×


Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակ կներկայացնի

«Թե մի օր»` այսպես է կոչվում Սոնա Շահգելդյանի նոր երգը, որի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվում: Երգի երաժշտության հեղինակը երգահան եւ երգիչ Արայիկ Հովհաննիսյանն է, խոսքերը Գայանե Ավետիսյանինն են, ում հետ երգչուհին էլի է համագործակցել: Գործիքավորումը կատարել է Միքայել Մալյանը, հնչյունային ռեժիսորը Հմայակ Ռոստոմյանն է: Հագուստի դիզայնը Գեղամ Շերոյանինն է:

Տեսահոլովակի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է: Այս մասին BRAVO.am-ին ասել է Սոնան եւ հավելել. «Դանդաղ, լիրիկական, հիշվող, միեւնույն ժամանակ, բարդ երգ է: Սիրո մասին է: Չեմ ուզում շատ բացել փակագծերը, թող անակնկալ մնա: Խոսքերը, երաժշտությունը շատ գեղեցիկ, ներդաշնակ ու համահունչ են իմ ձայնին: Տեսահոլովակը նկարահանել է Լուսինե Մարտիրոսյանը: Նա ինձ համար ամենալավն է այս ասպարեզում: Այս տեսահոլովակը մեր թվով 3-րդ համագործակցությունն է»:

Սոնա Շահգելդյանը


Սյուժեի եւ իր կերպարի մասին Սոնան չի ցանկացել խոսել: Նշել է միայն, որ մտահղացումը ռեժիսորինն է: Միասին, թիմային աշխատանքով փորձել են գեղեցիկ տեսահոլովակ ստանալ: Վստահեցնում է` նոր Սոնա Շահգելդյանի կտեսնենք: Նրա խոսքերով` նկարահանումներն, ինչպես միշտ, անցել են ուրախ, դրական մթնոլորտում:

«Այլ կերպ չէր էլ կարող լինել: Իմ թիմում շատ դրական ու ուրախ մարդիկ են: Կարծում եմ` նրանք էլ իմ մասին նույն կարծիքին են: Նկարահանումներն անցել են եւ ստուդիայում, եւ բացօթյա: Անկեղծ ասած, նկարահանման նախորդ օրը բավականին ծանրաբեռնված էր ինձ համար. մոտ 2 ժամ էի քնել, բայց դա ինձ չխանգարեց նկարահանման հրապարակում ճիշտ եւ հաջողված ներկայացնել կերպարս: Աշխատանքից գոհ ենք թե՛ ես, թե՛ ռեժիսորը: Տեսահոլովակը հասանելի կլինի հունիսին: Առաջիկայում կրկին նորություններ կլինեն` երգեր, տեսահոլովակ եւ, իհարկե, համերգ»,- ասել է Սոնան:

Սոնա Շահգելդյանը


Ի դեպ, տեսահոլովակի նկարահանումներն առանց զավեշտալի միջադեպի չեն անցել: Ինչպես նշել է երգչուհին, նկարահանումները պետք է իրականացվեին Մասիս քաղաքում: Երգչուհին նկարահանող խմբի մի մասի հետ ուղեւորվել է այնտեղ, սակայն ճանապարհին ուրախ զրույցով տարվելով՝ շեղվել եւ բոլորովին այլ վայր են հասել:

«Միջադեպն, իսկապես, բարձր տրամադրություն է ապահովել: Շատ ծիծաղեցինք: Հետո, բնականաբար, միացանք նկարահանող խմբի մյուս անդամներին եւ սկսեցինք մեր աշխատանքը»,- եզրափակել է Սոնան:

Տեքստը`Հասմիկ Միկչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Սոնա Շահգելդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին