×


Սթինգը կյանքի է կոչել Փարիզի` ահաբեկչության վայր դարձած համերգասրահը

Մեկ տարի առաջ՝  նոյեմբերի 13-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում ողբերգական իրադարձությունների շարք էր, այսօր արդեն զոհերի հիշատակը վառ պահելու միջոցառումներ` ամբողջ երկրում: Անցած տարի նոյեմբերի 13-ին բազմաթիվ երաժշտասերներ Փարիզի հանրահայտ «Բատակլան» համերգասրահ էին գնացել ռոք-համերգ վայելելու, բայց այդ համերգը նրանցից շատերի համար ճակատագրական էր:

Սթինգի համերգով վերաբացվել է Փարիզի` ահաբեկչության վայր դարձած համերգասրահը


Ողբերգական դեպքերից հետո համերգասրահում լռություն էր տիրում շուրջ մեկ տարի, միայն ծաղիկներ եւ մոմեր էին դրվում սրահի առջեւ` հարգելու զոհվածների հիշատակը: «Բատակլան»-ի վերաբացումը կայացավ հիշատակի արարողություններից մեկ օր առաջ, եւ այդ պատասխանատու գործն իր վրա էր վերցրել հանրահայտ երգիչ Սթինգը: Նա իր համերգը սկսել է մեկ րոպե լռությամբ, այնուհետեւ ներկաներին տեղափոխել երաժշտության աշխարհ:
 
«Վերաբացելով համերգասրահը՝ մենք երկու միտք ենք ցանկանում ներդաշնակել: Նախ եւ առաջ, հիշում ու պատվում ենք նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը հարձակման ժամանակ՝ մեկ տարի առաջ: Ինչպես նաեւ տոնում ենք կյանքն ու երաժշտությունը, որի խորհրդանիշն էլ հենց այս պատմական համերգասրահն է: Այսպիսով, մենք հույս ունենք հարգանքի տուրք մատուցել եւ հարգել ինչպես կյանքն, այնպես էլ հիշատակը՝ հատկապես հիշելով այստեղ ընկածներին. մենք չենք մոռանում իրենց»,-ասել է սիրված երգիչը:

Սթինգը կյանքի է կոչել Փարիզի` ահաբեկչության վայր դարձած համերգասրահը


Հանդիսականներից շատերի աչքերին արցունքներ, ձեռքերին` վարդեր, իսկ շուրթերին` Սթինգի լեգենդար երգերը. միջոցառումը լի է եղել հուզիչ պահերով: Համերգին հրավիրված են եղել զոհվածների ընտանիքների անդամները, ինչպես նաեւ քաղաքական եւ մշակութային գործիչներ:

Սթինգն այս համերգով ռեկորդ է սահմանել. տոմսերի վաճառքը սկսելուց մեկ ժամ անց դրանք ամբողջությամբ վաճառված են եղել: Ֆրանսիացիների համար համերգասրահի վերաբացումը մեծ իրադարձություն է, նրանք համոզված են, որ հենց կյանքը սիրելով, տոնական մթնոլորտով եւ երաժշտությամբ են հաղթելու ահաբեկիչներին: «Բատակլան»-ը փարիզեցիների մշակութային խաչմերուկն է դեռեւս 1865 թվականից:

Սթինգի համերգով վերաբացվել է Փարիզի` ահաբեկչության վայր դարձած համերգասրահը


Հիշեցնենք, որ 2015թ-ի նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի տարբեր վայրերում իրականացված ահաբեկչական գործողություններից զոհվել է մոտ 130 մարդ: Ահաբեկիչները կրակ են բացել Փարիզի ռեստորաններից մեկում՝ սպանելով 11 մարդ, եւ պատանդ են վերցրել «Բատակլան» համերգասրահում անցկացվող ռոք-համերգի այցելուներին: Հատուկ ջոկատայինները գրոհել են համերգասրահը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ համերգասրահում ահաբեկչական գործողության զոհ է դարձել առնվազն 100 մարդ: Համերգասրահից փախած մարդիկ հայտնել էին, որ 7-8 ահաբեկիչ սառնասրտորեն գնդակահարում են հանդիսատեսներին:

Պատրաստեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW