եկատերինա Շպիցան, որն առաջին անգամ է Հայաստանում, միջոցառմանը ներկայացել էր հայկական տարազով։ Նա ուրախությամբ նշել է, որ մեկի փոխարեն իր մասնակցությամբ մի քանի ֆիլմ է ցուցադրվելու.«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ պատմել «Անձնակազմ»-ի մասին։ Հիմա ցուցադրվում է ոչ պաշտոնական պաստառը, որովհետեւ պաշտոնականի վրա ես չկամ. ինքնասիրությունս շոյվեց:)։ Ֆիլմի համար երկար քասթինգ է անցկացվել, նույնիսկ ես, չնայած իմ պատանեկան տեսքին, մասնակցել եմ գլխավոր հերոսուհու քասթինգին, բայց չեմ ափսոսում, որ բորտուղեկցորդուհու կերպարում եմ: Բարդ նկարահանումներ էին՝ մրսած էինք, քաղցած ու չքնած, եթե մյուսները տաք վերարկուներով էինք, մենք համազգեստով էինք։ Ոչ մի երեխա չի տուժել, նրանք քաջաբար դիմանում էին գիշերային նկարահանումներին։ Միջազգային թիմ էր հավաքվել. ունեինք ֆրանսիացի, չինացի արտիստներ, օգտագործում էի անգլերենի ու ֆրանսերենի ողջ իմացությունս, չնայած՝ այդքան էլ լավ չեմ տիրապետում։ Կարծում եմ՝ ուժեղ ֆիլմ է հույսի, ուժի, սիրո մասին»։

Բացման հանդիսավարներ Նազենի Հովհաննիսյանն ու ռուսական կինոյի շաբաթվա կազմակերպիչ, «Ռուսական վերածննդի» գործադիր տնօրեն Դմիտրի Դավիդենկոն հայտնել են, որ Ռուսաստանում 2016 թվականը հայտարարված է ռուսական կինոյի տարի.«Աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են այսպիսի շաբաթներ։ Հայաստանում Ռուսաստանի օրերի մեկնարկը տրվել է Գյումրիում՝ օգոստոսի 20-ին։ Հայաստանի տարբեր քաղաքներում ելույթ են ունեցել ռուսական մշակույթը ներկայացնող խմբեր։ Մշակութային արժեքները կարող են քանդել քաղաքական պատնեշները։ Մաղթում ենք հաճելի դիտումներ ու բարի մշակութային շաբաթ», - ասել են նրանք։

Նախագծի գործընկեր «Շարմ» պրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը հայտնել է, որ ռուս գործընկերների հետ փորձում են հանդիսատեսին ներկայացնել ժամանակակից ռուսական կինոարվեստի լավագույն նմուշները։

Հերմինե Ստեփանյանը


Երեւանի «Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոն»-ի տնօրեն Մարկ Կալինն էլ կարծում է, որ Հայաստանում ռուսական կինեմատոգրաֆը պահանջված է եւ մեծ ուշադրություն է վայելում.«Դրա հաստատումը Հայաստանում անցկացվող կինոփառատոններում ներառված ռուսական կինոյի ծրագիրն է, օրինակ՝ «Ոսկե ծիրան», «Կին» փառատոնները, «Ռեանիմացիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը եւ այլն: Հայ հանդիսատեսը նրբորեն զգում եւ հասկանում է արվեստը»:

Մինչեւ սեպտեմբերի 18-ն անցկացվող կինոդիտումների համար հանդիսատեսի մուտքն ազատ է: Ռուսական ֆիլմերը ցուցադրվում են Երեւանում, Գյումրիում ու Աբովյանում: Կինոցուցադրությունների հիմնական վայրերն են՝ Երեւանում՝ «Մոսկվա» կինոթատրոնն ու Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը, Գյումրիում՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Աբովյանում՝ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW