Գծանկար, քանդակ, լուսանկար եւ գիֆ-արտ` Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում Արշիլ Գորկու մոր` Շուշանիկի կերպարը մարմնավորած Լուսնակը երեկ «Նուռ» ցուցասրահում ներկայացրեց իր բազմաժանր աշխատանքները: Կանադահայ նկարչուհու` «Հով արեք» երգից ոգեշնչված եւ «Սրտիս դարման» խորագիրը կրող այս ցուցահանդեսում արտացոլված են մարդու արարքների հետեւանքները` էկոլոգիական աղետ, պատերազմ, ցեղասպանություն, ատելություն միմյանց նկատմամբ:
Լուսնակը, լինելով դերասանուհի, երգչուհի եւ երգահան, արդեն քսան տարի է` ինչ հայտնի է նաեւ որպես նկարիչ: «Սերն ամենամաքուր եւ անարատ զգացմունքն է, սակայն սեր զգալու համար անհրաժեշտ է հակագազ կրել»,- նշեց արվեստագետը եւ հավելեց, որ բոլորս էլ գիտենք, որ միակ արժեքը սերն է, սակայն կարեցածի չափ խեղդում ենք այն:
Լուսնակի «Սրտիս դարման» խորագրով ցուցահանդեսին
Նրա կերպարներից Վեներան` սիրո աստվածուհին, նույնպես կրում է հակագազ` բնության ախտոտվածությանը դիմակայելու համար: «Ես ստեղծել եմ Վեներային, որպեսզի նա մեզ պատմի սիրո մասին, բացահայտի այն աշխարհը, որտեղ մենք ենք ապրում: Մեր մոլորակի թոքերը կանաչ անտառներն են, որտեղ զբոսանքի դուրս եկած Վեներան հակագազ է կրում: Հակագազը խորհրդանշում է մեր կործանիչ զորությունը»,- բացահայտեց նկարչուհին եւ հավելեց, որ Վեներայի կերպարի հետ աշխատում է արդեն քսան տարի:
Ցուցադրված է նաեւ լուսանկարների այնպիսի շարք, որտեղ սիրահար զույգը, կարողանալով փրկվել աղետից, ապրում է ապագայում` կերպարանափոխված եւ հակագազ կրելով:
Լիլիթ Հովհաննիսյանը, Արման Նուռը եւ Լուսնակը
Բացահայտելով կերպարների իրական կյանքը՝ Լուսնակը մեզ հայտնեց, որ զույգը բաժանված է, եւ իրեն երախտիք են հայտնել գեղեցիկ բաժանման համար:
Ներկայացված է նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի հակագազի նմուշներից վերցված քանդակներ:
Ցուցադրության համադրող եւ «Նուռ» ցուցասրահի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են ծանոթացել Լուսնակի հետ եւ նրա աշխատանքներին. «Լուսնակի հետ առաջին անգամ ծանոթացել ենք Ֆլորենցիա քաղաքում, երբ Նուռը մասնակցում էր այնտեղի բիենալեին: Կանադահայ լուսանկարչուհին եւս իր արվեստն էր ներկայացում: Ծանոթացանք, նա էլ խոստովանեց, որ երբեւէ չի ունեցել ցուցադրություն Հայաստանում, եւ մենք սիրով նրան հրավիրեցինք մեր ցուցասրահ` առաջին անհատական ցուցադրությունը կատարելու: Մեր ծանոթությունից երկու տարի անց կատարվեց մեր եւ Լուսնակի ցանկությունը»:
Լուսնակի «Սրտիս դարման» խորագրով ցուցահանդեսին
Ներկաներից շատերին գրավել էին Կոմիտասի խզանկարները: Արվեստագետը խոստովանեց, որ իր ազգային պատկանելիությունն արտահայտում է Կոմիտասի կերպարով:
«Եթե մոտիկից ես նայում արվեստագետի գործերին, կարող ես տեսնել նրա ինքնությունը: Իմ ինքնությունն այստեղ Կոմիտասն է: Այս շարքով ես ներկայանում եմ ոչ միայն մոլորակի բնակիչ, այլ նաեւ հայ մարդ, որի հավաքական կերպարն արտացոլում եմ Կոմիտասի խզանկարներով»,- խոստովանեց նկարչուհին:
Լուսնակի «Սրտիս դարման» խորագրով ցուցահանդեսին
Ներկաներից Ռուդոլֆ Խառատյանն ու կինը՝ Թանիա Շիշմանյանը, կիսվեցին իրենց տպավորություններով.«Կոմիտասի խզանկարներից տխրություն, սեր, խորիմաստություն է արտացոլվում: Ըմբռնումն ավելի խոր է, շատ ավելի հզոր, տեխնիկան` հրաշալի: Նա կարողացել է լիովին ներկայացնել կերպարը»:
Խառատյանի տիկինը պատմեց նաեւ, որ Լուսնակի հետ ծանոթ են դեռեւս 80-ական թվականներից` Մոնրեալ քաղաքի հայկական պարախմբից, երբ արվեսագետը պրպտումների մեջ է եղել:
Արման Նուռը
Արման Նուռի վստահեցմամբ` ցուցադրությունը սպասելի էր շատերի համար, չնայած, որ համեմատություններն առաջին հայացքից անսպահելի են, ինչ-որ չափով էլ անընդունելի.«Մեր ծանոթությունից ի վեր ես երազում էի, որ Լուսնակի աշխատանքները ներկայացնենք մեզ մոտ, որպեսզի նա ճանաչելի լինի նաեւ Հայաստանում»:
Ցուցադրությունը գործելու է մինչեւ մայիսի 31-ը:
Տեքստը` Գայանե Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիաննա Պետրոսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: