×


Սեյրան եւ Մարինա. Ընկերությունից մինչեւ ռոմանտիկ սեր

Թատերական համալսարանը ճակատագրական եղավ Սեյրան Մովսիսյանի եւ Մարինա Մնացականյանի համար: Երկուսն էլ չէին պատկերացնի, որ առաջին հայացքից ամուր ընկերությունը մի օր կվերածվի հեքիաթային ու մեծ սիրո: Երիտասարդ դերասաններն իրենց ռոմանտիկ հարաբերությունների հետաքրքիր դրվագները պատմել են BRAVO.am-ին եւ, իհարկե, լուսանկարվել մեր նոր ֆոտոշարքում:

Առաջարկությունը՝ հոլիվուդյան ձեւով

Մարինա. Ծանոթացել ենք համալսարանում: Լավ ընկերներ ենք եղել ի սկզբանե, բայց շատ ենք կռվել: Ամենաթեժ կռվի ժամանակ բոլորի մոտ ասացի, որ էլ չեմ խոսելու իր հետ: Եղել է, որ 4-5 ամիս չենք խոսել: Կուրսի հավաքույթի ժամանակ խոստովանեց, որ սիրում է, ու սկսվեց ամեն ինչ: Սկզբում միշտ ասում էի՝ չգիտեմ, կամուկացի մեջ էի: Բայց Սեյրանը կարողացավ այնպես անել, որ «չգիտեմը» դառնա հստակ «այո»:

Սեյրան Մովսիսյանը եւ Մարինա Մնացականյանը


Սեյրան. Մարինային ֆիքսել էի դեռ ընդունելության քննությունների ժամանակ: Շատ ակտիվ էր, անընդհատ խոսում էր (ժպտում է,- հեղ.): Բայց մտածեցի՝ թող ընդունվենք, գնանք համալսարան, ծանոթանանք: Ու այդ ընթացքը տեւեց 3 տարի: Անցած տարի առաջին ձյունն էր եկել (Մարինան ձյուն շատ է սիրում,-հեղ.), Սուրբ Զորավոր եկեղեցու բակում առաջարկություն արեցի, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում են անում՝ ծնկի իջած: Պատասխանը վերջապես դրական էր:

Տուժածներ չկան :)

Մարինա. Լավագույն զույգերն ընկերներ են: Դու ճանաչում ես նրան ու չունես նրան ապացուցելու ոչինչ: Սեյրանն ինձ տեսել էր թե՛ առանց շպարի, թե՛ ներկայացումից հետո հոգնած, թե՛ լացելիս: Ես իրենից ոչինչ չունեի թաքցնելու: Մեր հարաբերությունները կառուցվեցին անկեղծության վրա, ու դա ամենաամուր հիմքն է:

Սեյրան. Մինչ Մարինային հանդիպելը մտածում էի, որ կնոջ եւ տղամարդու միջեւ հնարավոր է ամուր ընկերություն, բայց հիմա կարծում եմ` կա՛մ կողմերից մեկը կսիրահարվի, կա՛մ երկուսն էլ միաժամանակ: Մեր դեպքում ընկերությունը չի տուժել: Ընկերությունը միայն օգնել է մեզ: Երկուսս էլ շատ ընկերներ ունենք: Բայց հիմա ամեն ինչ կիսում ենք միմյանց հետ:

Մարինա Մնացականյանը եւ Սեյրան Մովսիսյանը


Սե՞ր, թե՞ հարգանք

Սեյրան. Սերը կարծես բանկում դրված մեծ գումար լինի, որ միշտ կարող ես վերցնել, երբ կարիք լինի: Այսինքն՝ ինչքան էլ հարգանք ձեւավորվի, մի օր քեզ այդ գումարը պետք է գալու (ժպտում է,-հեղ):

Ա՜խ, այս դյուրահավատ աղջիկները :)

Սեյրան. Մարինայի գլուխը ցավում էր, ասացի, որ ֆոլգայի վրա քսուք ես քսում եւ դնում ճակատիդ, անցնում է: Հավատաց: Այդպես դրել էր ճակատին ու սպասում էր, թե գլխացավը երբ պիտի անցնի: Մի անգամ էլ ջերմության մեջ վառվում էի, հիվանդ էի, ձեւացրի, թե մահանում եմ, ու նա, դե, գուշակեք, հավատաց: Նույնիսկ հոգիներին է հավատում (ծիծաղում է,-հեղ.): Երբ միասին բեմում ենք, միշտ ծիծաղեցնում եմ, եւ իմ պատճառով նկատողություն է ստանում կուրսղեկից:

Սեյրան Մովսիսյանը եւ Մարինա Մնացականյանը


Փոփոխություններ

Մարինա. Միակ նմանությունն այն է, որ թե՛ ես, թե՛ Սեյրանը շատ բարի ենք: Ես էմոցիոնալ եմ, իսկ նա ավելի զուսպ է: Իմ դեպքում ծայրահեղությունից ծայրահեղություն է: Կարծում եմ՝ պետք էլ չէ, որ նման լինենք, չէ՞ որ մինուսն ու պլյուսը միշտ ձգում են: Իհարկե, մենք էլ ունենք մեր խնդիրները, մեր վեճերը: Բայց ամեն ինչ բալանսի մեջ է: Ընդունել ենք իրար այնպիսին, ինչպիսին կանք, բայց միեւնույն ժամանակ՝ փոխել ենք իրար: Սեյրանն ինձ է փոխել, բայց չի դարձրել իր նման: Ես էլ իրեն եմ փոխել: Հիմա բաժանում ենք մեր կյանքը՝ իրար հանդիպելուց առաջ եւ հետո:

Հարաբերություններն օրինականացնելու մասին

Սեյրան. Մենք սիրում ենք իրար, ու դա ամենակարեւորն է: Իհարկե, այդ օրը սարերի հետեւում չէ, բայց չենք շտապում: Դեռ շատ ծրագրեր ունենք: Մեր կյանքում միշտ ամեն ինչ լինում է իր ժամանակին: Դրա ճիշտ ժամանակն էլ կգա:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է Aperitivo Yerevan սրճարանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW