“Շանթ” հեռուստաընկերության “Ժողովրդական երգիչ 1” նախագծի հաղթող Սեւակ Ամրոյանը նկարահանել է իր առաջին տեսահոլովակը` Սիլվա Կապուտիկյանի ու Վաչե Հովսեփյանի “Մի լացացնի” երգի հիման վրա:
Ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանն իր առաջին տեսահոլովակի նկարահանմանը
Տեսահոլովակի ռեժիսուրայով զբաղվել է “The Beautified Project” խմբի հիմնադիր եւ վոկալիստ Անդրե Սիմոնյանը, իսկ վերջինիս գաղափարներն իրականացրել է Հովհաննես Հովհաննիսյանը` նկարահանելով տեսահոլովակը:
““Մի լացացնի” երգն ինձ հաջողություն բերեց եւ սիրվեց բոլորի կողմից, որոշեցինք, որ առաջին տեսահոլովակս լինի այս երգի հիման վրա”,- BRAVO.am-ին պատմել է Սեւակ Ամրոյանը: Երգիչը նշել է, որ տեսահոլովակի ռեժիսոր է ընտրել Անդրե Սիմոնյանին` հավանելով նրա մտքերն ու գաղափարները, որոնք հաճախ տեղ են գտնում “The Beautified Project” խմբի տեսահոլովակներում. “Սցենարը, որն Անդրեն առաջարկեց իմ տեսահոլովակի համար, շատ հավանեցի, կարծում եմ, ստացվել է, ինչի համար էլ շնորհակալ եմ Անդրեին”:
“Մի լացացնի” երգի հիման վրա տեսահոլովակ է նկարվել
Անդրեն էլ BRAVO.am-ին պատմել է, որ Սեւակն իր մտերիմ ընկերներից է. “Առաջարկեց զբաղվել իր տեսահոլովակի ռեժիսուրայով, ես էլ համաձայնեցի: Ուզում էինք՝ այն նման չլիներ սարերում նկարվող ժողովրդական երգերի տեսահոլովակներին, լիներ մոդեռն ու ստանդարտներից դուրս: Սեւակից բացի նկարվել է նաեւ Գյումրու թատրոնի դերասան Ռազմիկ Բադալյանը”:
Նկարահանումները անցակցվել են Գյումրիում. “Այնտեղ մի շատ հին դուռ կա, որի մոտ նկարահանվել է նաեւ Մհեր Մկրտչյանը: Այդ դռան պատմությունն ենք ներկայացրել, գեղեցիկ կադրերով աշխատանք ենք ստացել. մեզ օգնեց Հովհաննես Հովհաննիսյանը, նա յուրահատուկ “աչք” ունի”,- ասել է Անդրեն:
Սեւակ Ամրոյանն ու Անդրե Սիմոնյանը
Անդրե Սիմոնյանը, Ռազմիկ Բադալյանը Սեւակ Ամրոյանն ու Սաշա Մհերյանը
“Երգին ու սյուժեին համապատասխան կոլորիտ էր պետք, ինչը կար Գյումրիում: Սյուժեի հիմքում մի սիրո պատմություն է, գեղեցիկ ներկայացված կարոտ ու թախիծ կա”,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանն ու հավելել,-“ Սեւակը միայն առաջին դուբլում էր կաշկանդվում, աշխատում էր տեսախցիկի հետ այնպես, կարծես 10 տեսահոլովակ ունի: Որպես առաջին տեսահոլովակ ստացված եմ համարում”:
Տեսահոլովակը պատրաստ կլինի մեկ ամսից, իսկ մինչ այդ Սեւակը պատրաստվում է եւս մեկ տեսահոլովակ նկարահանել “Սարերի հովին մեռնեմ” երգի հիման վրա, որը կլինի զուգերգ Սոնա Շահգելդյանի հետ:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հովհաննես Հովհաննիսյանի


×
16,504






