×


Սիրո լեգենդի մրցույթի հաղթողներն հայտնի են :)

BRAVO.am-ը եւ Երեւանի կոնյակի գործարանը իր “ԱՐԱՐԱՏ“ ապրանքանիշով այսօր ամփոփում են Սբ. Սարգսի եւ Սբ. Վալենտինի տոներին նվիրված մրցույթի  արդյունքները:

Մրցույթի մասնակիցները պետք է շարադրության տեսքով ներկայացնեին իրենց սիրո լեգենդը: Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 15 շարադրություն:

BRAVO.am-ն ու Երեւանի կոնյակի գործարանն ամփոփել են համատեղ մրցույթի արդյունքները


Մրցույթի հաղթող է ճանաչվել Նարեկ Երեմյանը: Նա կստանա գլխավոր մրցանակը`
«Ախթամար» կոնյակ հուշանվերային փաթեթավորմամբ (0.7 լ), «Perrier-Jouët» շամպայն, շրջայց Երեւանի կոնյակի գործարանում` 2 անձի համար:

Երկրորդ տեղն է զբաղեցրել Հասմիկ Պողոսյանը. նա կստանա «Ախթամար» կոնյակ (0.7 լ): Երրորդ տեղում է Հասմիկ Ճաղարյանը, նա կստանա «Ախթամար» կոնյակ (0.5 լ):

BRAVO.am-ը եւ Երեւանի կոնյակի գործարանը շնորհավորում են հաղթողներին, որոնց շարադրությունները ներկայացված են ստորեւ:

Նարեկ Երեմյան


Շաքեն հավատում էր եւ նույնիսկ վստահ էր, որ ունի պահապան­հրեշտակ: Նա միշտ զգում էր այդ անտեսանելի ուժի ներկայությունը, ամեն քայլ անելիս ստանում լրացուցիչ ուժ, անհաջողությունները եւ վատ մարդիկ շրջանցում էին Շաքեին, իսկ բոլոր երազանքները իրականանում կայծակնային արագությամբ: Այդ պահապան հրեշտակը նրա նախազգացումն էր, ներքին լույսը եւ երջանկության գրավականը: Երբ Շաքեն փոքր էր, սիրում էր քայլել ձյան վրայով եւ իր ոտնահետքերին զուգահեռ տեսնել նաեւ նրանը:

Տարիներն անցնում էին երջանիկ եւ անհոգ: Շաքեն մեծանում էր, սովորում արվեստի պատմություն, օտար լեզուներ, սիրում ճանապարհորդել եւ լսել երաժշտություն: Հաճելի մեղեդիները թեթեւացնում էին ճանապարհը եւ դարձնում այն ավելի հետաքրքիր:

Մի գեղեցիկ օր նա սովորականի պես դուրս եկավ տնից, միացրեց երաժշտություն, մոտեցավ փողոցին` սպասելով կանաչ լույսին: Շարունակությունը նա հիշում էր արդեն աղոտ... մեծ արագությամբ ընթացող մեքենա, ծուխ, կանացի ճիչ եւ ինչ-որ աներեւակայելի ուժ, որն իրեն ետ նետեց ճանապարհից:

Շաքեն բացեց աչքերը, ցավում էր ամբողջ մարմինը, լույսը` ծակում աչքերը: Նա փորձեց հասկանալ` որտեղ է:

­ Ինչպե՞ս ես քեզ զգում,­ լսվեց մի ձայն` խախտելով Շաքեի մտքերի եւ ենթադրությունների շարանը: Խոսացողը մոտեցավ եւ օգնեց Շաքեին նստել: Աղջիկը բարձրացրեց աչքերը եւ ապշեց` այնքան ծանոթ եւ հարազատ թվացին այդ երիտասարդի` երկնքի նման կապույտ աչքերը: Կարծես կարդալով Շաքեի մտքերը՝ տղան ժպտաց:

- Հավանաբար ինձ այսպիսին չէիր պատկերացնում,­ ասաց նա,­ բայց դու մի անհանգստացիր, ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ, միայն թե չգիտեմ՝ ինչից սկսեմ: Մենք ունենք ընդամենը 7 րոպե: Շաքե, մենք իրական ենք, դու այն եզակի մարդկանցից ես, ով հավատում էր դրան, դա տարօրինակ է, բայց փաստ, մենք գոյություն ունենք բոլորի մոտ, պարզապես մարդիկ դրա մասին իմանում են միայն մահվանից հետո: Շաքե, ես քո պահապան հրեշտակն եմ, մենք ծնվել ենք նույն օրը, նույն վայրկյանին, դու երկրի վրա, իսկ ես՝ երկնքում: Ես քեզ հետ եմ եղել միշտ, պաշտպանել եմ քեզ ամեն դժվարություններից, իրականացրել քո ցանկությունները եւ երազանքները, ես գիտեմ ամեն ինչ քո մասին, քո բոլոր գաղտնիքները եւ տխրության պատճառները: Հաճախ ես ամենից շատ ցանկացել եմ դառնալ տեսանելի եւ պատասխանել քո բոլոր անպատասխան հարցերին, բայց գոյություն ունի երկու պայման, որոնք խախտելն արգելված է: Առաջինը` միշտ մնալ անտեսանելի: Ես փաստորեն խախտել եմ երկուսն էլ,­ ասաց հրեշտակը եւ ժպտալով նայեց Շաքեին: Վերջինս, ցնցված երիտասարդի ասածներից, կարողացավ միայն շշնջալ.

-Իսկ ո ՞րն էր երկրորդ արգելքը:

­Սիրահարվելը,­ առանց վարանելու պատասխանեց պահապանը,­ այո, Շաքե, ես քեզ սիրում եմ, եւ շատ վաղուց, ես պատրաստ եմ անել ամեն ինչ տեսնելու համար քո լուսարձակ ժպիտը, գեղեցիկ աչքերը, լսել անուշ ձայնդ եւ զգալ քո շունչը: Բայց լինել կողքիդ հնարավոր է միայն մնալով անտեսանելի: Դա է միակ ելքը: Մի քանի վայրկյանից դու կարթնանաս երկրի վրա` մոռանալով այն ամենն, ինչ տեսել եւ լսել ես, բայց խնդրում եմ՝ շարունակիր հավատալ, եւ ես միշտ կլինեմ քո կողքին, միշտ քեզ կսիրեմ: Տասնյակ տարիներ անց մենք կհանդիպենք, բայց արդեն երկնքում:

Շաքեն բացեց աչքերը, նա պառկած էր փողոցի մեջտեղում, ցավում էր ամբողջ մարմինը, շուրջը պտտվում էին անհանգիստ մարդիկ, լսվում լացի ձայներ: Մի ուժեղ ձեռք օգնեց նրան նստել:

­ Այս տղան քո պահապան հրեշտակն է, աղջիկս,­ լսվեց տատիկի լացակումած ձայնը, ­այն աշխարհից քեզ հետ բերեց, փրկեց սեւ մահի ճանկերից:

Շաքեն մեղմ ժպտաց տատիկին, բարձրացրեց աչքերը` տեսնելու համար իր փրկչին եւ ապշեց. այնքան ծանոթ եւ հարազատ էին այդ երիտասարդի` երկնքի նման կապույտ աչքերը:

Երեւանի կոնյակի գործարանի “ԱՐԱՐԱՏ“ ապրանքանիշի "Ախթամար" կոնյակը


Հասմիկ Պողոսյան
«Աննորմալը»


Տղան հարմար տեղավորվեց հոգեբանի դիմաց ու սկսեց իր պատմությունը:

- Ես անհույս սիրահարված եմ Նեֆերտիտիին ու ամբողջ հոգով ատում եմ նրա ամուսնուն` Էհնաթոնին: Այդ տականքը… ներեցեք… վռնդել է այդ իմաստուն, աստվածային գեղեցկության տեր կնոջը, ինչ է թե իրեն արու զավակ չի պարգեւում, եւ ամուսնացել քառակուսի դեմքով մի պլեբեյի հետ:

Ես հնագետ եմ: Բազմաթիվ նամակներ եմ գրել Բեռլինի թանգարանի ղեկավարությանը, որ ինձ թույլատրեն տեղադրել Նեֆերտիտիի երկրորդ աչքը, բայց նրանք չեն համաձայնվում: Ու հանկարծ համաձայնեցին: Մի փաստարկ նրանց համոզեց. նոր մարդկային հոսքը, որը կգա դիտելու երկակնանի Նեֆերտիտիին:
Ես նաեւ աչքի նյութն ունեմ` սեւ ծառը: Շրջել եմ Եգիպտոսում, գտել այդ ծառը եւ դրանից ճյուղեր բերել, քիմիական լուծույթներով “հնեցրել”…

Հիմա թանգարանի ղեկավարության հրավերով պետք է գնամ Բեռլին: Միայն մի բան է ինձ անհանգստացնում, որ բիբը տեղադրելիս հանկարծ ձեռքս չդողա: Չէ՞ որ դա միակ սերտ շփումն է լինելու իմ սիրած կնոջ հետ:

- Չի դողա,- վստահ ասաց հոգեբանը:

- Ես չեմ կարողանում ուրիշի սիրել,- շարունակեց երիտասարդը: - Իմ ողջ ուշադրությունը սեւեռված է բոլոր ժամանակների ու ազգերի ամենագեղեցիկ կնոջը: Այնքան եմ ամաչում:

- Կարիք չկա: Ամեն մեկս էլ մեր գաղտնիքներն ու ծածուկ ցանկություններն ունենք: Դուք ոչ մեկից չեք տարբերվում:

- Իրո՞ք: Իսկ ես կարծում էի, թե միայն ինձ նման աննորմալը կարող է սիրահարվել երեքուկես հազար տարի առաջ ապրած կնոջը:

- Ի՞նչ եք ասում,- քմծիծաղ տվեց կինը: - Դուք միակը չեք: Քսանհինգ տարեկանում ես հանդիպում էի իմ ապագա ամուսնու հետ: Այնքան խոր ու մտերիմ սիրով էինք կապված: Ու հանկարծ ձեռքս ընկավ Զորգեի կենսագրությունը… Այդ օրվանից քուն ու դադար չունեի: Ես սիրահարվեցի նրան, ուզում էի վերջ տալ մեր հարաբերություններին…

- Եվ ինչո՞վ այդ ամենն ավարտվեց:

- Ես չդադարեցի նրան սիրելուց, բայց ամուսնուցս էլ չհրաժարվեցի: Հասկացա, որ ամեն ժամանակաշրջան իր հերոսներն ունի: Հիմա մենք մի լավ աղջիկ ունենք: Դուք իրոք միակը չեք: Հերակլեսը սիրահարվել է իր սպանած թագուհուն, համակենտրոնացման ճամբարի հրեուհին սիրահարվել էր իրեն տանջող դահճին: Մի ռուս երիտասարդ սիրում էր վաղամեռիկ Աննա Գերմանին: Ռուդոլֆո Վալենտինոյի գերեզմանին երեսուն տարի շարունակ նրան սիրահարված կանայք ծաղիկներ են դրել: Ահա այսպիսի վիճակագրություն,- հառաչեց հոգեբանը:

Երիտասարդը հրաժեշտ տվեց կնոջը եւ խոստացավ Բեռլինից վերադառնալուց հետո կրկին այցելել: Մուտքից դուրս գալիս՝ թեթեւակի բախվեց մեկին: Հայացքը բարձրացրեց ու տեսավ մի հմայիչ աղջկա: Շատ նման էր հոգեբանին: “Հավանաբար աղջիկն է”,- անցավ նրա մտքով: - “Իրոք լավ է, որ ժամանակին չի հրաժարվել ամուսնուց”:

- Ներեցեք,- ասաց երիտասարդը: - Մտացրիվ էի, չնկատեցի:

- Ոչինչ,- ասաց աղջիկը: Նա ուզում էր վեր բարձրանալ, բայց տղան նրան կանգնեցրեց.

- Դուք հավանաբար հոգեբանի աղջի՞կն եք:

- Այո: Իսկ ի՞նչ կա: Մայրս տանը չէ՞ր:

- Տանն էր: Մենք զրուցեցինք: Բայց հետո էլի պետք է գամ ձեր տուն:

- Խնդրեմ:

- Իսկ դուք տանը կլինե՞ք:

Աղջիկը ծիծաղեց ու աստիճաններով վեր բարձրացավ:

…Մի քանի ամիս անց երիտասարդն ու նրա կինը` հոգեբանի աղջիկը, իրենց մեղրամիսը Գերմանիայում անցկացնելու հատուկ հրավեր ստացան Բեռլինի թանգարանից: Նրանք հրավիրված էին մասնակցելու այն ցուցասրահի վերաբացմանը, որտեղ տեղադրված էր Նեֆերտիտիի կիսանդրին:

Թանգարանի մուտքի մոտ մարդկային օվկիանոս էր ալեկոծվում: Բոլորն անհամբեր սպասում էին, թե երբ կտեսնեն ավելի գեղեցկացած Նեֆերտիտիին: Իր բացման խոսքում թանգարանի տնօրենը հատուկ շնորհակալություն հայտնեց երիտասարդին, որ նա գլխի է ընկել տեղադրելու երկրորդ աչքը եւ որ շատ համառ է գտնվել:

…Հոգեբանը գիտեր, որ վաղ թե ուշ երիտասարդի ոգեղեն սերը կփոխանցվի որեւէ հողեղեն աղջկա, ու չէր սխալվել: Հոգեբան է, չէ՞:

Երեւանի կոնյակի գործարանի “ԱՐԱՐԱՏ“ ապրանքանիշի "Ախթամար" կոնյակները


Հասմիկ Ճաղարյան
Ախթամար


Անտառում կար մի շատ փոքրիկ ու գեղեցիկ տնակ: Անցորդները մի քանի վայրկյան կանգ էին առնում` հիանալու համար այդ հրաշք տնակով: Մի չարաճճի աղջիկ հոր մահից հետո մենակ էր ապրում: Թամարա էր այդ փոքրամարմին գեղեցկուհու անունը:

Հետաքրքիրն այն է, որ նրա տնակի շուրջ միշտ շատ տերեւներ են լինում. հերիք է քամու ուճգնություն եւ տնակը կարող է տեղափոխվել: Թամարան տատիկից լսել էր, որ 45 տարի առաջ անտառում այնպիսի փոթորիկ էր բարձրացել, որ տնակը տեղից տեղ էր տեղափոխվել: Բայց Թամարան այդ առեղծվածին չէր հավատում:
Տնակից քիչ հեռավորության վրա կար մի քաղաք: Այնտեղ ապրում էին միմիայն թագավորը եւ նրա բոլոր հարազատ-բարեկամները: Թագավորին օտար մարդ իրավունք չուներ բնակություն հաստատել այդտեղ: Թագավորի տղան` Վարդանը, շատ էր երազում գտնել այնպիսի կին, ով իսկապես կսիրեր նրան, կլիներ իր կողքին:
Օրերից մի օր Վարդանն եղբայրների հետ գնում է անտառ` եղնիկի որսի: Անտառում նրանք տեսնում են Թամարայի տնակը: Մի քանի րոպե հիացած նայում են այդ տնակին.

- Ամեն ինչ ճիշտ հեքիաթի նման է, ինչպիսի դրախտային վայր, ինչպիսի շքեղություն, ես խոսքեր չեմ գտնում,- զարմանքով ասում է Վարդանի եղբայրներից մեկը:

- Լավ, լավ, ի՞նչ ենք այսքան երկար կանգնում այստեղ, արդեն մութն ընկնում է, շտա-պե՛նք, եղբայրներ,- շարունակեց Վարդանը` վերջին բառերը ասաց գրեթե կակազելով:

Վարդանը տեսավ Թամարային, մի պահ լռեց, ձեռքից ցած ընկան հրացանն ու ուսապարկը:

- Վարդան, Վարդան, դու չէի՞ր մեզ ասում շտապենք, առաջ ընկիր, ի՞նչ ես կանգնել,- գոռում են տղաները:

Վարդանը սիրահարված աչքերով անթարթ նայում էր աղջկան: Երբ Թամարան արդեն տուն էր ուզում մտնել, Վարդանը համարձակորեն խոսեց:

- Մի քիչ էլ մնա:

- Վայ, ես Ձեզ չնկատեցի, ի՞նչ է եղել, ինչո՞ւ եք ուզում մնամ դրսում, եթե ուզում եք, կարող եք ներս գալ, հոգնած կլինեք, Ձեզ տաք թեյ կարող եմ հյուրասիրել:
Վարդանը ընկավ մտորումների մեջ. ամեն դեպքում այդքան երազելի առաջարկը չկարողացավ ընդունել:

- Շնորհակալ եմ, օրիորդ, Դուք աննկարագրելի գեղեցիկ եք, ես ինձ լավ չեմ զգում, իմ մեջ ինչ-որ տարօրինակ կրակ սկսեց վառվել: Խնդրում եմ, հենց այս պահին էլ կարող եմ ծնկի իջնել Ձեր առջեւ, տվեք ինձ Ձեզ եւս մեկ անգամ տեսնելու հնարավորություն:

- Լավ, վաղը ես ազատ եմ, կարող եք ցանկացած պահի գալ, ես Ձեզ սիրով կհյուրասիրեմ: Իմ հայրիկը շատ հյուրընկալ անձնավորություն էր, անտառի որսորդներին կամ ուղղակի անցորդներին սիրում էր հյուրասիրել եւ դա անում էր հաճույքով: Բարեբախտաբար, ինձ էլ է փոխանցվել եւ արդեն սովորություն է դարձել: Հաջողություն:

- Ես վազեցի, եղբայրներս արդեն շատ հեռու են, մինչ նոր հանդիպում, գեղեցկուհի: Իսկ անո՞ւնդ, անունդ էլ ասա, քիչ մնաց մոռանայի:

- Թամարա,- ժպտալով պատասխանեց:

- Շատ հաճելի էր, Թամարա, իսկ իմ անունը Վարդան է,- գոռալով վազեց Վարդանը եւ անհետացավ սաղարթախիտ թփուտների մեջ:

«Վարդան, հետաքրքիր անուն ունես, ես քո մեջ ինչ-որ արտասովոր բան տեսա, դու լավ ու բարի մարդ ես երեւում: Աչքերդ շատ անկեղծ թվացին ինձ: Հուսով եմ` թագավորի քաղաքից չես, այլապես չեմ շարունակի շփվել: Ես այդ բարձրաշխարհիկ կանանցից չեմ, չէ, ես ինձ թույլ չեմ տա»,- սկսեց մտածել Թամարան:

Հաջորդ օրը Վարդանը միայնակ եկավ անտառ: Առավոտից անսովոր քամի էր բարձրացել, քաղաքը կորել էր փոշու մեջ, անտառում էլ հազիվ էր նշմարվում տնակը: Տնակին դեռ չհասած՝ փոթորիկ սկսվեց եւ տերեւները սկսեցին հետզհետե ծածկել տնակը: Քիչ անց տնակը անհետացավ: Վարդանը բացեց աչքերը. ի զարմանս նրա` ոչ տնակը կար, ոչ էլ աղջիկը: Տղան ծնկի իջավ եւ սկսեց գոռալ.

- Ախ, Թամար:


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW