×


Սերգեյ Սարգսյան.«Նրանք գաղտնի եղանակով տեղյակ են այդ մասին»

Նրան շատերը ծանոթ են հեռուստաէկրանից: Նա Հայաստանի քաղաքական սատիրայի հայտնի ներկայացուցիչներից է: Քչերն են, սակայն, տեղյակ, որ «ԱրմՔոմեդի»-ի Սերգեյը նաեւ բանասիրական գիտությունների թեկնածու է, թարգմանիչ, հանրային կապերի մասնագետ եւ դասախոս: BRAVO.am-ը բացառիկ կարգով ներկա է գտնվել Հայաստանի ամերիկյան համալսարանում նրա դասախոսությանն ու լուսանկարել է ընթացքը:

Սերգեյ Սարգսյանը դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում


-Սերգեյ, ե՞րբ եք սկսել դասավանդել:
- 2006-ին՝ անմիջապես թեկնածուական ատենախոսությունս պաշտպանելուց հետո: Այն ժամանակ Բրյուսովում էի դասավանդում` անգլերեն քերականություն, մինչեւ առաջարկեցին մշակել առարկա՝ հիմնված միջազգային կազմակերպություններում աշխատելու փորձիս վրա. սովորեցնում էի դրամաշնորհներ գրելու եւ դրանց հետ աշխատելու հմտություններ: 2016-ի սեպտեմբերից առաջարկեցին աշխատել ՀԱՀ-ում եւ դասավանդել հանրային կարծիքի ձեւավորման հմտություններ:

-Դասախոս լինելուն հե՞շտ եք վարժվել:

-Ծայրահեղ մեծ հաճույք եմ ստանում դասախոսություններից: Բացի հետաքրքիր, միասնական խնդիրներ լուծելուց, նաեւ ինքս նոր բաներ եմ սովորում եւ «ստիպված» եմ լինում թարմացնել գիտելիքներս PR ոլորտում, որ նոր թեմաներ մատուցեմ ուսանողությանը:

Սերգեյ Սարգսյանը


-Ձեր հայտնի լինելն ինչպե՞ս է անդրադառնում ուսանողների հետ շփման  եւ դասընթացի վրա:
-Կարծում եմ՝ նրանք գաղտնի եղանակով տեղյակ են իմ հեռուստահաղորդման մասին:):

- Իսկ լուսանկարվելու ցանկություն հայտնո՞ւմ են:
-Դե… մեկ-մեկ լուսանկարվում եմ, բայց անծանոթ ուսանողների հետ:):

-Իսկ Ձեր ուսանողներին  ինչպե՞ս եք մոտիվացնում, երբ նկատում եք, որ այդքան էլ ջանասիրաբար չեն  պատրաստվում  դասերին:

-Մոտիվացնում եմ միայն լավ գնահատականի հեռանկարով:

Սերգեյ Սարգսյանի դասախոսության ժամին


-Ինչպիսի՞ն  են  այսօրվա ուսանողները:
-Հիմնականում շատ մոտիվացված ու նպատակասլաց են: Կարծում եմ՝ քչացել են ձեւական ընդունված ուսանողները, մեծ հաճույքով են սովորում ու մասնակցում գիտական մարտահրավերներին:

-Հետաքրքիր դեպքեր կպատմե՞ք  դասապրոցեսներից:
-Ուսանողներից մեկը մի անգամ ասաց, որ իմ դասաժամերին գալիս է էներգիա ստանալու՝ հաջորդներին դիմանալու համար:

-Իսկ ո՞վ է Ձեր համար եղել այն դասախոսը կամ ուսուցիչը, որ ոգեշնչել, դրական էներգիայով է լիցքավորել:
-Ալլա Սերգեեւնան՝ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհին:



-Ինչպիսի՞  կարեւոր հատկանիշներ պետք է ունենա դասախոսը:

-Պետք է կարողանա ցանկացած դժվար թեմա հետաքրքիր եւ ինտրիգային ներկայացնել: Դասախոսական աշխատանքը մեծ էներգիայի աղբյուր է, որը որակապես բարելավում է ստեղծագործական աշխատանքը:

Զրուցեց Անի Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին