×


Սկսնակ ու փորձառու երաժշտական բենդեր՝ Սեւանի հարթակում

Արդեն 5-րդ անգամ «Սեւան» միջազգային երաժշտական փառատոնը համախմբում է հայաստանյան եւ արտասահմանյան բենդերը՝ մեկ բեմից ներկայացնելու տարատեսակ ժանրեր եւ գունավորելու Սեւանի բնակիչների ու հյուրերի մշակութային կյանքը։ Այս տարի այն իրականացվեց օգոստոսի 3-ից 4-ը Սեւանա լճի առաջին հանրային լողափում եւ Սեւան քաղաքի Գրենոբլի հրապարակում։

Երաժշտությունը՝ զբոսաշրջության զարգացման խթան

«Սեւան երիտասարդական ակումբ» հասարակակական կազմակերպության անդամները 5 տարի առաջ որոշեցին նոր տոն բերել հայրենի քաղաք՝ փորձելով այդ կերպ լուծում տալ մշակութային կյանքին, բնապահպանությանն ու տնտեսական առաջընթացին վերաբերող մի շարք հարցերի։
«Արդեն 2-րդ տարին է, որ փառատոնն ընդլայնել ենք եւ տեւողությունը դարձրել 2 օր, քանի որ դիմորդների թիվը բավականին մեծ էր, ու առաջ էին եկել ժանրային տարբերություններ։ Առաջին օրն այն ընթանում է լողափին, իսկ 2-րդ օրը տեղափոխվում ենք քաղաք։ Թեեւ մենք ապրում ենք զբոսաշրջային գոտում, սակայն մեր քաղաքը չի օգտվում այդ հնարավորություններից, եւ այս կերպ փորձեցինք մեծացնել դեպի քաղաք զբոսաշրջիկների հոսքը»,- պատմում է «Սեւան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ, փառատոնի կազմակերպիչներից Գոհար Մնացականյանը։

Գոհար Մնացականյանը


Նրա խոսքով, վերջին 15 օրերի ընթացքում անձնակազմն անդադար զանգեր է ստացել զբոսաշրջիկներից ու ուղղորդել, թե ինչպես կարելի է հասնել Սեւան, որտեղ կարելի է գիշերել, ինչ զվարճանքի վայրեր կան։

Բազմաժանրություն եւ հավասար հնարավորություններ

Գոհար Մնացականյանը նշում է, որ ամեն տարի մասնակիցների ընտրության հարցում ունենում են որոշակի ժանրային նախապատվություններ։ Սովորաբար առաջին օրը ներկայանում են ռոք-խմբերը, իսկ երկրորդ օրն ավելի բազմաժանր է լինում՝ էթնո, ֆոլք, ինդի եւ այլն։

«Իրականում արվեստում կա սկսնակ եւ փորձառու ստեղծագործողների շերտավորում, սակայն մեր առաջնային նպատակն է կոտրել այդ կարծրատիպն ու նորաստեղծ խմբերին նույն հարթակի վրա տեսնել արդեն կայացած երաժիշտների հետ։ Օրինակ, այսօր ելույթ կունենան ինչպես Գյումրիի ռոք-դպրոցի սաները, այնպես էլ ավելի կայացած խմբեր, որոնցից է, օրինակ, Aratta-ն»,- մանրամասնում է Գոհար Մնացականյանը։


Գյումրու ռոք-դպրոցը ներկայացնող կիթառահար եւ մենակատար Հովհաննես Լոռեցյանը Bravo.am-ի հետ զրույցում պատմում է, որ իրենց նպատակն է ներկայացնել դպրոցի առաջընթացը՝ 2016 թվականի կազմավորումից մինչեւ օրս։

« Լսարանին նման էներգիա փոխանցող փառատոններն այնքան էլ շատ չեն։ Այս միջոցառումը հետաքրքիր է այն առումով, որ մեկ բեմում է համախմբում թե՛ երիտասարդ, թե՛ արդեն իսկ ճանաչում ձեռք բերած բենդեր՝ հնարավորություն տալով ավելի զանգվածային դարձնել իրենց երաժշտությունը։ Հուսով եմ՝ հանդիսատեսը սիրեց մեզ»,- նշում է նա։

Գյումրու ռոք դպրոցի սաները


Մարզայինից՝ միջազգային

Ի սկզբանե փառատոնը մարզային էր, սակայն 4-րդ տարուց սկսած մասնակիցների թվում ավելացան նաեւ բենդեր Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից։

«Դիմորդների թվում ունեինք հրաշալի խմբեր Իսրայելից եւ Ֆրանսիայից, սակայն չհաջողվեց գտնել ճանապարհածախսի համար ֆինանսավորում, եւ նրանք չժամանեցին Հայաստան։ Այս տարվա մեր հյուրերն են 2016 թվականին Վրաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրած Young Georgian Lolitaz խումբը եւ երկու ռուսաստանյան խմբեր՝ Каникулы на Марсе ու Хроники Края»,-մանրամասնում է Գոհար Մնացականյանը։


Ընդհանուր առմամբ, դիմում-հայտ ներկայացրած 53 խմբերից ընտրվեցին 15-ը, որոնց թվում էին հայաստանում արդեն հայտնի խմբեր Art Phoenix-ը, Rozen Tal-ը, «Կաթիլը» եւ «Խնձորի սոկ»-ը։

Հյուրերի տպավորությունները

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքը ներկայացնող Хроники Края խմբի կիթառահար եւ մենակատար Պարգեւ Վարդանյանը ծնունդով Այրիվանքից է։ Փոքր տարիքում ընտանիքով տեղափոխվել է Վոլգոգրադ, այնտեղ էլ ծանոթացել խմբի մյուս անդամների հետ։ 2016 թվականից Хроники Края-ն հանդես է գալիս ինդի երաժշտական ժանրում՝ փորձելով նոր առանձնահատկություններ հաղորդել դրան։

Խումբն արդեն իսկ համերգներ է ունեցել Գյումրիում, Սեւանի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում, Երեւանի մի շարք բարերում՝ կատարելով նաեւ Պարգեւ Վարդանյանի հեղինակած հայերեն երգերը։

Хроники Края խումբը


«Փառատոնի առաջին օրը ելույթ ունեցած խմբերն, իհարկե, լավն էին, սակայն այդ երաժշտությունն այնքան էլ մեր ոճը չէ։ Խմբերից մեկը՝ «Խնձորի սոկը» իսկապես պայթեցրեց բեմը, սակայն երկրորդ օրվա երաժշտությունն ավելի մոտ է մեր ոճին։ Հնչում են ազգային գործիքներ եւ հետաքրքիր փորձարկումներ մեզ ծանոթ գործիքներով, եւ սա մեզ ավելի տպավորեց»,- Bravo.am-ի հետ զրույցում նշում է խմբի կիթառահար եւ մենակատար Գրիգորի Դերբենցեւը՝ հավելելով, որ պատրաստ են իրենց մոտ հյուրընկալել հայաստանյան խմբեր ու համատեղ համերգներ կազմակերպել։

Խմբի մենակատար եւ ֆլեյտահար Ալինա Ալիկովան առաջին անգամ է Հայաստանում եւ հիացած է այստեղի բնությամբ։

«Թեեւ եղանակը շատ փոփոխական է, սակայն այստեղ հրաշալի տեսարաններ կան։ Սեւանա լիճն աննման է, այսպիսի գույն հազիվ թե հնարավոր լինի գտնել Ռուսաստանում որեւէ տեղ»։


Կամավոր աջակցություն՝ քաղաքի մշակութային կյանքին

Միջոցառումն ամբողջապես իրականացվում է մի խումբ կամավորների ջանքերով, իսկ ֆոնդհայայթմանն այս տարի աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Սեւանի քաղաքապետարանը, Գեղարքունիքի մարզպետարանը, բիզնես սեկտորի որոշ ներկայացուցիչներ։

Փառատոնի կամավոր Քրիստինե Ասատրյանն արդեն երկրորդ տարին է, ինչ աջակցում է կազմակերպչական աշխատանքներին։

«Պատրաստությունները սկսել ենք փետրվարից։ Ունենք մեծ թիմ, որը քրտնաջան աշխատում է միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ են մոտենում փառատոնի տարածքում գործող տեղեկատվական գոտուն, հետաքրքրվում՝ ինչ միջոցառում է իրականացվում, իսկ հետո գալիս եւ մասնակցում համերգային հատվածին»,- պատմում է նա։

Գայանե Ջաղինյանը, որ այս տարի եւս որոշեց միանալ փառատոնի թիմին, նշում է՝ դրա շնորհիվ սկսել է ավելի շատ սիրել ռոք-երաժշտությունը։
«Սեւանում մարդիկ քիչ են հետաքրքրվում նման մշակությային միջոցառումներով, իսկ փառատոնը հնարավորություն է տալիս ունկնդրել եւ ճանաչել ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան ռոք, ֆոլք եւ այլ ոճերում ստեղծագործող բենդերը»,-նշում է նա։

Քրիստինեն եւ Գայանեն


Միջոցառման տարածքում գործում են նաեւ տարատեսակ տաղավարներ, որոնք անվճար տրամադրվում են տեղացիներին՝ հնարավորություն ստեղծելով ներկայացնել եւ վաճառել իրենց արտադրանքը։

Գոհար Մնացականյանի խոսքով, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ Սեւանի նախկին զբոսայգում շուտով կկառուցվի բեմահարթակ, որը կհեշտացնի միջոցառման կազմակերպումը եւ կօգնի զարգացնել փառատոնային քաղաքի գաղափարը։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին